«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական ներկայությունն այդ անբովանդակ միջոցառմանը։ Այնտեղ գոյություն չունի դատավարության աստվածը, դա էժանագին թատրոն է»։
Այս մասին այսօր հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեցին Մարտի 1-ի գործով տուժողները, նրանց իրավահաջորդները և ներկայացուցիչները։ Նման կտրուկ որոշումը փաստաբան Տիգրան Եգորյանը բացատրեց ընթացող դատավարության անարդյունավետությամբ և «թանկարժեք ժամավաճառությամբ»․
«Մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։ Ընկալման և գիտակցման բացը, արդյունավետ իրավական քաղաքականություն իրականացնելու կամքի բացակայությունը կամ դրա ձևավորման անկարողությունն ավելի ակնբախ դարձավ՝
երբ 2018-2019թթ․ ՄԻԵԴ-ը հրապարակեց 2008թ․ «Մարտի 1-ի» իրադարձությունների կապակցությամբ գործերով և մարդկանց բռնաբարված իրավունքներին վերաբերող այլ գործերով կարևորագույն վճիռներ, որոնք մեծ հաշվով մնացին անհետևանք, երբ իրավական անհետևողական և բովանդակային ոչ բավարար խորությամբ քաղաքականության դրսևորումները տեսանելի էին․
երբ ներկայացվեց ոչ լիարժեք մեղադրանք՝ բաց թողնելով առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին ժողովրդի իշխանության յուրացմանը, սպանությունների կապակցությամբ գերագույն գլխավոր հրամանատարի մեղքի դիտավորությանը և այլն»։
Իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների գնահատմամբ՝ պետության կողմից վարվող իրավական քաղաքականությունը ձախողման եզրին է հասցրել իրենց, իսկ եթե իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր չկատարվեն, հետևանքները վատ են լինելու։
Եգորյանի խոսքով՝ արյունալի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում։ Օրինակ բերելով ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի դեպքը, փաստաբանը նկատում է՝ պետական մարմինների միջև, արդյունավետ համագործակցության փոխարեն, շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ․
«Մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «Մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում։ Առանցքային ծառայողները կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց, և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց։ Դատական համակարգը մաքրելու ուղղությամբ չկատարվեց ոչինչ, ինչից օգտվեցին առանձին ուժեր, մինչդեռ այդ գործերն այն լակմուսի թուղթն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը»։
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, հայտարարեց՝ ըստ իր տեղեկությունների, երկու տարի շարունակ ԱԱԾ-ից ինֆորմացիայի արտահոսք է եղել, ինչը շատ բացասաբար է ազդել ՀՔԾ-ի աշխատանքի վրա․
«Փորձ է արվել պետական մակարդակով շտկել այդ դիպվածը, բայց ինչ-որ մեկի փոփոխությունը դեռևս չի նշանակում կադրային փոփոխություն։ Եթե այսօր Վանեցյանը զբաղվում է քաղաքական ինտրիգներով, միտինգներ է ուզում անել, ապա ամեն ինչ այնքան ակնառու է։ Դատաիրավական ռեֆորմներ չիրականացվեցին, ինչից տուժեց Մարտի 1-ի գործը»։
Փաստաբանները, սակայն, հստակեցնում են, իրենց դերը չեն թերագնահատում դատական գործընթացին, ուղղակի չեն ուզում մասնակցել դատական նիստերի, որոնք վերածվում են տաֆտալոգիայի։
Հանդիպման ընթացքում իրենց դժգոհությունը բարձրացրին նաև տուժողների իրավահաջորդները։ Արյունալի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ բավականին վրդովված, ջղայնացած և կատաղած են կատարվող դատաիրավական գործընթացից, ուստի չեն ցանկանում ներկա գտնվել այդ անբովանդակ միջոցառմանը․
«Մեր հետագա քայլերը կզարգացնենք ըստ իրավիճակի։ Մենք չենք ուզում մասնակցել դատական պրոցեսին, քանի որ այնտեղ դատավարություն ասվածը գոյություն չունի, մենք ականատես ենք լինում միայն էժանագին թատրոնի ու չենք ելնում ինչ-որ իշխանության, հատկապես՝ Նիկոլի դեմ, այլ իր նշանակած մարդկանց, որոնց հետ ինքը աշխատում է, որովհետև նրանք անգործության են մատնվել»,- իր խոսքում պարզաբանեց արյունալի իրադարձությունների ժամանակ սպանված Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործը՝ նախկին 4 պաշտոնյայի վերաբերյալ անջատված մասով, դատարան է ուղարկվել 2019 թվականի ապրիլ ամսին, սակայն մինչ օրս՝ գրեթե մեկ ու կես տարի անց, բուն դատաքննությունն այդպես էլ չի սկսվել։ Այդ գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը՝ սահմանադրական կարգը տապալելու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Ռոզա Վարդանյան
Լուսանկաները և տեսանյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: