Վաղը Ազգային ժողովին կներկայացվեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուները․ որտեղ նրանց ելույթներից հետո խորհրդարանը կամ կհաստատի, կամ կմերժի թեկնածությունները։ ՍԴ դատավորի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի, իսկ Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին անդամ Էդգար Շաթիրյանի թեկնածությունները:
Բացասական եզրակացություն՝ Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ
Դատավորների ընդհանուր ժողովի շուրջ ծավալված իրադարձությունների կրքերը դեռ նոր են հանդարտվել, այնինչ Խունդկարյանի շուրջ շարունակում են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք թեկնածուներից երկուսի՝ Վաղարշյանի և Խունդկարյանի վերաբերյալ եզրակացություններն արդեն ուղարկել է ԱԺ, Շաթիրյանինը՝ օրերս պատրաստ կլինի։
Չնայած եզրակացությունները չեն հանրայնացվելու, քանի որ օրենքով դրանք հրապարակային չեն, սակայն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել Վճռաբեկ դատարանի նախագահի վերաբերյալ։
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Forrights-ի հետ զրույցում, եզրակացությունը չհրապարակելը պատճառաբանեց այն հանգամանքով, որ դա հնարավորություն կտա գնահատականով նույնականացնելու անձին․
«Մեր անգամ ոչ դիտավորյալ խոսքը չպետք է այնպես լինի, որ մենք քաղաքականության մեջ ներքաշվենք։ Հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքն ունի զուտ խորհրդատվական բնույթ, այն ոչ պարտադիր է»,- նշում է Հարությունյանը։
Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացվել
Ըստ տեղեկությունների՝ բացասական եզրակացության պատճառը՝ Խունդկարյանի կայացրած դատական որոշումներն են, որոնք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնցրել Հայաստանին: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ը մեծ գումարներ է պարտադրել վճարել այն վճիռների մասով, որոնց զգալի մասը քննվել է Խունդկարյանի կողմից։
2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր դատական համակարգի բարեփոխումների մասին, ի թիվս այլ կետերի, հստակ ընդգծեց, որ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
Խունդկարյանի 13 գործով ՄԻԵԴ-ն «․․․ընդդեմ Հայաստանի» որոշումներ է կայացվել, որոնց հիման վրա ՀՀ բյուջեից վճարվել է շուրջ 312 հազար եվրո։ Այդ գործերի մեջ է Հյուսիսային պողոտայի գործընթացի, սեփականության իրավունքի խախտման՝ ապօրինի սեփականազրկում պետության և հասարակության կարիքների համար գործընթացների վերաբերյալ գործերը։
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց՝ նման գործերով ակնհայտ ապօրինի վճիռներ կայացրած դատավորը չի կարող լինել Սահմանադրական դատարանի դատավոր․
«Մի բան հստակ է՝ եթե Թեղուտի կամ այլ գործերով ՄԻԵԴ վճիռներ են ներկայացվել, որոնք հակասում են կոնվենցիային, կոնվենցիայի խախտում է արաձանագրվել, և դրանցում նշված է Երվանդ Խունդկարյանի ազգանունը, ապա նա չի կարող հայտնվել Սահմանադրական դատարանում։ Եվ հետո՝ միայն պարոն Խունդկարյանով չի սահմանափակվում։ Բազմաթիվ ապօրինի վիճռներ կայացրած դատավորներ առ այսօր շարունակում են պաշտոնավարել, և այս հարցին պետք է լուրջ վերաբերվել։
Խունդկարյանը և մյուսները պետք է բերեն ու փոխհատուցեն այդ վճիռների հիման վրա սահմանված փոխհատուցումները: Բայց քանի դեռ Խունդկարյանը մեղա չի եկել, չի փոխհատուցել պետության այդքան վնասը, ապա նա իրավունք չունի հայտնվելու ՍԴ-ում և իբրև թե պաշտպանելու Սահմանադրությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը։
Երվանդ Խունդկարյանը, թերևս, մամուլին հայտնի դարձավ 2004 թվականին, երբ Ա1+ հեռուստաընկերությանն առնչվող որոշում էր կայացրել՝ որպես տնտեսական դատարանի դատավոր։ Խունդկարյանը մերժել էր եթերազրկված հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։
«Եթե Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեր, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները՝ մնային ազատության մեջ»
Հատկանշական է, որ դատավորի այս և այլ որոշումների մասին բարձրաձայնվել էր դեռևս 2013 թվականին, այն էլ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից՝ հրապարակված արտահերթ զեկույցում։ ՄԻՊ-ը, հիշատակելով Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում՝ Վահե Ավետյանի սպանության դեպքերը, նկատել էր, եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում․
«Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ:
Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»,- զեկույցի հենց «Նախաբանի փոխարեն» բաժնում գրել է Անդրեասյանը։
6000 ԱՄՆ դոլար, 22 մլն ՀՀ դրամ, 1220 եվրո կանխիկ դրամ․ Խունդկարյանի 2019թ․տարեկան հայտարարագիրը
Անդրադառնալով Խունդկարյանի գույքին ու եկամուտներին, արձանագրվում է, վերջինս 2018թ․ տարեկան հայտարարագրում տարեվերջի դրությամբ որպես դրամական միջոց հայտարարագրել է 6,000 ԱՄՆ դոլար և 22 մլն ՀՀ դրամ։ Այնինչ, 2019 թ․տարեկան հայտարարագրում տարվա սկզբի դրությամբ բացի նշված միջոցներից, որոնք ներկայացված են կանխիկ գումարի բաժնում, հայտարարագրված են նաև 1,220 եվրո և 837,723.00 ՀՀ դրամ չափով բանկային հաշիվների մնացորդներ։
2019 թ․ հայտարարագրում նշված է, որ նրա անչափահաս զավակը՝ Դավիթ Երվանդի Խունդկարյանը, Անիկ Արտաշի Բաղդասարյանից ստացել է 2 միլիոն դրամ, որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց։ Forrights-ը պարզեց, որ տիկինը հանդիսանում է Խունդկարյանի զոքանչը։
Այս բոլորը և դեռ ավելին են հիմք հանդիսացել ինչպես հանրության, այնպես էլ հանձնաժողովի կողմից բացասական գնահատականի համար։ Երվանդ Խունդկարյանը հասարակության մոտ ոչ դրական կերպար է տպավորվել, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրան տեսնել ՍԴ դատավորի աթոռին։
Հիշեցնենք, որ ՍԴ անդամի երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Հուլիսի 31-ի Դատավորների ընդհանուր ժողովում Խունդկարյանը 145 ձայն հավաքելով առաջ անցավ մյուս թեկնածու Արման Կյուրեխյանից։
Նա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2008 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: