«Մեր առաքելությունն իրականացնելու 7-8 տարիների ընթացքում անձամբ ես և իմ գործընկերները նմանատիպ դեպք չէիք տեսել, որ ազատազրկվածներն այդ վիճակում լինեին։ Մեր այցի ընթացքում միջադեպի առնչությամբ արձանագրել ենք կոպտագույն խախտումներ»,- անդրադառնալով օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռություններին՝ արձանագրում է ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի առավոտյան ՔԿՀ աշխատակիցներից մի քանիսը մտել են պատժախուց և փնտրել արգելված իրեր։ Չգտնելով դրանցից ոչ մեկը, վերցրել են թուլատրելի համարվող նվագարկիչն ու դուրս եկել խցից։ Մի քանի րոպե անց, սակայն, վերադասներից մեկն է մտել և կտրուկ տոնով սպառնացել՝ էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, հեսա ձեր հալը կտենաք։ Րոպեներ անց պատժախուց են ներխուժել դիմակավոր անձիք և առանց որևէ բառ ասելու սկսել են դաժան ծեծի ենթարկել այնտեղ գտնվող երեք դատապարտյալ։ Նրանցից մեկին էլեկտրահարել են։
Հարությունյանի դիտարկմամբ՝ իրավապահ մարմինների կողմից սա հետընթաց է՝ փակ հաստատություններում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից․
«Նմանատիպ իրավիճակների կարող էինք հանդիպել 2000-ականների սկզբին։ Ես չեմ հիշում վերջին տարիների ընթացքում նման աղաղակող խախտումներ տեղի ունենային և տրվեին նման բացատրություններ։ Այդ դատապարտյալների վրա բավականին թարմ վնասվածքներ կային․ գլխին, դեմքին, ուսերի սալջարդեր, արյունազեղումներ։ Կիրառված բռնությունն արդարացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում՝ չափազանց վտանգավոր է, և հետագայում նման դեպքերը կարող են պարբերաբար բնույթ կրել»,- իր մտահոգությունն է հայտնում դիտորդական խմբի ղեկավարը։
Խումբը, հիմնարկ այցելելուց և բռնության ենթարկված դատապարտյալների հետ տեսակցելուց անմիջապես հետո հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը և տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ՝ ըստ այդմ բարձրացնելով կոնկրետ հարցադրումներ: Նախարարությունը երեկ է պատասխան ուղարկել, այն էլ՝ թերի։
Հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որևէ պարզաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը և դրանց կոնկրետ դրսևորումները: Անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Բացի այդ, բացակայում է կիրառված միջոցների մանրամասն նկարագրությունը:
ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ Վարդան Հասրաթյանը, այնինչ, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ պատճառաբանում է, թե դատապարտյալների դիմադրությունն այնքան մեծ է եղել, որ հնարավոր չի եղել շարունակել խուզարկությունը․
«Ցանկացած նման դրսևորմանը պետք է լինի կոշտ հակազդեցություն՝ համաչափ, իսկ ինչքանով է համաչափությունը պահպանվել, վարույթ իրականացնող մարմինը կպարզի»,- նշում է նա։
Հարցին, թե ինչ հատուկ միջոցներ են կիրառվել, որովհետև հստակ տեղեկություն կա, որ էլեկտրաշոկ են օգտագործել, ՔԿԾ պաշտոնյան հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ նման դեպքերում կիրառվում են ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որը միջադեպից ժամեր անց արդեն հիմնարկում է եղել, կիրառված համաչափության վերաբերյալ խիստ կասկածներ ունի։
Աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանի նկատառմամբ՝ պատժախցում գտնվող անձանց վնասվածքները, այցի արդյունքներն այնպիսին էին, որ բավարար հիմք են տալիս դեպքի առթիվ քրեական վարույթ հարուցելու համապատասխան գրություն ուղարկել իրավասու մարմիններին․
«Գրությունն արդեն իսկ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Այս պահին տեղեկություն ունենք, որ Արթուր Դավթյանի կողմից նշված դեպքով թե՛ մեր գրությունը, թե՛ ազատազրկված անձի կողմից հաղորդումը հանցագործության մասին, ուղարկվել է ՀՔԾ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ այդ դատապարտյալների մարմնական վնասվածքների ուսումնասիրմամբ։ Նախապատրաստվում են նյութեր»,- նշում է Մինասյանը։
Կատարված բռնության վերաբերյալ շշուկներ են պտտվում, որ նման ձևով իրավապահ մարմինները հաշվեհարդար են տեսել քրեական ենթամշակույթի դեմ։ Փաստացի ակնարկելով, որ պատժախցում գտնվողները դրա կրողներն են։ Վարդան Հասրաթյանը չհերքեց, որ իրենք ևս այդ տեղեկության իսկությունը ստուգելու համար են մուտք գործել պատժախուց․
«Պետության որդեգրած քաղաքականությունն է՝ զրո հանդուրժողականություն քրեական ենթամշակույթի նկատմամբ: Մենք ամբողջ ծավալով, մեր գործիքակազմով, հնարավորություններով պայքարում ենք այդ ենթամշակույթի դեմ: Կոնկրետ այս դեպքում, այո, մենք ունեինք տեղեկատվություն, որ այդ անձինք քրեական ենթամշակույթի կրող են․ եթե ոչ բոլորը, ապա մեկ հոգին՝ հաստատ»։
Մինասյանը, այնինչ, հակադարձում է Քրեակատարողական ծառայության աշխատակցի պնդումը։ Նա մատնանշում է 2018 թվականի ՄԻՊ-ի կողմից հրապարակված զեկույց-հայեցակարգ՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացված են թե՛ մշտադիտարկման արդյունքները, ստացված բողոքները, թե լուծումները․
«Մենք ողջունում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի՝ պետության որդեգրած քաղաքականությունը, բայց պետք է նշեմ, որ միայն օրենքում փոփոխություն կատարելը բավարար չէ, որ այդ ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ: Դրանք պետք է կոմպլեքս ու համակողմանի դիտարկել»։
Նշենք, որ երեկ Forrights-ին էր ահազանգել բռնության ենթարկված դատապարտյալներից մեկի կինը՝ Լիլիթը։ Նրա խոսքով՝ ամուսնուն «բաժին է հասել» ոչ միայն բռունցքի, այլև էլեկտրաշոկով անհաշվելի հարվածները․
«Մոտ 10-12 դիմակավորված անձիք են մտել պատժախուց ու այնտեղ գտնվող երեք տղաներին սկսել դաժանորեն ծեծել․ երկուսին՝ ոտքով, ձեռքով ու ռետինե մահակներով, իսկ ամուսնուս՝ էլեկտրահարել են։ Հետո էդ վնասվածքներով, անօգնական թողել ու գնացել են։ Ոչ մի բուժօգնություն չի տրամադրվել»։
Հավելենք, որ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ բժշկական մատյանում նշված է եղել, որ դատապարտյալները մահճակալից են ընկել, ինչն անլուրջ է նման վնասվածքների պարագայում․
«Տարօրինակ է, որ մի կողմից՝ պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, մյուս կողմից՝ ներսում այդ մշակույթն այնքան գերակայող է, որ թույլ չի տալիս՝ անձինք բարձրաձայնեն իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին: Սա վկայում է, որ փակ հաստատությունում գտնվող մարդիկ պաշտպանված չեն փաստորեն, և դրա համար են վախենում խոսել»,- նկատում է Հասմիկ Հարությունյանը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: