«Ընտրությունները չեղյալ համարելու պահանջով դատարան չդիմեցի, որ ավելի չվարկաբեկվենք»

317
Ձախից աջ՝ Սուրեն Անտոնյան, Երվանդ Խունդկարյան, Ստեփան Միքայելյան

Օրեր առաջ դատական իշխանության կայքում «Հաղորդագրություն» վերտառությամբ հայտարարություն տարածվեց այն մասին, որ ընտրություններում հաղթած ԲԴԽ անդամ՝ Ստեփան Միքայելյանի պահանջով վերահաշվարկ է իրականացվել: Պարզվել է, որ հինգ դատավորից բաղկացած Հաշվիչ հանձնաժողովն իրականում սխալ է հաշվել քվեաթերթիկները և 194-ի փոխարեն արձանագրել 204 քվեաթերթիկ, այնինչ վերահաշվարկից հետո պարզվել է, որ այն 194-ն է:

Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը 97-ն է եղել, Սուրեն Անտոնյանինը՝ 83, իսկ երրորդ թեկնածու Գոռ Հակոբյանը հավաքել էր 21 ձայն։ Հանձնաժողովը տեղում որոշել էր ավել ձայները հանել հաղթած թեկնածուի օգտից և այսպիսով խնդիրն ավարտված համարել։ Սակայն վերահաշվարկն այլ ցուցանիշ էր արձանագրել: Պարզվել է, որ Միքայելյանի և Հակոբյանի ձայները հաստատուն են մնացել, փոխարենը 10 ձայնով նվազել է Անտոնյանի ցուցանիշը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար նույնպես անհասկանալի է տասը քվեաթերթիկի ոդիսականը։ Դատավորի պնդմամբ՝ ժողովի ավարտից հետո քվեատուփը կնքված և զմռսված է եղել․

«Մեզ համար էլ է զարմանալի, թե ինչպես ենք սկզբում հաշվել 204, վերահաշվարկին՝ 194 քվե։ Գուցե թվերը խառնել ենք․ մենք տասը-տասը դնում էինք իրար կողքի։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող հստակ հայտարարել, որ ավելացած տասը քվեաթերթիկներն ինչ-որ եղանակով դուրս չեն բերվել քվեատուփից»,- նշում է Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացնում անփոփոխ թողնել հուլիսի 31-ի որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ:

Նշենք, որ վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել և ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը։

Թեկնածու Սուրեն Անտոնյանը Forrights-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս ընտրություններից հետո հանրությունն արդեն իսկ չի կարող որևէ վստահություն ունենալ դատաիրավական համակարգի նկատմամբ.

«Իրարամերժ տեղեկություններ հայտնվեց լրահոսներում: Նախ հրապարակում են մի թիվ, ապա փոխում, վերահաշվարկից հետո կրկին այլ թիվ ներկայացնում: Սակայն, ընտրությունները չեղյալ ճանաչելու հիմքով որևէ մեկը դատարան չի դիմել: Ես ինքս էլ չեմ դիմել, որ այդ դիմումի պատճառով ավելի չվարկաբեկվենք»:

ԲԴԽ հաղթած թեկնածու Ստեփան Միքայելյանը, այնինչ, անտրամաբանական է համարում ընտրություններին «ոչ լեգիտիմ» որակավորում տալը: Հակասական մեկնաբանություններին վերջ տալու համար հենց նրա պահանջով է վերահաշվարկ կատարվել:

Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված և կնիքված քվեաթերթիկները բացել և վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որևէ թեկնածուի կողմից:

«Լցոնումը, եթե արվեր, ո՞ւմ օգտին էր արվելու. այն մարդու, ում ձայներն ավելի էին շատացել։ Վերահաշվարկը, սակայն ցույց տվեց, որ իմ ձայները չեն պակասում, փոխարենը 10-ով իջնում է Սուրեն Անտոնյանի ցուցանիշը: Այս պայմաններում առնվազն զավեշտալի է իմ անվան հետ նման բանը կապել: Անկախ ամեն ինչից իմ ձայներն առավել էին, և իմ լեգիտիմությունն անհերքելի էր, ես վերահաշվարկ պահանջեցի։

Այնտեղ կային հասարակական և լրատվական հարթակներ, ուղիղ եթերներ, ինչն ապացուցում էր հաշվարկի հավաստիությունը: Ուստի, ես նպատակահարմար չեմ համարում այս կարգի մանիպուլատիվ զրույցներին արձագանքել»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր­անդամ ընտրվելու համար առաջադրվել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։

Հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովում կայացած ընտրրությունների ժամանակ 145 ձայնով ՍԴ թեկնածու ընտրվեց Խունդկարյանը: 97 ձայնով ԲԴԽ անդամ դարձավ Միքայելյանը: Օգոստոսի 4-ին խորհուրդը հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որ քվեաթերթիկները 10-ով ավել են՝ 194-ի փոխարեն 204-ն են եղել: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը հենց տեղում է քննարկել առաջացած խնդիրը և կոլեգյալ որոշում կայացրել ավել քվեաթերթիկները հանել հաղթած թեկնածուի ձայներից:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը, ով առաջինը հայտնեց կեղծ քվեաթերթիկների մասին, այսօր կրկին բարձրաձայնում է՝  արդյո՞ք քրեական սպառնալիքից խուսափելու համար մինչև վերահաշվարկը չեն բացել քվեատուփը, հանել 10 ավել քվեաթերթիկները և կրկին կնքել քվեատուփը.

«Ի՞նչն էր պատճառը, որ Ստեփան Միքայելյանը, ով արդեն իսկ որպես ընտրված թեկնածու մասնակցել է ԲԴԽ նիստերին, կայացրել է որոշումներ, հետո է որոշել դիմել վերահաշվարկի համար: Տրամաբանությունը հուշում է, որ Միքայելյանը մինչ այդ պետք է դա աներ, հետո մասնակցեր նիստերին:

Եթե իրականում վստահ չէիք, որ տեղի է ունեցել լցոնումներ, ապա ի՞նչ էր լինելու, երբ վերահաշվարկից հետո պարզվեր դա: Երվանդ Խունդկարյանի կայացրած որոշումն անվավե՞ր էր ճանաչվելու, Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ ԲԴԽ նիստերը ոչ լեգիտի՞մ էին համարելու, եթե այո, ապա ի՞նչ իրավական հիմքով»,- ֆեյսբուքյան իր էջում հարցեր է բարձրաձայնում Գյոզալյանը:

Ռոզա Վարդանյան