Գողության մեջ կասկածվող 28-ամյա Վոլոդյա Ստեփանյանը հուլիսի 15-ից գտնվում է հացադուլի մեջ: Նա պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: Նախկինում նա նույն գործով կալանքի տակ է եղել: Ազատվել է հունիսի 1-ին, ստորագրություն տալով չհեռանալու մասին, ապա կրկին կալանավորվել է:

Հուլիսի 15-ին 28-ամյա երիտասարդին ապօրինաբար, առանց համապատասխան որոշման բերման էին ենթարկել Եղեգնաձորի ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշտանգել և ծեծի էին ենթարկել: Այս մասին մեզ ահազանգել էր Վոլոդյայի մայրը՝ Գոհար Սուքիասյանը: Ըստ նրա, քննիչները ցանկանում են Վոլոդյայի վրա բարդել բազմաթիվ չբացահայտված գողություններ:  Ընտանիքը կորցրել է կապը նրա հետ: Տղային թույլ չեն տալիս անգամ հարազատների հետ կապվել: Նրա հեռախոսազանգերի վրա արգելանք կա:

Վոլոդյայի մայրը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, վստահեցնում է, որ որդին այս պահին բացարձակ անօգնական վիճակում է, թեև երկու փաստաբան է ունեցել:

Առաջինը՝ հանրային պաշտպան Վահե Մարգարյանը չէր այցելել իր որդուն «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ վերջինս գտնվում է հուլիսի 15-ից, պատճառաբանելով, որ ինչու պետք է Երևան հասնի ոչ աշխատանքային օրով, որ իրեն ոչ ոք չի վճարում դրա համար: Այս կապակցութամբ Գոհար Սուքիասյանը դիմել էր Փաստաբանների  պալատ:

Epress.am-ին Վահե Մարգարյանը պատմել էր, թե ինչ սարսափելի հանցագործություն է կատարել իր պաշտպանյալը, ասելով. «Իմ ներկայությամբ խոստովանական ցուցմունք է գրել: Խոսքը 9 էպիզոդի մասին է՝ Նոյեմբերյանից, Շամշադինից, Ապարանից, Վայքից, Եղեգնաձորից, տարբեր տեղերից տերմինալներ են գողացել, տարել, ջարդել են, փողերը միջից հանել են»:

Երկրորդ փաստաբանը, որը այսօր ներկայացնում է Վոլոդյայի շահերը՝ Գուրգեն Հովհաննիսյանն է: Նա հերքել է խոշտանգումների, ոստիկանական բաժանմունքում Վոլոդյային ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը, ասելով, որ նման բան չկա, որ Վոլոդյան ասել է, որ իրեն չեն խոշտանգել և որ քննիչը «նորմալ տղա» է:

Մինչդեռ Վոլոդյայի ստացած մարմնական վնասվածքները արձանագրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվելու պահին:

Փաստաբան Հովհաննիսյանը նաև հայտնել է մամուլին, որ իր պաշտպանյալի  մայրը՝ Գոհար Սուքիասյանը, իրեն տեռորի է ենթարկում ու որ ինքը չի կարող թողնել բոլոր գործերը ու նրա զանգերին պատասխանել:

Հովհաննիսյանի այս հայտարարությունը առաջացրել է Վոլոդյայի հարազատների՝ մոր և կնոջ վրդովմունքը: Նրանք գտնում են, որ փաստաբանը իր պաշտպանյալի շահերի դեմ է աշխատում:

«Նոր պաշտպանը բացարձակ անգործություն և աանտարբերություն է ցուցաբերում գործի նկատմամբ, — Forrights.am-ին հայտնեց Վոլոդյա Սուքիասյանի կինը՝ Ալվարդ Առաքելյանը, — նա անգամ մեզ չի տեղեկացրել, որ իրեն նշանակել են ամուսնուս գործով պաշտպան: Ներգրավվելուց հետո նա մեզ հետ կապ չի հաստատել: Մենք ամուսնուցս ամիս ու կես է, լուր չունենք, միայն պաշտպանը կարող էր մեզ լուր տալ, բայց դա էլ չի անում: Մենք օրեր շարունակ նրան զանգում ենք, որ գոնե կարողանանք կապ հաստատել, բայց մեզ ոչ մի հստակ բան չի ասում: Նա ոչինչ չի արել, իմանալով, որ ամուսինս հացադուլի մեջ է: Նույնիսկ չի միջնորդել, որ ամուսնուս թույլ տան զանգել մեզ: Ինձ ասեց, որ կգնա բերդ, բայց ոչ էլ գնացել է:

Մայրը արտերկրից անընդհատ զանգում ա, նա չի պատասխանում զանգերի: Ամուսինս լրիվ մենակ է, հոգեբանորեն, և իրենք իրենց ուզած չափով արդեն կազմած գործերը բարդում են վրան: Ամուսինս ստել է, ասելով, որ իրեն չեն խոշտանգել, ճնշված է եղել: Փաստաբանը ակնհայտ պաշտպանում է քննիչին, և դա մեզ անհանգստանալու առիթ է տալիս, որ նա ոչ թե կօգնի ամուսնուս, այլ կանի քննիչի ուզածը»:

Մենք կապ հաստատեցինք փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանի հետ: Մեր հարցերին պատասխանելով, նա ասաց, որ մի երկու-երեք օր առաջ եղել է բերդում, տեսել է իր պաշտպանյալին և հորդորել է նրան դուրս գալ հացադուլից:

«Նա հացադուլավորի համար նորմալ վիճակում է: Ես նրան հորդորել եմ, որ դուրս գա հացադուլից: Նրա պահանջն է՝ որ իրեն ազատ արձակեն: Նա ասում է, որ այն ժամանակ դուրս կգա հացադուլից, երբ որ իրեն ազատ կարձակեն: Նրա պահանջը միայն դա է: Ես էլ քննիչին խնդրեցի, որ խափանման միջոցը փոխեն ավելի մեղմ միջոցով», — ասում է փաստաբանը: Նա ասաց, որ որևէ վնասվածք չի տեսել իր պաշտպանյալի վրա: «Երբ որ ես տեսել եմ, մոտավորապես անցել է 10-15 օր, նրա վրա չի եղել կապտուքներ: Նա ինձ ասել է՝ ոչ ոք ինձ չի կպել»:

Ինչպե՞ս եք բացատրում այն հակասությունը, որ իր կնոջը Վոլոդյան ասել է, որ իրեն ծեծել են, իսկ Ձեզ՝ ոչ: Այս հարցի պաատսխանեը նա չունի: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի կազմած վնասվածքների արձանագրությանը ծանոթ չի:

«Իսկ մայրը, որ զանգել է ՌԴ-ից , ես նիստի եմ եղել, ես պատասխանել եմ  նրա հարցերին, բայց միշտ չէ, որ կարողացել եմ խոսել», — ասաց Գուրգեն Հովհաննիսյանը: Վստահեցնում է՝ իր պաշտպան ներգրավվելուց հետո իր պաշտպանյալի վրա ավելորդ մեղադրանքներ չեն բարդվել: «Ես մասակցել եմ Սուքիասյանի հարցաքննությանը, և այն դրվագները, որոնք ինքը չի կատարել, որոնց վերաբերյալ իր դեմ այլոց ցուցմունքներ կան, նա հերքել է: Սակայն կան նախկինում տրված ցուցմունքներ, որոնք նա հաստատել է», — ասում է Գուրգեն Հովհաննիսյանը:

Հացադուլի ու ջրադոլի մեջ գտնվող Վոլոդյայի կինը դիմել է Մարդու իրավունքների գրասենյակ: Սակայն գրասենյակից մինչ օրս հացադուլավորին չեն այցելել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest