Դատարանը հարկ չհամարեց փոխել տուժածների դատավարական կարգավիճակը Մեկամսյա դադարից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսվեցին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։
Դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը:
Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը անհասկանալի չափանիշներով է տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակ։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, ովքեր, ըստ դատախազության, պետք է դատակոչվեին այս նիստին։ Սակայն դատակոչվել են ընդամենը 102 հոգի։ Նա նաև երկու ցուցակ ներկայացրեց․ մեկում ընդգրկված են տուժող ճանաչված 126 հոգի, ովքեր սակայն դատակոչված չեն, իսկ մյուսում՝ դատակոչված 102։
«Կամ այստեղ տուժող ընդհանրապես չկա, կամ կան 228 տուժող։ Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ տվյալ անձը տուժո՞ղ է, թե՞ ոչ, պե՞տք է հարցաքննվի դատարանում, թե՞ ոչ», — ասաց Ալումյանը։
Մեղադրող կողմը ոչ հիմնավոր համարեց պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։ Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին՝ դատարանը գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։ Նրանք այդ մասին հայտարարել էին դեռ երեկ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: