Վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում ամենօրյա ռեժիմով կորոնավիրուսի 200-ից պակաս նոր դեպքեր են գրանցվում։ Սա ընդհանուր առմամբ բարելավում է։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք։ Նախ ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է։ Եվ մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ բուժման մեջ գտնվող քաղաքացիներ։ Եվ նաև շատ կարևոր է արձանագրել, որ մեր ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան։ Մենք 7-8 տոկոսի շրջանակում ենք, իսկ վերջին օրերինհ՝ 5-6 տոկոսի, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև երբ մարդը գիտի, որ իր շրջապատում վարակված են կորոնավիրուսով, դա անխուսափելիորեն իր վարքի վրա ազդում է։ Եվ այս առումով կարծում եմ՝ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և առաջիկայում այս բարելավումը խախտելու մեր ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից։ Դրա պատճառը նաև այն է, որ կա պարտադիր պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է նաև դիմակներ կրեն։

«Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի։ Եվ կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են։ Ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցառումները, որոնք ընդունում ենք, առաջին հերթին մենք ինքներս ենք կիրառում այդ որոշումները, պահպանում, մի բան էլ ավելին։ Եվ այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև մեր երեխաներին նույնպես։ Մեր երեխաները ոչ դպրոցներում, ոչ մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն։ Այնպես որ, մենք կգնանք այս ճանապարհով, բայց նաև ուշադիր մոնիթորինգ կանենք իրավիճակը։ Եթե այս միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ այս սահմանափակումների ռեժիմից, որոշում կընդունենք, որպեսզի մեր երեխաները օր առաջ լիաթոք շնչեն»,- ասաց Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest