«Բևեռի հայաստանաբնակ մասնակիցներին կոչ ենք անում համախմբման և պայքարի»․ խորհրդաժողով

0
81

Մի շարք հասարակական, քաղաքական և պետական գործիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Ազգային-ժողովրդավարական բևեռի քաղաքական խորհրդաժողովը, որ կազմակերպվել էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ:

Հանդիպման ընթացքում խորհրդաժողովն իր գնահատականը տվեց անկախության շուրջ երեսուն տարիների քաղաքական ընթացքին, ներկայի բնութագրին և սահմանեց բևեռի հետագա անելիքները։

Բացման խոսքով հանդես եկավ քաղաքագետ Արա Պապյանը, ով պատմական ակնարկ կատարեց անկախության հռչակագրին՝ համոզմունք հայտնելով, որ այսօր պետությունը շեղվում է դրա որդեգրած քաղաքականությունից․

«Գլխավորապես մենք երկու խնդիր լուծելու նպատակ ունենք՝ կազմել հակաճգնաժամային անցումային կառավարություն՝ կոլեգիալ կառավարման ձևաչափով և իշխանության անկման պահից ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը։ Ցավոք սրտի, ներկայիս վարչախմբի կարողությունները էապես չեն համապատասխանում մեր աչքի առջև ահագնացող այդ մարտահրավերներին»,- քննարկման ընթացքում իր խոսքում նշեց Պապյանը:

Համաժողովին անդրադարձ կատարվեց 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությանը։ Քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի ձևակերպմամբ՝ հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը նախորդ վարչախմբերի նման շարունակում է հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չեն արդարացվել հեղափոխական սպասումները և խոստումները․

«Երկու տարվա ընթացքում քայքայվեցին պետական գրեթե բոլոր կառույցները։ Փաշինյանը եկավ իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով, միաժամանակ հայտարարելով, որ ձեռնպահ է մնալու արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություններից։

Այսօր մենք ապրում ենք առանց գրեթե լիարժեք գործող խորհրդարանի, անկախ դատաիրավական համակարգի, առանց արհեստավարժ ու արդյունավետ կառավարության։ Այս ամեն ինչի փոխարեն, իշխանության բոլոր լծակները կենտրոնացած են վարչապետ Փաշինյանի ձեռքերում, ինչն իրեն դարձնում է առավել քան խոցելի դրսի ազդեցությունների համար»։

Խզմալյանի դիտարկմամբ՝ չի կարող կոռուպցայի դեմ պայքար լինել առանց օտարերկյա մենաշնորհների վերացման, ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական հաղթանակի․

«30 տարի անց պատմությունն ու ճակատագիրն ընձեռում են նախկին սխալները շտկելու նոր հնարավորություններ»։

Խորհրդաժողովին ուղերձով հանդես եկան ազգայնագետ Հրանուշ Խառատյանը, երգչուհի Հասմիկ Պապյանը և սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցան Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը և այլք։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց Ազգային համախմբման բևեռի առաջիկա անելիքները․

«Առաջիկա անելիքները բխում են հակաճգնաժամային անցումային կառավարության տրամաբանությունից, առողջ ուժերի համախմբման, ըստ այդմ, հակաճգնաժամային անցումային կառավարության կազմավորման, ծրագրի մշակման և քաղաքական դիրքավորման նպատակներից։

Շարունակելով առողջ ուժերի և գործիչների լայն համախմբումը՝ անհրաժեշտ է սկսել հակաճգնաժամային անցումային կառավարության ստեղծման գործընթաց՝ բացառելով նախկին ռեժիմներին, պետության զավթման և ոճրագործությունների կազմակերպիչներին, ինչպես նաև նրանց, որ այսօր այս կամ այն ձևով միացել են այդ անձանց։

Շարունակել ռազմավարական ոլորտային խմբերի ձևավորումն ու գործունեությունը՝ նպատակ ունենալով նրանց կատարած մշակումներն օգտագործել հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը կատարելու համար։

Ծավալել ժողովրդի համախմբման գործընթաց, այդ թվում կազմակերպել շրջայցեր, հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև տեղերում ձևավորել կառուցներ։ ժամանակն է ակտիվացնելու Բևեռի մասնակիցների գործունեությունը։

Այդ նպատակով՝ Բևեռի հայաստանաբնակ մասնակիցներին կոչ ենք անում համախմբման և պայքարի՝ այդ թվում՝ փողոցային պայքարի, իսկ արտերկրում բնակվող մասնակիցներին իրենց երկրներում հայությանը համախմբելու և պայքարին աջակցելու, ինչպես նաև տեղերում ակցիաներ կազմակերպելու։ Շուտով կներկայացնենք ձեզնից ակնկալվող աջակցության կոնկրետ ձևերի և եղանակների վերաբերյալ փաթեթ»,- նշեց Սեֆիլյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ևս եույթ ունեցավ։ Ողջունելով ներկաներին, նշեց՝ հպարտ է լինել Հայաստանի անկախության և ինքնիշխանության կրողը։

Քննարկման վերջում անդրադարձ կատարվեց նաև «Սասնա Ծռեր» խմբավորման դատավարությանը։ Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, մեջբերելով միջազգային փորձը և հռչակագրերը, շեշտեց, որ յուրաքանչյուր ոք ունի ապստամբելու իրավունքն և իրենք իրացրել են հենց այդ իրավունքը․

«Ազգային-ժողովրդավարական բևեռը, հիմնվելով ապստամբության բնական իրավունքի գերակայության վրա և հաշվի առնելով զավթված պետությունն ազատագրելու նպատակով զինված ապստամբության և խաղաղ անհնազանդության դիալեկտիկ փոխլրացումը ճանաչելու անհրաժեշտությունը, գործող վարչախմբից պահանջում է վերջ տալ «Սասնա Ծռեր»-ի ապստամբության առթիվ քննվող գործի աչառու դատավարությանը։ Պետք է ազատ արձակել դեռևս բանտում գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, հրաժարվել մեղադրանքից, իսկ մահվան ելքով դրվագները քննել անաչառ և անշահախնդիր քննչական խմբի միջոցով»,- ելույթի ընթացքում խմբավորման պահանջը ձևակերպեց Ավետիսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here