Խոշտանգման գործ. «Մենք տեսանյութից ենք իմացել կատարվածը. համոզված եմ՝ ամենադաժանը մնացել է կադրից դուրս»

0
111

12 տարի առաջ մահակի և հակագազի միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու գործով դատական նիստը երեկ մեկնարկեց:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը և Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը։

Ըստ մեղադրանքի, 2008 թ նոյեմբերին Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած անձն իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների, այդ թվում ավագ օպերլիազորի, Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ:

Երբ կասկածյալը հերքել է դեպքին առնչություն ունենալու հանգամանքը, ոստիկանության պաշտոնյան և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ամբաստանյալները նիստի հենց սկզբին ցույց տվեցին իրենց անբարյացակամ վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ: Ինչպես անձամբ, այնպես էլ իրենց պաշտպանների միջոցով, նրանք հայտարարեցին, որ չեն ցանկանում նիստը տեսանկարահանվի, ավելին՝ հետագայում միջնորդելու են նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը սա դիտարկեց որպես լրագրողի գործունեությունը խոչընդոտելու փաստ։ Պաշտպանական կողմից «ռեպլիկ» հնչեցվեց, ինչից հետո փոքրիկ վիճաբանություն եղավ։ Այնուամենայնիվ, նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը թույլատրեց տեսանկարահանել դատական նիստը՝ առանց պաշտպանական կողմի։

Երեկ, սակայն, դատարան չէր ներկայացվել գործով տուժող ճանաչված Արմեն Մարտիրոսյանը, ով այս պահին այլ քրեական գործով դատապարտված է 10 տարի վեց ամիս ժամկետով և գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում: Հիմնարկից դատարանին տեղեկացրել էին, որ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներից տեղափոխելու կարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ոստիկանությունն այլևս նրանց չի տեղափոխում, և պետք է դիմել Քրեակատարողական ծառայության պետին։

Քանզի այլ դատավարական գործողություններ առանց տուժողի հնարավոր չէր իրականացնել, դատարանը միայն ամբաստանյալների ինքնությունները պարզեց:

51-ամյա ամբաստանյալ Նարեկ Սիմոնյանը դատարանի հարցերին ի պատասխան նշեց՝ վերջին պաշտոնը, որ զբաղեցրել է, եղել է Ճամբարակի ոստիկանության պետի պաշտոնը, սակայն այս պահին լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Գործով անցնող մյուս ամբաստանյալը՝ Վաչագան Ներսիսյանը, 60 տարեկան է: Նա դատարանին հայտնեց, որ 32 տարի ծառայել է ոստիկանությունում, սակայն այս պահին անցել է թոշակի:

Դատական նիստն այսքանով հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 30-ին:

Նիստի ավարտին ամբաստանյալների ոչ դրական տրամադրվածությունը շարունակվեց նաև դրսում: Նրանք հրաժարվեցին զրուցել լրագրողների հետ, իսկ Նարեկ Սիմոնյանն էլ հորդորեց այլ տեղում «շոու» փնտրել.

«Չեմ ցանկանում ձեր հարցերին պատասխանել, շոուն վերջացել ա… Գնացեք շոումեններին հարցը տվեք»:

Դատարան էր եկել նաև տուժողի հարազատների Մերի Գրիգորյանը, ով, սակայն, չկարողացավ նիստին ներկա գտնվել: Forrights-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ խոշտանգումն անհետևանք չի մնացել. Արմենի առողջական վիճակը դրանից հետո կտրուկ վատացել է: Վերջինս պարբերաբար շատ սաստիկ գլխացավեր և արյան բարձր ճնշում է ունենում.

«Մեզ ոչինչ չէր պատմել դեպքի մասին, միայն կնոջն էր ասել՝ երկու օր այնպես եմ ծեծվել, որ ուղղակի սոսկալի էր: Բայց չէր բարձրաձայնել, մտածելով՝ միևնույն է, իրեն չեն հավատա: Մենք տեսանյութից ենք իմացել այդ ահավոր տեսարանը:Համոզված եմ, որ սա միայն շատ փոքր հատվածն է, ամենադաժանը կադրից դուրս է եղել: Եթե իրենց պրոֆեսիոնալիզմը չի ներում օրենքով սահմանված կարգով ցուցմունք ստանալ, ուրեմն իրենք իրենց տեղում չեն, դա իրենց աշխատանքը չէ»,- համոզմունք հայտնեց Մերին:

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել գողության փորձի վերաբերյալ գործի շրջանակներում:

Ըստ փաստաբանի՝ այն անձը, ում տանը կատարվել է ենթադրյալ գողությանը, բարձր պաշտոնատար անձ էր, և տեսանյութը նկարել են՝ ցույց տալու համար, որ, «տեսեք, Ձեր տնից գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին ինչպես ենք խոշտանգում».

«Այս գործով միայն երկու անձ չէ, որ պետք է մեղադրյալի աթոռում լինեին: Դեպքի վայրում բազմաթիվ անձինք են եղել, որոնք կարելի է ասել, հոշոտել են անազատության մեջ գտնվող անձին, ծեծել են, տարել են այլ սենյակ, էնտեղ են անմարդկային վարվել, հետո նորից բերել են քրեական հետախուզության պետի սենյակը: Քրեական գործում կան երկու ոստիկանների ցուցմունքներ… Պետք է դատարանը այս գործով դատավճիռ կայացնի և ճանաչի խոշտանգման փաստը: Եթե այս դաժանությունները պետության կողմից անհաղորդ է մնում, նոր խոշտանգումներ են ծնվում»:

Նշենք, որ խոշտանգման հոդվածով սա արդեն երկրորդ գործն է դատարանում: Առաջինը՝ 30-ամյա Արմեն Աղաջանյանի գործն էր: Դատավճիռը, սակայն, խոշտանգման հոդվածը չկիրառեց, այլ վերաորակվեց և գործով ամբաստանվող «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Արմեն Հովհաննիսյանն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Forrights-ը մատնանշեց այս հանգուցալուծումը, ինչին ի պատասխան փաստաբանը հույս հայտնեց, որ հետհեղափոխական Հայաստանում այս գործն այդ վախճանը չի ունենա.

«Եթե նմանատիպ դաժան խոշտանգումն այսօր կոծկվի և մեղադրական դատավճիռ չկայացվի, մենք կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի եղել»:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here