«Նուբարաշեն»-ում բռնության ենթարկվածներից մեկին էլեկտրահարել են․ «Կալանավորների վրա հագեցնում են իրենց սադիստական ախորժակները»

0
504

Օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դաժանաբար ծեծի ենթարկված երեք դատապարտյալներից մեկը 45-ամյա Արման Խոստիկյանն է։ Կիրառված բռնությունից նրան «բաժին է հասել» ոչ միայն բռունցքի, այլև էլեկտրաշոկով անհաշվելի հարվածները․

«Մոտ 10-12 դիմակավորված անձիք են մտել պատժախուց ու այնտեղ գտնվող երեք տղաներին սկսել դաժանորեն ծեծել․ երկուսին՝ ոտքով, ձեռքով ու ռետինե մահակներով, իսկ Արմանին՝ էլեկտրահարել են։ Հետո էդ վնասվածքներով, անօգնական թողել ու գնացել են։ Ոչ մի բուժօգնություն չի տրամադրվել»,- դեպքի մանրամասները Forrights-ին է հայտնում Արմանի կինը՝ Լիլիթը։

Ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսի 23-ի առավոտյան ՔԿՀ աշխատակիցներից մի քանիսը մտել են պատժախուց և փնտրել արգելված իրեր։ Չգտնելով դրանցից ոչ մեկը, վերցրել են թուլատրելի համարվող նվագարկիչն ու դուրս եկել խցից։ Մի քանի րոպե անց, սակայն, վերադասներից մեկն է մտել և կտրուկ տոնով սպառնացել՝ էս ինչեր եք ձեզ թույլ տալիս, հեսա ձեր հալը կտենաք։ Րոպեներ անց պատժախուց են ներխուժել դիմակավոր անձիք և առանց որևէ բառ ասելու սկսել են դաժան ծեծի ենթարկել այնտեղ գտնվող երեք դատապարտյալի։

Հիմնարկի այս դաժան միջադեպի մասին առաջինն ահազանգեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ Ժամեր անց լուրին անդրադարձավ Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ․

«Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով։ Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, սակայն, խախտումներ էր արձանագրել միջադեպի վերաբերյալ։

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցի ընթացքում արձանագրել էր բռնության հետքեր, նաև այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա էին ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում։

Դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն օրեր առաջ Forrights-ի հետ զրույցում փոխանցել էր, որ դեպքի առթիվ Հրատապ զեկույց են ուղարկել Արդարադատության նախարարություն, իսկ Գլխավոր դատախազությունում՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Այսօր ավարտվում է նախարարության պատասխանի համար սահմանված հնգօրյա ժամկետը, սակայն խումբը պատասխան դեռ չի ստացել։

Կատարված բռնության վերաբերյալ շշուկներ են պտտվում, որ նման ձևով իրավապահ մարմինները հաշվեհարդար են տեսնում քրեական ենթամշակույթի դեմ։ Փաստացի ակնարկելով, որ պատժախցում գտնվողները դրա կրողներն են։

Դատապարտյալ Խոստիկյանը, այնինչ, համաձայն չէ այս որակման հետ, ինչի համար բաց նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մանրամասնում է պատժախցում հայտնվելու և «գողական աշխարհին» չհարելու մասին․

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, նախ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես ոչ մի ենթամշակույթի չեմ պատկանում, չեմ պատկանել և չեմ պատրաստվում պատկանել կամ պաշտպանել ինչ-որ ենթամշակույթի շահերը: Այս ամենը գրավոր եմ գրում, որ ոչ մեկի մտքով չանցնի այդ պայքարի անունի տակ Ձեզ սպեկուլյացիաների ենթարկել ու փորձեն մոլորեցնել։ Այդ օրը ես գտնվում էի պատժախցում և լրանում էր պատժաժամկետի վերջին 10-րդ օրը, իսկ պատժախուց ինձ նշանակել էին հեռախոս պահելու համար։

Ես երկու անչափահաս երեխաների հայր եմ և այդ պատճառով եմ հեռախոս օգտագործում։ Հասկանում եմ, որ դա արգելված է, բայց հոր բնազդը և կարոտը ստիպում են այդ արգելքը խախտել»,- իր նամակում գրել է դատապարտյալը։

Բռնության ենթարկված դատապարտյալը հիշեցնում է երկրի ղեկավարին ապօրինությունների համար պատժելու նրա խոստումները, հարց բարձրացնելով՝ մի՞թե պատժելու խոստումը միայն հասարակ ժողովրդին էր վերաբերում, իսկ ուժային կառույցները չպե՞տք է պահպանեն օրենքը․

«Առաջնահերթ՝ Ձեզ, հետո էլ հասարակ ժողովրդին սպեկուլյացիայի ու մոլորության ենթարկելով, թե, իբր, պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, բայց ակամա հիվանդ կալանավորների վրա հագեցնում են իրենց սադիստական ախորժակները: Այս անգամ լավ է, որ «Նուբարաշեն» բանտի ադմինիստրացիան և պետը մեծատառով մարդիկ են, որոնք րոպե առաջ ներս մտան ու փրկեցին ինձ դահիճների ձեռքից: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք մի քիչ ուշանային»։

Հավելենք, որ ամիսներ առաջ Արման Խոստիկյյանը եղբոր՝ Վաղարշակի հետ հադացուլ էր հայտարարել։ Նման ծայրահեղ քայլի միջոցով խնդրում էին վերանայել իրենց քրեական գործը, հաշվի առնել նոր երևան եկած հանգամանքը և արդար քննություն նշանակել․

«Ավտոմեքենա գողանալու մեղադրանքով երկուսին էլ դատել են, բայց էդ սարքած գործ ա, ոչ ապացույց կա, ոչ տեսնող ա եղել, ոչ էլ գործով առկա փաստեր կա։ Քննիչը վկաներից սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ դուռը փակել ու ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու։ Ինձնից էլ փող էին ուզում, չտվեցի, ավելի կատաղեցին ու բռնեցին ամենաաբսուրդ ձևով դատապարտեցին։ Ընդամենը մեքենա գողանալու հոդվածով դատապարտեցին 11 և 12 տարի ազատազրկման, անգամ հաշվի չառան այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրն ունի երկու անչափահաս երեխա»,- Forrights-ի հետ զրույցում վրդովված պատմել էր տղաների մայրը՝ տիկին Թելինեն։

Խոստիկյանները հացադուլը դադարեցրին միայն 24 օր անց, երբ տեղեկություն ստացան, որ իրենց կողմից բողոքարկած գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր քրեական գործով դեռևս էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here