«Սասնա Ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցնում է իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում տուժող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ պատժաչափերի հետ կապված։

Տուժողի իրավահաջորդ Արփինե Թովմասյանը՝ Յուրի Տեփանոսյանի կինը, ցավով նշեց, որ ոչ ոք չի կարող վերադարձնել իր ամուսնուն և երեխաների հորը.

«Թող ոչ ոք չխուսափի պատասխանատվությունը, ես իմ կորստի ցավի պատասխանատուն եմ»,- ասաց նա, նշելով, որ «Սասնա Ծռեր»-ը խոսում են հայրենասիրությունից, սակայն այստեղ հայրենասիրության մասին խոսք գնալ չի կարող։

«Պատիժը պետք է համաչափ լինի»,- հայտարարեց նա։

ՊՊԾ գնդում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը ցավով նշեց՝ ինչպե՞ս կարող է մարդ խաղաղ պայմաններում իր ծառայությունը կատարելիս զոհվի հայրենակցի կողմից.

«Դուք ասում եք, որ պատիժն անհամաչափ է, ձեր հանդեպ անարդար են, իսկ դուք մեր հանդեպ արդա՞ր գտնվեցիք»,- ներկաներին հարց ուղղեց նա։ Ըստ Ոսկանյանի՝ պատիժը անհամաչափ է. «Միջնորդում եմ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժները նշանակել»,֊ դատարանին դիմելով ասաց նա։

Տուժող կողմի դիրքորոշման հրապարակումից հետո, դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը շարունակել սեպտեմբերի 30-ին։ Հաջորդ նիստին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։


Pin It on Pinterest