Լոռու մարզի ընդհանոր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը արտառոց որոշում է ընդունել Ալավերդու բնակիչ, գործարար Վահագն Աբգարյանի գործով՝ բերման ենթարկել նրան դատարանի դահլիճ: Այդ որոշումը Վահագն Աբգարյանի շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը ասուլիսի ժամանակ թափ է տվել լրագրողների աչքի առաջ, ասելով, որ եթե այս փաստաթուղթը հասնի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ապա եվրոպացիները կծիծաղեն մեր դատարանի վրա:

Աբգարյանին, ինչպես հայտնի է, մեղադրում են ապօրինաբար զենք ու փամփուշտներ ձեռք բերելու և դրանց միջոցով իր սանիկին համաքաղաքացի, թմրամիջոցների պատրաստման համար կրկնակի դատապարտված Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար: Ոչ Աբգարյանը, ոչ էլ սանիկը՝ Վլադ Դավթյանը, մեղադրանքը չեն ընդունում: Դավթյանը նույնիսկ հացադուլ է արել, ընդդիմանալով իր համար վիրավորական մեղադրանքի դեմ: Փիրուզյանին նա սպանել է  «ի սրտե», առանց զղջալու:

Ամբաստանյալին դատարանի դահլիճ բերման ենթարկելու որոշումը Աբգարյանի փաստաբանը համարում է ապօրինի: Հիշեցնում է, որ այս կերպ դատավորը, ըստ էության, պատասխանել է բոյկոտին: Աբգարյանն ու նրա պաշտպանը բոյկոտել են  նիստը, հրաժարվելով դատարան ներկայանալուց: Պատճառն այն է, որ դատավորը հավուր պատշաճի չի քննում պաշտպանական կողմի պահանջը՝ Վահագն Աբգարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

Արթուր Գրիգորյանը պատասխանեց Forrights.am-ի հարցերին:

— Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, երիտասարդ դատավոր Սուսաննա Գզոգյանը ինքնաբացարկի որոշում ընդունել, ինչո՞ւ:

— Առաջին դեպքը չի, որ իշխանությունները, պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների խումբը իր ստրուկտուրայի ներսում արդեն կայացնում է մարդու դատավճիռը: Ընդամենը  մնում է իրենց ներքին որոշումը վերափոխել դատարանի դատավճռի, դատարանի կնիքով կնքել: Բայց տեսնելով դիմադրություն պաշտպանական կողմից, որոշում է միջցներ ձեռնարկել այդ դիմադրությունը կոտրելու համար: Դատավոր Գզոգյանին օգտագործեցին այն առումով, որ երբ որ նա ընկավ անելանելի վիճակի մեջ, իրավական և կենսական փորձի խիստ պակասի հետևանքով չկարողացավ կողմնորոշվել և ճիշտ քննություն կատարել մեր գանգատի առնչությամբ:

Մեր գանգատով, ինչպես գիտեք, պահանջել էինք Վահագն Աբգարյանին ազատությունից զրկելը ճանաչել ոչ իրավաչափ և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել: Սուսաննա Գզոգյանն այդ հարցը պետք է քննարկեր առանձին ընթացակարգով, սակայն նա միացնում է այն մայր գործին: Ասես, մեզ ձեռք առնելով, դատական նիստում ըստ էության քննություն է կատարվում, կողմերը իրենց փաստարկներն են ներկայացնում, ինքն էլ ասում է՝ ես այս գործի շրջանակում իրավունք չունեի դա քննելու: Ասում ենք՝ բա, տիկին դատավոր, ժամանակին որ տեղեկացանք, որ այս գործի սահմաններում եք պատրաստվում քննել, մենք ձեզ նամակ ուղարկեցինք, որտեղ վկայակոչելով մեր օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ նախադեպային իրավունքը, պարզաբանեցինք, որ դուք չեք կարող, սա անհապաղություն ենթադրող առանձին ընթացակարգ է, որտեղ պետք է գան նախաձեռնողները՝ տվյալ դեպքում դա ոստիկանությունն ու Վանաձոր ՔԿՀ-ն են, և փորձեն հիմանվորել, որ Աբգարյանը իրավական հիմքրերի առկայության պայմաններում է պահվում անազատության  մեջ: Եթե, իհարկե,  ունեն նման հիմքեր:

Բայց այժմ մենք հիմք ունենք ասելու, այդ ամենը ուղորդված ձևով է արվել մեկ նպատակով՝ որպեսզի  մեր գանգատը չքննարկվի: Հակառակ դեպքում, ստիպված պետք է արձանագրեին, որ իմ պշտպնյալը ապօրինի է պահվում անազատոթյան մեջ: Ու վատն այն է, որ երբ որ մենք սկսեցինք բարձրաձայնել այս ամենը, տեսան, որ դատավորը նեղվել է, ասեցին՝ դու չմտածես, դու այսպիսի բան գրի, որ իրենք քեզ զրպարտել են, հեսա իրանց հախից կգանք, Աբգարյանի գործն էլ կտանք այլ  դատավորի:

— Բերման ենթարկելու մասին որոշումը ապօրինի եք համարում: Կհիմնավորե՞ք:

— Երբ որ դատավորը հայտնվում է պատային իրավիճակում, այն դեպքում երբ որ ունի պատվեր անձին դատապարտելու, իսկ պաշտպանական կողմը բոլոր միջոցներով իրականացնում է պաշտպանությունը, դատական նիստը բոյկոտելը նորույթ չի: Դեռևս մարտիմեկյան գործերով, մասնավորապես, օրինակ, «Պիցցա դի Ռոմայի» գործով մենք բոյկոտում էինք դատավորին: Նրա գործողություները ոչ միայն օրենքի մեջ չէին տեղավորվում,ալլև ողջամտության սահմաններում: Այն ժամանակ մենք՝ պաշտպաններով, այդ ակցիան արեցինք, ցուցադրաբար լքելով դատարանի դահլիճը, և մեր նկատմամբ քրեական գործ հարուցեցին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դեռ սանկցիա չկար: Հետագայում ՍԴ-ն ճանաչեց հակասահմանարական այդ նորմը, բայց իշխանությունները մեզ այն ժամանակ ենթարկեցին կոնկրետ հետապնդման: Այսօրվա դրությամբ, երբ բարձրաձայնում են, դոշ են ծեծում, որ հեղափոխությունը հաղթել է, այլևս նախկին արատավոր երևույթները չկան, տեսեք, որ էլի նույն սկզբունքով են շարժվում:

— Ո՞րն էր Ձեր բոյկոտի հիմքը:

— Քանի որ մեր պաշտանյալը ապօրինի է պահվում անազատության մեջ, և քանի որ մենք վերաքննիչ բողոք ենք բերել ձեր աբսուրդային երկու որոշումների դեմ, մինչև վերաքննիչ դատարանն այս հարցը չլուծի, մենք չենք ներկայանալու դատարան, որովհետև կողմերի հավասարության սկզբունք ենք պահանջում: Կողմերը հավասար  պայմաններում չեն գործում: Մեր պաշտպանալը գազան չի, որ նրան ճաղավնդակից հանեն, ձեռնաշղթաներով բերեն: Մեղադրանքի ու տուժող կողմի ամբողջ տենչանքը հենց դա է: Մենք ասեցինք, որ մեր պաշտպանյալը պետք է իր ոտքով գա դատարան, ու մինչև որ այդ հարցը չլուծվի, մենք բոյկոտում ենք նիստը: Մեր բողոքը անազատության հետ կապված մերժելուց հետո ինչքան նիստեր են նշանակվել, մենք չենք ներկայացել հենց այդ պատճառաբանությամբ:

Տեսնելով, որ այդպիսի փակուղու մեջ է հայտնվել, դատավորտ երկար չմտածելով, կամ չափից ավելի երկար մտածելով, որոշեց, որ կարող է բերման ենթարկելու մասին որոշում ընդունել: Բայց ի՞նչ է նշանակում կալանավորին բերման ենթարկել: Անձին անազատության մեջ են պահում, որպեսզի բերման ենթարկելու անհրաժեշտություն չլինի այլևս: Բերման են ենթարկում այն  անձին, որը օգտվում է տեղաշարժի ազատությունից : Սա ապօրինի դատական ակտ է, իսկ ապօրինի ակտ կայացնելը քրեական պատասխանատվություն ենթարող արարք է:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest