Նախօրեին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  դիմակավորված անձինք ներխուժել են դատապարտյալներից մեկի խուց և «սպանում են» նրան․

«Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների: Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել»:

Իրավապաշտպանի տեղեկություններով դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել առնվազն երկու դատապարտյալի:

Ահազանգին ժամեր անց անդրադարձավ Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով լուրը։ Խոսնակի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ․

 «Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով։

Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»,- պազաբանում է խոսնակը։

Forrights-ը կապ հաստատեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն հետ, ով վաղ առավոտից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում։ Նրա տեղեկացմամբ՝ նախօրեի դեպքի առթիվ Հրատապ գրությամբ հանդես կգան Արդարադատության նախարարությունում, իսկ Գլխավոր դատախազությունում՝ հաղորդում կներկայացնեն․

«Տեղում առանձնազրույց ենք ունեցել դատապարտյալների հետ, դիտարկել ենք առանձին խցեր, կազմել՝ արձանագրություններ, որոնք կուղարկվեն Արդարադատության նախարարություն։ Հնգօրյա ժամկետում պատասխան ստանալուց անմիջապես հետո՝ մեր այցի մանրամասները կհրապարակենք»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով երեկ ԱՆ տարածած հաղորդագրության՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների իրավաչափությանը, դիտորդական խմբի ղեկավարը նկատեց՝ յուրաքանչյուր դեպքում հատուկ միջոցի և ուժի կիրառումը պետք է տեղի ունենա կոնկրետ հիմքերով՝ հարգելով համաչափության սկզբունքը․

«Պետք է իմանաս՝ ինչի համար ինչ ես իրականացնում, առաջնային նպատակ ունենալով ազատազրկված կամ կալանավորված անձի իրավունքների պաշտպանությունը։ Չպետք է իրականացվի համաչափության սկզբունքի խախտում, չպետք է կիրառված միջոցները լինեն ավելի, քան հետապնդվող նկատակը։ Չես կարող քո քայլերով վնաս պատճառել կամ վատթարացնել անազատության մեջ գտնվող անձի առողջական վիճակը»։

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է արագ արձագանքման խումբ ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ․

«Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ: Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ։

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում»։

Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված ՄԻՊ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ: Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest