ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացնում է, որ երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ:  

«Համաձայն նախագծի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

Մանրամասնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են  մշակել՝ զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով:

Բանն այն է, որ 2020-ի հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, հետևաբար Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի՝ զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող քաղաքացիները Հայաստան վերադառնալ չեն կարող: Եթե նախկինում վերջիններս բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք էին վճարում և ազատվում քրեական հետապնդումից, ապա այժմ նման կարգավորում չկա:

Նախագծով սահմանվում է, որ սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե վճարեն պայմանագրային ծառայողի 2 տարվա վարձավճարի չափով գումար։ Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ:

Այս նախագիծը ներկայացվել էր դեռևս անցած տարի, սակայն այս ընթացքում այն լրամշակվել է և ավելի ֆունդամենտալ լուծումներ է առաջարկում։

Արդեն շրջանառության մեջ դրված նախագծին զուգահեռ, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քրեական պատասխանատվությունից համաներումով ազատել նրանցից շուրջ չորս հազար մարդու: Դրանք այն քաղաքացիներն են, որոնք ծառայությունից խուսափելու համար մեկնել են արտերկիր և չեն կարող հիմա վերադառնալ՝ ծառայելու, քանի որ արդեն լրացել է զինապարտության ժամկետը՝ 27 տարեկանը: Հայաստանում նրանց սպառնում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։

«Լուսավոր Հայաստանն» արդեն դիմել է կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է «ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest