Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԲԴԽ-ի տարածած հայտարարությունը.

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 24.08.2020թ. թիվ ԲԴԽ-56-Ո-125 որոշումը` դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժինը` վեց (6), քրեական մասնագիտացման բաժինը` տասնմեկ (11) թեկնածուներով համալրելու անհրաժեշտության մասին` հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պահանջներին բավարարող անձինք կարող են հայտերը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17)` մինչև 2020 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ:

Հավակնորդները պարտավոր են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ և 8-14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest