Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հետաձգվել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:

«Այսօր ժամը 12-ին նշանակված էր Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

Տեղեկացնում եմ, որ նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել։

Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝Տիգրան Մեծ 23/1)»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Իսկ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest