ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նպատակադրվել են վեր հանել «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների անունները և նրանց պատասխանատվության կանչելու իրավական գործընթաց սկսել:
Առնվազն 35 դատավորների կայացրած ակտերն են լինելու ուսումնասիրության ծիրում:
Ալեքսանդր Ազարյանը. որը 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, Մարտի 1-ով ամենաակտիվ դատավորներից է: Որպես նախագահող դատավոր լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը:
Մարտի 1-ից 12 տարի անց ՀՀՇ-ի Հրազդանի տարածաշրջանի շտաբի ղեկավար Արամ Բարեղամյանը բարկանում է, երբ նրան հարցնում են՝ արդյո՞ք չի կարող մարդկայնորեն ներել իր գործով վճիռ կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանին:
«Իսկ կա՞ քաղբանտարկյալներին ապօրինի դատապարտողներից մի դատավոր, որը նրանցից ներողություն է խնդրել: Դուք լսած կա՞ք նման դատավորի մասին, — հարցնում է, — Եթե նրանք ընդունակ չեն ներողություն խնդրելու, ես էլ չեմ պատրաստվում ներել»:
Արամ Բարեղամյանին ձերբակալել են հիվանդանոցում՝ ջարդած գլխով: Նա Ազատության Հրապարակում ոստիկանական մահակներով առաջին ծեծվածներից է եղել: «Ինձ ուղեղի ցնցումով, արյան մեջ տեղափոխել են հիվանդանոց: 7 օր քրեականի տղաները հետս պարկած էին: Ապաքինվել եմ բանտում: Հիշում եմ, որ մի ամիս անցել էր, դեռ գլխիս կարերը չէին քանդել: Եվրոպական կառույցներից եկան, նոր էդ հանդիպումից առաջ խուճապահար կարերս տարան, քանդեցին, խուճապահար կարերը քանեցին ու հինգ րոպե հետո հանդիպել եմ եվրոպական կառույցներին, ամեն ինչ ասել եմ նրանց», — հիշում է Բարեղամյանը Forrights.am— խնդրանքով:
Բարեղամյանին դատապարտել են 6 տարվա ազատազրկման մեկ ոստիկանի ցուցմունքով՝ Գարեգին Քամալյանի:
«2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», — գրված է մեղադրականում:
«Անմիջապես ցուցմունք գրելուց հետո նրան տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ, հենց ցուցմունքը տվեց, պաշտոն տվեցին, գոնե մի քիչ սպասին ձևի համար: Հետաքրքիր ա, որ էդ նույն մարդը 2018 թվականին ՀՔԾ-ում հարցաքննվեց ու ասեց, որ չի պնդում իր ցուցմունքը», — ասում է Արամ Բարեղամյանը:
Ալեքսանդր Ազարյանը նրա մեջ տպավորվել է իր մերժումներով:
«Դա դատավարոթյուն չէր: Ինչ ասում էինք, մերժում էր: Մի ոստիկանի ցուցմունքով դատեց: Ընդեղ դատավոր չկար: Ասում էի՝ լավ, պարոն դատավոր, հարգելի դատարան, էդ ամբողջ Ազատության հրապարակում մի մարդ չկար, որ տեսներ, թե ես հարվածել եմ, գոնե մի մարդ: Նրա համար կարևոր չէր, ինչ ենք ասում: Նա չէր էլ լսում: Պետք էր արագ գործը վերջացներ: Ասել էին՝ պետք է դատվի ու վերջ: Ինձ այդպես էլ ասեց քննիչը՝ Արիս Երեմյանն էր ՀՔԾ-ի իմ քննիչը՝ դու պետք է դատվես: Հիմա ընտանիքով գտնվում է արտերկրում: Ինձ ասում էր՝ եթե ես քրեական հոդվածները չշարեմ, էս Հյուսիսայի պողոտայում ինձ «զաստավիտով» տուն առնել են տվել, հիպոտեկով, պետք է փակվեմ, երեխեքս իրավաբանական են սովորում, պետք է ավարտեն, գործի դնեմ, եթե ես քո վրա գործ չսարքեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Այդպես էլ ասում էր: Հիմա ասում են՝ ներեք, ի՞նչը ներեմ»:
Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով 2020թ. հունիսին վճռաբեկ դատարանը բեկանել է Արամ Բարեղամյանի առաջին եւ վերաքննիչ ատյանների ակտերը:
«Կան քննիչներ, դատախազներ, դատավորներ, որոնք անձամբ են խնդրել, որ իրենք մտնեն Մարտի 1-ի քննող խնբի մեջ, որ իրենք քաղաքական պատվեր տան», — համոզված է Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս Գևորգյանը:
Ֆելիքս Գեւորգյանին ստիպել էին իր վրա վերցնել 2008թ. մարտի 1-ի 10 զոհերից որեւէ մեկի սպանության մեղքը, ապա` քրեական գործ հարուցել, թե իբր նա 2011թ. ընթացքում Երեւանի տարբեր հատվածներից գողացել է մետաղյա մալուխներ, էլեկտրական շարժիչներ եւ այլ գույք։
2011 թվականի սեպտեմբերին Գևորգյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժնի ավելի քան 10 աշխատակիցներ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկանները ստիպել են, որ իր վրա վերցնի 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանություններից մեկը: Գևորգյանը հրաժարվել է: Բաժնում նրան խոշտանգումների են ենթարկել, շիկացած երկաթով այրել են ոտքը:
Հիշում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը. «Սա միակ գործն է, որով “փաստվել” է, որ ցուցարարները զենք են ունեցել: Այդ մեկ կոնկրետ մեկ եւ միակ “զինված” ցուցարարը հենց եղել է Ֆելիքս Գեւորգյանը: Իշխանությունները ցայտնոտի մեջ ընկած զենք էին որոնում ցուցարարների ձեռքին դեռ դեպքերից մի քանի ամիս անց: Խնդիրը միջազգային հանրությանն ապացուցելն էր, թե ցուցարաների մոտ զենք է եղել, զինված են եղել: Պետք էր նախ զենք տալ ցուցարարների ձեռքը ապա այդ զենքը դարձներ մարտիմեկյան սպանությունների գործիք եւ այդ ծանր բեռը մնացել էր դատավոր Ազարյանի ուսերին»:
Ըստ նախաքննության տվյալների, որոնք հաստատվել են նաեւ դատավոր Ազարյանի կողմից Ֆելիքս Գևորգյանն իբր, ինքնաձիգներ և այլ զենքեր է հափշտակել ու «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգով ու մի քանի փամփուշտ ներով Մարտի 1-ին գնացել է Երևան, «անկարգություններին» մասնակցելու։ «Ժամը 23.30-ի սահմաններում, գտնվելով Երևանի Պարոնյան փողոցում և նկատելով, որ ոստիկանները` հետ մղելով զանգվածային անկարգությունների մասնակիցների առաջխաղացումը, Լեո և Պռոշյան փողոցների խաչմերուկի կողմից ցանկանում են գնալ դեպի Մաշտոցի պողոտա, մտել է Պարոնյան փողոցի թիվ 7 բնակելի շենքի առաջին մուտքը, պարկից հանել է ինքնաձիգը, լիցքավորել այն, ապա դուրս է եկել փողոց և «Ութ» սուպերմարկետի դիմացի մայթում, ոստիկաններին վախեցնելու և զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով ինքնաձիգից երեք անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ»։
Նրա հայրը վստահեցնում է, որ այդ օրը Ֆելիքսը ընդհանրապես տանից դուրս չի եկել:«Նա այդ միտինգներին ընդհանրապես չի մասնակցել, ես թույլ չեմ տվել: Այսօր արդեն Մարտի 1-ի գործի նոր քննությամբ ապացուցված է, որ Ֆելիքսին ապօրինաբար երկար ժամանակ պահել են Եղվարդի մեկուսարանում, պադվալում, ծեծի ու խոշտանգումների են ենթարկել»: Նա «վառ» հիշողություններ ունի Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ:
«Ֆելիքսին թույլ չէին տալիս փաստաբան ունենալ: Նաև ստիպում էին, որ նա համաձայնվի արագացված դատերի: Երբ որ իրեն բերեցին դատարան, դատախազ Աշոտ Նադոյանը անձամբ մտավ նրա պահման վայր և սկսեց ահաբեկել տղայիս, ասելով՝ եթե հրաժարվես արագացված դատից, տես, թե քո գլխին ինչ կսարքեմ»: Իսկ իմ նկատմամբ դատավոր Ազարյանը սանկցիա կիրառեց ու մինչև դատավարության ավարտը թույլ չտվեց մասնակցել դատերին: Ես դա երբեք չեմ մոռանա», — պատմում է Պետրոս Գևորգյանը:
Ալեքսանդր Ազարյանը վճռով Ֆելիքս Գևորգյանին մեղավոր ճանաչեցին 4 հոդվածներով: Խոշտանգումների հետևանքով մինչ օրս առողջական խնդիրներ ունի:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: