ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին, այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ չեմ կարող մանրամասներ հայտնել»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի իրավասության տակ հայտնված անձանց հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը: «Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,-հավելեց Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորության մասին հարցին՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Հայաստանում ռազմագերիներ չկան: «Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են հնչեցնում չհաստատված հանգամանքներում իրենց կողմում հայտնված անձանց, ովքեր հանցանք չեն գործել: Միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, նրանց ռազմագերիների չեն վերածում եւ հարգում են նրանց իրավունքը: Ադրբեջանը փորձում է հետ վերադարձնել 2 քաղաքացիների՝ անչափահաս Սմբատ Ցականյանի մարդասպաններին: Անչափահասի սպանությունը ծանր հանցանք է ցանկացած հասարակությունում: Կարծում եմ՝ պատաստախնն առավել քան հստակ է»,-եզրափակեց Աննա Նաղդալյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: