«Դատարանը Քոչարյանի և մյուսների գործով մեղադրողներից մեկն է, ով պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին»

0
49
Հայկ Ալումյան

«Մենք դեռ նախորդ դատական նիստին միջնորդություն էինք ներկայացրել, որով պահանջել էինք այս գործով ընդհանրապես դադարեցնել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին դատարան հրավիրելը այդ կարգավիճակում։ Միջնորդել էինք, որ նրանք դատարան հրավիրվեն վկայի կարգավիճակով, քանի որ այժմ քննվող գործը չի վերաբերում ո՛չ սպանություններին, ո՛չ մարմնական վնասվածնքերին, ո՛չ էլ գույքային վնասին»:

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ «Մարտի 1»-ի գործով տեղի ունեցած հերթական նիստին, որը, նրա գնահատմամբ, բավական լարված է անցել:

«Դատարանն այդ միջնորդության քննությունն ընդհատեց , քանի որ Եգորյանը նիստին չէր ներկայացել և  առանց նրա մասնակցության այդ հարցը չպետք է քննարկվի։ Եթե պարոն Եգորյանը պետք է չգար և դատարանն այդ հանգամանքը խոչընդոտ չհամարեր, ապա այս հարցը պետք է լուծված լիներ դեռևս օգոստոսի սկզբերին»։

Հիշեցնենք, որ դատական նիստին նախորդող օրը Մարտի 1-ի գործով անցնող տուժողները, նրանց իրավահաջորդները և ներկայացուցիչները հայտարարեցին, որ բոյկոտում են նիստերը և հրաժարվում ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը։ Նման որոշումը պատճառաբանում էին, որ «այնտեղ գոյություն չունի դատավարության աստվածը, դա էժանագին թատրոն է»։

Պաշտպան Ալումյանի խոսքով՝ «Մարտի 1»–ի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործում են քննվում զոհերի և մարմնական վնասվածք ստանալու հետ կապված հանգամանքների վերաբերյալ հարցերը․

«Այս անձինք պետք է այդ գործով ունենան տուժողի կարգավիճակը։ Հույս հայտնենք, որ գործի շրջանակներում կբացահայտվեն սպանություն կատարած, նրանց հրահանգ տված անձինք և բոլոր նրանք, ովքեր մարմնական վնասվածքներ են պատճառել տուժողներին։ Բայց նորից եմ կրկնում՝ այդ գործով, ոչ՝ այս»,- ասաց նա:

Նշենք, որ տուժողների մասնակցությունն այս քրեական գործին Դատախազությունը պատճառաբանում է այն հանգամանքով, որ բոլոր նրանք, ովքեր սկզբնապես հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, նրանք իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են նաև գործից անջատված մյուս մասերով:

«Այդ դեպքում ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգուն առանձնացրել ու այս գործով նրանց ներգրավել, 102 հոգուց էլ ընդամենը 6 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այդ չափանիշը, որ 268 տուժող ճանաչված անձանցից ընտրել եք հենց նրանց, միգուցե դուք հի՞մք եք ունեցել այն չափանիշը, որ նրանք պատրաստ են «Մարտի 1»-ի իրադարձությունների ամբողջ մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով հարցին՝ զոհերի հարազատները և տուժողները դադարեցրել են իրենց մասնակցությունը նիստերին, դրանք համարելով ֆարս, նրանց բացակայության պայմաններում ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը, կշարունակվի՞ արդյոք նույն կերպով, Ալումյանը նշեց, որ դատավարությունն իրոք ֆարս է, բայց բոլորովին ոչ այն պատճառաբանությամբ, որ հիմա հայտարարում են այդ անձինք․

«Իրականում, դատավարությունը ֆարս է, հենց այն պատճառով, որ դատարանը ընդհանարապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատություն։ Վերջինս ցանկացած միջնորդություն լուծում է այնպես, ինչպես իրենց առարկություններում, դիրքորոշումներում կարծիք են հայտնում մեղադրողները։ Դատարանը այս գործով մեղադրողներից մեկն է, ով պատմուճանով ուղղակի հայտնվել է դատավորի աթոռին։ Մենք, ըստ էության, հակառակ կողմերում ենք, մի կողմից մենք ենք՝ ամբաստանյալներն ու փաստաբանները, մյուս կողմից են մեղադրողներն ու դատավորը: Իրոք, սա կարելի է անվանել ֆարս»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործը՝ նախկին 4 պաշտոնյայի վերաբերյալ անջատված մասով, դատարան է ուղարկվել 2019 թվականի ապրիլ ամսին, սակայն մինչ օրս՝ գրեթե մեկ ու կես տարի անց, բուն դատաքննությունն այդպես էլ չի սկսվել։ Այդ գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը՝ սահմանադրական կարգը տապալելու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

«Դատարանը Քոչարյանի և մյուսներիգործով մեղադրողներից մեկն է, ովպատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here