Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հերթական քրեական գործն է հարուցվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ:

Ըստ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանի, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով: Ըստ գործի, նախկին պաշտոնյան, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափի վատնում է կատարել:

ՀՔԾ-ից հրաժարվում են մանրամասներ հայտնել: Գործից մանրամասներ է հրապարակել «Առաջին լրատվականը», որը չեն հերքել: Ըստ հրապարակման, Վաչագան Ղազարյանը, լինելով ԱԱԾ-ի Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) ղեկավարի տեղակալ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՊՊԾ աշխատակիցներից կնոջը վարորդ է հատկացրել: Բացի այդ, ևս վեց աշխատակից հսկել են Ղազարյանին ու իր կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի անվտանգությունը: Այսինքն` պետական միջոցներով Ղազարյանը 2013-2017 թվականներին ապահովել է իր ռեստորանային համալիրի անվտանգությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառել է հսկայական վնաս:

«Սա նախկին իշխանության ժամանակ պետության զավթման դրվագներից ընդամենը մեկն է և կոնկրետ այս գործը քննության առարկա պետք է դառնա նաև Վաչագան Ղազարյանի ունեցվածքի աղբյուրները բացահայտելու տեսանկյունից», — ասում է «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: — «Պետության պաշտոնյան, որի մեջքին կանգնած է եղել անշուշտ Սերժ Սարգսյանը, իր դիրքը օգտագործել է և Սերժ Սարգսյանի հովանավորությամբ կարողացել է պետական մեկ այլ կառույցի ռեսուրսներն օգտագործել իր ընտանեկան նպատակներով: Այսինքն` այն լծակները, որոնք որ իրենք ունեցել են իշխանության մեջ, իրենք դա տնավարի օգտագործել են իրենց ուզած նպատակներով, իրենց ցանկացած որոշումների ընդունման համար»:

ՀՔԾ մամուլի խոսնակի փոխանցմամբ, Վաչագան Ղազարյանին այս գործով դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Մինչ այս Վաչագան Ղազարյանն ու իր կինը անցնում էին մեկ այլ քրեական գործով` ապօրինի հարստացման և հարկերից խուսափելու, որն այս տարեսկզբին կարճվեց:

Ղազարյանի նախկին փաստաբան Արմեն Հարությունյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ վերջին գործում դեռ չի ներգրավվել որպես փաստաբան: Տեղյակ չէ, Ղազարյանն ու կինը հարցաքննվե՞լ են, թե՞ ոչ:

«Առաջին լրատվականի» փոխանցմամբ, ՊՊԾ նախկին ու ներկա աշխատակիցներն արդեն իսկ հարցաքննվել են և իրավապահներին հայտնել, որ կատարել են Վաչագան Ղազարյանի հրամանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest