ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ հանդես է գալիս մամուլի ասուլիսով, ինչը խոստացել էր ամիսներ առաջ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։ Նախքան ասուլիսի մեկնարկը Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածներին:

«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին, այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- ասաց նա:

Մինչ լրագրողների հետ հարցուպատասխաններին անցնելը, Սարգսյանը հանդես եկավ ներածական խոսքով և պարզաբանեց, թե ինչու է ընդունել ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը՝ չնայած իր համախոհներից, քաղաքական թիմի անդամներից, աջակիցներից շատերը խնդրել են օգտվել չգալու իր իրավունքից և կտրուկ մերժել հրավերը՝ այն հիմնավորմամբ, որ սա ակնհայտ քաղաքական նպատակներով ստեղծված հանձնաժողով է, որի անդամները բազմաթիվ անգամներ կանխակալ և ոչ կոռեկտ կարծիքներ էին հայտնել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ:

«Ես որոշեցի գալ, եթե անգամ մտահոգությունները տեղին են, որովհետև ուզում էի նայել նրանց աչքերի մեջ և հասկանալ՝ կա՞ այնտեղ մեկը, որ դույզն-ինչ կասկած ունի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի հաղթանակի վերաբերյալ, կարո՞ղ է մասնագիտորեն հիմնավորել, թե ինչպես է իր էլիտար ստորաբաժանումները կորցրած Ադրբեջանը հաղթել, իսկ անասելի խիզախության բազմաթիվ օրինակներով լայնածավալ գրոհները կասեցրած հայկական կողմը` պարտվել: Կա՞ մեկը, որ տեղյակ է մարդկության ամբողջ պատմության ընթացքում այնպիսի պատերազմի մասին, որտեղ առանց հրամանատարների կռվել ու հաղթել են միայն զինվորները», — ասաց Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով թեզին, հաղթանա՞կ, թե պարտություն էր Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը, նախագահ Սարգսյանն ասաց, որ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում:

«Ակնհայտ է, որ պատերազմներն ինքնանպատակ չեն լինում, պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով, երբ նա կարողանում է վիժեցնել հակառակորդի նպատակները: Որևէ պատերազմի վերջնարդյունքը չի կարող գոհացուցիչ լինել որևէ կողմի համար, եթե նա չի հասնում իր քաղաքական նպատակների գոնե մի մասի կատարմանը»,- ասաց նա:

Մինչ պատասխանելը հարցին, թե հաղթել, թե պարտվել ենք Ապրիլյան պատերազմում, կարճ անդրադարձավ այն հանգամանքին, թե արդյոք հնարավոր էր կանխել կամ խուսափել պատերազմից:

«Համոզված եմ, հնարավոր չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի: «Պատերազմից խուսափելու ընդամենը մեկ ճանապարհ կար. գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում և անընդունելի էր: Այդ ճանապարհը մեզ համար չէր»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանն անդրադարձավ նաև Գերմանիայում իր հայտնի հայտարարությանը, ըստ որի՝ «մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով»:

«Իմ այդ հայտարարությունը շահարկումների թեմա դարձավ: Կա՞ աշխարհում բանակ, որը չունի 80-ականների զենք: Եթե կգտնվի այդպիսի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործերից ոչինչ չեմ հասկանում: Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, հրաձգային զենքերն 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ բանակի սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են 40-50-ականների զենքեր…

Իսկ թե ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չկրակեց, որովհետև առօրյա պատերազմն առաջին հերթին լածնածավալ պատերազմ չէր ու եթե այն օգտագործեինք, կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա: Դրա տեղը չէր, այն շատ հզոր զենք է»,- հայտարարեց պաշտոնաթող նախագահը:


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest