21 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ բերանը կարված վիճակում էր ներկայացել իր գործով դատական նիստին։ 30-ամյա Տիգրանը, ի թիվս այլ առողջական խնդիրների, բավականին թույլ և նվազ էր՝ երկարատև հացադուլի և ջրադուլի պատճառով։
Պաշտպան Կարլեն Ավագյանը, հաշվի առնելով առողջական այս առաջ եկող ահազանգը, երեկ կրկին դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներից ցանկացած որևէ մեկը։ Միջնորդությանն անգամ միացավ տուժող կողմը․ վերջինս իր հերթին ևս դիմեց դատարանին՝ Տիգրանի վատառողջ լինելու հանգամանքը շեշտելով, սակայն դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, կրկին մերժեց այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ․
«Ոչ մի բան հաշվի չառավ դատարանը։ Ո՛չ այն, որ Տիգրանը տևական ժամանակ է հացադուլի և ջրադուլի մեջ է, ո՛չ այն, որ դաստակները վնասված վիճակում են, և ո՛չ էլ բերանի կարված լինելու և կորոնավիրուսի հանգամանքները։ 30 տարեկան պաշտպանյալս դեպի մահն է գնում»,- Forrights-ի հետ զրույցում ասաց պաշտպան Ավագյանը։
Տիգրան Բադալյանի առողջական վիճակի մասին բարձրաձայնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ ներկայացուցիչները, կալանավորին տեսակցելուց և առանձնազրույց ունենալուց հետո, գրություն են հասցեագրել Արդարադատության նախարարություն՝ բարձրացնելով նրան հիվանդանցող տեղափոխելու հարցը․
«Պաշտպանի ներկայացուցիչներին Բադալյանը տեղեկացրել է, որ դադարեցրել է ջրադուլը։ Նրա գիտակցությունը եղել է պարզ, բերանը՝ կարված, առողջական վիճակին առնչվող հարցերը քննարկվել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժիշկների հետ»,- մեր հարցմանն ի պատասխան, պարզաբանել են ՄԻՊ-ից։
ՊՈԱԿ-ը․ այնինչ, ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն չի տեսնում։ Forrights-ի հետ զրույցում կենտրոնից նշեցին, որ կալանավորի առողջական վիճակը գնահատվում է բավարար․ տրամադրվում է մշտական բժշկական օգնություն և «ներկայում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու և ստացիոնար պայմաններում բուժում նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Տիգրան Բադալյանը նման ծայրահեղ քայլի է դիմել «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։
Ըստ մեղադրանքի՝ Տիգրանն իր համագյուղացու բնակարանի պատուհանը բացելով և ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով’ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը’ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է մեկ այլ համագյուղացու։
Ինչպես Տիգրանի փաստաբանը, այնպես էլ մայրը պնդում են՝ տղան չի գողացել, այլ փողոցի կողքից է գտել թիթեղները։ Ավագյանի պնդմամբ՝ քրեական գործում որևէ ապացույց չկա, որ հենց Տիգրանն է կատարել մեղսագրվող արարքը․
«Դատական գործընթացն արդար չի գնում, կասկածներ ունեմ նրանց անաչառության վերաբերյալ։ Անգամ տուժողներն են հայտարարում, որ համոզված չեն, թե հենց Տիգրանն է իրենց տանից գողություն կատարել, էլ ինչի մասին է խոսքը»։
Երեկ դատախազն իր մեղադրական ճառում 5 տարի ազատազրկում պահանջեց Բադալյանի՝ «15․000 ՀՀ դրամ արժեցած ենթադրյալ գողության համար»։ Հաջորդ նիստին պաշտպանական ճառով հանդես կգա Կարլեն Ավագյանը, ով կներկայացնի այն փաստերը, որոնք ապացուցում են, որ Տիգրանն անմեղ է։
Այս ողջ ընթացքում Forrights-ի հետ կապի մեջ գտնվող Տիգրանի մայրը՝ տիկին Մարինեն, հույս ունի՝ արդարությունն ի վերջո անպայման կվերականգնվի․
«Ես հանցագործ չեմ թաքցնում։ Եթե իրոք ինքը գողացած լիներ, առաջինը ես կթքեի երեսին ու ձեռքը բռնած ոստիկանություն կտանեի։ 3 տարեկան երեխա ունի, ես էդ երեխուն էդքան տարի ո՞նց եմ պահելու, ի՞նչ եմ ասելու, որ պապադ գնացել անմեղ նստե՞լ ա․․․»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: