Թեև կորոնավիրուսը դեռևս ամբողջապես ուսումնասիրված հիվանդություն չէ, և տարբեր երկրներում այժմ ուսումնասիրություններ են ընթանում այս հիվանդության հետ կապված, այնուամենայնիվ, մասնագետներն արդեն իսկ առանձնացել են խոցելի խմբերը։ Կորոնավիրուսի ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում

1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք
2) Մեծահասակներտ՝ 70 տարեկան և բարձր
3) Քրոնիկ հիվանդություններով անձինք
4) Մանկահասակ երեխաները և նորածինները:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսից մահացած քաղաքացիների թվում մեծամասնություն են կազմում հենց մեծահասակները։
Օգոստոսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-նառողջացած, 833-ը մահվան ելքով: Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում:

Մեր կատարած փոքրիկ հետազոտությամբ պարզել ենք, թե կորոնավիրուսից մահացածների թվում քանի տոկոս են կազում մեծահասակները (70 տարեկեկան և ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիները):

Մահացած 833 քաղաքացիներից 462-ը 70 և ավելի բարձր տարիքի քաղաքացիներն են։ Այսինքն՝ մեծահասակները կազմում են կորոնավիրուսից մահացածների 55,55 տոկոսը։

FORRIGHTS.am-ը պարզել է նաև, թե ինչպիսին է իրավիճակը մեծահասակների խնամքի կենտրոններում և տուն-ինտերնատներում։ FORRIGHTS.am-ը թղթակցի հարցմանն ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են՝ «Նորքի տուն-ինտերնատ»-ում 92 շահառու վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 75-ն առողջացել է, 17-ը՝ մահացել: Այժմ այս հաստատությունում կորոնավիրուսի դեմ բուժում ստացող շահառուներ չկան։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվել է 35 շահառու (70-90 տարեկան)։ Բոլոր խնամյալներն այժմ ապաքինվել են, այսինքն՝ այս հաստատությունում այժմ կորոնավիրուսով վարակված և բուժում ստացող խնամյալներ չկան: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում մինչև այժմ կորոնավիրուսով հիվանդացության պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել։

«Գյումրու տուն-ինտերնատ»-ում կորոնավիրուսով վարակվել է 56 շահառու, որոնցից 5-ը մահացել է։ Վարակված մնացյալ շահառուներն արդեն ապաքինվել են

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրունում կորոնավիրուսով վարակվել է 24 շահառու։ Նրանք արդեն ապաքինվել են։ Այս հաստատությունում կորոնավիրուսով հիվանդացությամբ մահվան դեպքեր առ այսօր չեն գրանցվել։

ՀԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԱՆ

Pin It on Pinterest