Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդեց գործից հեռացնել մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանին։ Վերջինս, ըստ մեղադրյալի աթոռին հայտնված Խաչատրյանների, կաշկանդվածություն ունի և ի վիճակի չէ այս գործով լուրջ որոշում կայացնել։

Դատարանը մերժեց փաստաբանների այս միջնորդությունը։ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրվող ֆինանսների նախկին նախարարի պաշտպանն այսօր միջնորդեց ազատել Խաչատրյանին կալանքից։

Անդրադառնալով այս միջնորդությանը` մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց՝ այն ենթակա է մերժման, որովհետև նախկին բարձրասիճան պաշտոնյան դեռ ազդեցություն ունի այս գործով անցնող իր նախկին աշխատակիցների վրա, իսկ ազատության մեջ լինելու պարագայում վտանգ կա, որ նախկին նախարարը կխոչընդոտի գործի քննությանը։

Մեղադրող դատախազը որպես հիմնավորում նշեց այն հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, եղբորորդին թաքնվում են քննությունից.

«Մասնակիցների վրա անօրինական գործադրելու հավանականությունը հավասարապես առկա է Գագիկ Խաչատրյանին վերագրվող բոլոր հանցավոր դրսևորումների հետ: Դա նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ բոլոր վերը թվարկված հանցագործությունների կատարմանը վերջինս ներգրավել է այնպիսի անձանց, որոնք նրա կողմից ղեկավարվող պետական մարմիններում և նրա ընտանիքին պատկանող առևտրային կազմակերպություններում զբաղեցրել կամ զբաղեցնում են պաշտոնական բարձր դիրք»:

Գագիկ Խաչատրյանի փաստաբանը շարունակեց՝ քննիչի ու դատախազի ապօրինի մերժմամբ իրենց չեն տրամադրվել այս գործով իրեղեն ապացույց համարվող փաստաթղթերը, լազերային սկավառակները, աուդիո ու վիդեո ֆայլերը։ Խաչատրյանի փաստաբանները դատարանում հայտարարեցին՝ այս պայմաններում իրենց համար պաշտպանության անհնարինություն է առաջանում։

Ի դեպ, Խաչատրյանին մեղսագրվող մեղադրանքներից մեկով էլ նրա ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատանքի չհաճախելով աշխատավարձ են ստացել։ Փաստաբաններն ասացին` այդ գործով անցնող առնվազն 6 անձ չի հարցաքննվել, դատախազը պատասխանեց՝ որովհետև երկրում չեն։ Խաչատրյանների մյուս փաստաբաններից Ամրամ Մակինյանը հակադարձեց՝ եթե երկրում չեն, ապա ինչպե՞ս կարող է Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ լինելով ճնշում գործադրել նրանց վրա.

«Հասարակությունը շատ լավ գիտի` ես ինչի մասին եմ խոսում, հարգելի դատարան, այս գործն այն պահից` այսօր ժամը 12-ից սկսած, երբ որ մտավ հրապարակային դատաքննություն, այդ միֆերը մենք ամբողջը ցույց ենք տալու: Էս գործը փրկություն չունի, որովհետև նախաքննության գաղտնիությունն ավարտվել է»:

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն ի պատասխան փաստաբանների պնդումների ասաց՝ դատարանին ներկայացված են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մեղադրանքներին առնչվող բոլոր նյութերը, դրանք նաև պաշտպանական կողմին են տրամադրվել։

Մեղադրող դատախազը հայտարարեց՝ փաստաբանները վերացական դիտարկումներ են անում, որոնք մեղադրանքի հետ ոչ մի առնչություն չունեն, և դրանք ներկայացնում են այնպես, իբր դատարանը չի ուսումնասիրել դրանք։ Դատախազը դիմելով դատավորին նաև ասաց` ինչո՞ւ փաստաբաններն օրինակ չեն նշում, որ Գագիկ Խաչատրյանի որդիների մասնավոր ընկերության աշխատակիցը վարձատրվել է պետբյուջեից, որ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ուշագրավ ցուցմունք է տվել, թե պարարտանյութերի ձեռքբերման առումով Գագիկ Խաչատրյանն իրեն ինչ է ասել.

«Սերգո Կարապետյանը ներկայացրել է, որ ինքը մեծ դժգոհությամբ է ընդունել Գագիկ Խաչատրյանի միջամտությունը` աշխատակազմի միջոցով Գյուղատնտեսության նախարարության հարցումներ են ուղարկվել տարբեր ընկերությունների, թե ինչ գնով կարելի է ձեռք բերել ազոտական պարարտանյութը: Այդ գնային առաջարկը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է Գագիկ Խաչատրյանը, որ այն ժամանակ եղել է ֆինանսների նախարարը: Մի քանի օր հետո նոր կրկին Սերգո Կարապետյանին ասել է, որ դու էս պարարտանյութի ձեռքբերման գործընթացի հետ կապ չունես, հանկարծ չխառնվես էս գործընթացին»:

Գագիկ Խաչատրյանն անազատության մեջ է շուրջ 1 տարի, 3 ամիս էլ հոսպիտալացված է եղել «Աստղիկ» ԲԿ-ում։ Փաստաբաններն ասացին, որ վաղը լրանում է Խաչատրյանին կալանքի տակ պահվելու առավելագույն ժամկետը։ Ամրամ Մակինյանն ու Երեմ Սրագսյանն ասացին, որ իրենք միջնորդություն են ներկայացրել՝ հանել Գագիկ Խաչատրյանի բանկային հաշիվների վրա դրված կալանքը, բայց դա անգամ չի էլ քննարկվել։

Փաստաբանը պնդեց՝ հաշիվների վրա դրված կալանքը պետք է հանվի, որպեսզի Խաչատրյանը կարողանա ՄԻԵԴ-ի պահանջը կատարի՝ սեփական միջոցներով արտերկրից բժիշկ հրավիրելու համար։ Խաչատրյանի փաստաբանների խոսքով՝ նա երբեք չի խոչընդոտել գործին, չի թաքնվել, հետևաբար կալանավորման հիմքերը ենթակա են մերժման։

Երեմ Սարգսյանը շարունակեց՝ Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, հենաշարժողական ֆունկցիայի խանգարումներ են առաջացել, նա արդեն հենափայտով է։

«Սա խոշտանգում ու վատ վերաբերմունք է,-ասաց փաստաբանը` շարունակելով. — Միջնորդում եմ, որպեսզի Գագիկ Խաչատրյանն ազատ արձակվի, նրա նկատմամբ ընտրվի այլընտրանքային խափանման միջոց, որը հնարավորություն կտա, որպեսզի անձը համապատասխան, համարժեք բուժում ստանա: Այսօր տեսանք, որ չկարողացավ էս վատ վիճակի պատճառով 2 օր դատական նիստին ներկայանալ»:

Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորդու գործով մեկնարկած առաջին դատական նիստը տևեց 6 ժամից ավելի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը պարզ կլինի այսօր, թե վաղը, դատավորն ասաց` լրացուցիչ կհայտնեն:

Գագիկ Խաչատրյանը համարվում է նախկին պաշտոնյաներից ամենաազդեցիկներից մեկը, նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության մեջ։

Այսպիսով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պետությանը պատճառվել է շուրջ 20 միլիարդ դրամի կամ ավելի քան 41 միլիոն դոլարի վնաս, այս թվի մի մասը կազմում է կաշառքի առարկա հանդիսացած գումարը։ Առանձնապես խոշոր չափի յուրացման դրվագով 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest