Հայաստանի ոստիկանության բաժանմունքները սև եռանկյունիներ են, որտեղ հայտնվելով, մարդը անհետ կորում է հարազատների աչքից: Նորություն չենք ասի, նշելով, որ նրան կարող են ծեծել, թույլ չտալ, որ կապվի արտաքին աշխարհի հետ, չբացահայտված գործեր կոտրել գլխին: Միակ խողովակը դեպի արտաքին աշխարհ փաստաբանն է, և եթե բաժին բերված քաղաքացին չունի գումար, իսկ քննիչի կողմից նրան տրամադրված հանրային պաշտպանը՝ խիղճ, ապա նրա հետ կատարվում է մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Վոլոդյա Ստեփանյանի հետ:

28-ամյա երիտասարդին բերման են ենթարկել գողության կասկածաքով, առանց համապատասխան որոշում ներկայացնելու, Եղեգնաձորի ոստիկանական բաժանմունքում պահել են ավելի քան 3 ժամ, ծեծի են ենթարկել, թույլ չեն տվել կապվել հարազատներին հետ: Հուլիսի 23-ից Վոլոդյա Սուքիասյանը հացադուլի մեջ է, իսկ վերջին չորս օրերին նաև ջրադուլ է հայտարարել:

Այս մասին Forrights.am-ին ահազանգեցին նրա մայրը՝ Գոհար Սուքիասյանը, որը ներկայում ՌԴ-ում է: «Տղաս երբեք չի դատվել: Նա Ապրիլյան պատերազմի օրերին այստեղից մեկնել էր Հայաստան, որ մասնակցի պատերազմին: 1 տարի առաջ եկավ Հայաստան, հարսնացուի մոտ, ամուսնացավ, ընկավ շրջապատ: Գողություն էին արել: Փետրվարի 1-ին կալանավորվել էր, երեք ամիս մնաց կալանքի տակ, ստորագրությամբ բաց թողեցին: Հունիսի 1-ից ազատության մեջ էր: Դատախազությունը բողոքարկել էր որոշումը», — վերհիշում է նա: Որ հուլիսի 16-ին տղայի հետևից գիշերով եկել ու տարել են, իմացել է հարսից:

Տիգրան Մեծ փողոցում գտնվող վարձով բնակարանից Վոլոդյային կանչել է նրա ընկերը՝ Սարգիսը, որի հետ, ինչպես վստահեցնում է Վոլոդյայի կինը, նա վերջերս էր ծանոթացել: Վոլոդյան դուրս է եկել, գնացել է հողաթափերով ու էլ չի վերադարձել: 

«Սպասեցի, տեսա չի գալիս: Անհանգստացա, զանգեցի սկեսուրիս, որը Մոսկվայում է, լուսադեմին զանգեցին ոստիկանությունից, ասեցին՝ Վոլոդյան Եղեգնաձորում է, բերման ենք ենթարկել: Կողքից ամուսնուս գոռոցն էր լսվում՝ Էս ինչ սարքեցին իմ գլխին, ու հետո հեռախոսը կախեցին», — պատմում է Վոլոդյայի երիտասարդ կինը՝ Ալվարդ Առաքելյանը:

Ալվարդը կորոնավիրուս էր տանում և գտնվում էր ինքնամեկուսացման մեջ է: Ինքնամեկուսացել էր նաև Վոլոդյան:

 Հետագա օրերին Ալվարդը այլևս չի կարողացել խոսել ամուսնու հետ, և միայն երեք օր անց երկու բառ է փոխանակել:

«Սկեսուրս մի կերպ քննիչի հետ կապվեց, ասեց՝ գոնե մեկ րոպեով թողեք, որ խոսի կնոջ հետ: Վերջապես խոսեցի հետը: Ասեց, որ իրեն ծեծել են: Մենք այլ բան չենք խոսել: Ասեց՝ ոնց եմ, ու զանգը անջատեց»:

Հուլիսի 21-ին Վոլոդյա Սուքիասյանին կալանավորել են և տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին նրա կինը տեղեկացել է Մարգարյան ազգանունով հանրային պաշտպանից:

«Փաստաբանը ինձ ասեց, որ ինչ-որ տերմինալի գողություն ա եղել,  Վոլոդյան ինքնավնասում ա արել երկու անգամ, բայց հիմա առողջականը  նորմալ ա:  Նա չէր ուզում գնալ Երևան, ամուսնուս կալանավայրում տեսնելու: Բողոքում էր, որ ինչու պետք է Երևան հասնի ոչ աշխատանքային օրով, որ իրեն ոչ ոք չի վճարում դրա համար,  իսկ մեզ խորհուրդ էր տալիս վճարովի փաստաբանի դիմել և իրեն քիչ զանգել», — պատմում է Ալվարդ Առաքելյանը: Հանրային պաշտպան Մարգարյանից նա հրաժարվում է:

Վոլոդյայի  մոր հետ զրույցից ոստիկանական մեթոդների այլ մանրամասներ պարզեցինք. «Սարգիսը, որը ասել է տղայիս՝ Եղեգնաձորում գործ կա: Նա համաձայնության է եկած եղել ոստիկանների հետ, և խոշտանգման ներքո ինչքան չբացված գործ կա, բարդել երա վրա:  Գողոնը Սարգիսի մեքենայի մեջ են գտել, բայց նրան ազատ են արձակել, իսկ բռնել են տղայիս ու ընկերոջը՝ Խաչիկին, նրանց կապտուկներով, խոշտանգված տարել են բերդ, այնտեղ դատական բժիշկը ասել է՝ ամոթ է, գրեք՝ ընկել է»:

Հացադուլի ու ջրադոլի մեջ գտնվող Վոլոդյայի կինը դիմել է Մարդու իրավունքների գրասենյակ: Սակայն գրասենյակը ոչնչով չի օգնել, դեռ մի բան էլ խանգարել է, սուտ տեղեկություններ հաղորդելով ընտանիքին՝ հայտնելով, որ Վոլոդյայի մոտ փաստաբան է գնացել, որ  նրա առողջական վիճակը նորմալ է: Իրականում սակայն նրա մոտ ոչ մի փաստաբան չի գնացել: Վոլոդյա Սուքիասյանին ոստիկանները ծեծի են ենթարկել, քննիչը փորձել է բազմաթիվ չբացահայտված գործեր «կախել» վզին: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ոստիկանների հասցված վնասվածքները արձանագրել են: Որպես պատճառաբանություն բերվել է, թե, իբր՝ Վոլոդյան վնասվածքները վայր ընկնելու պատճառով է ստացել:

«Տղայիս տեսակցությունների ու զանգերի վրա արգելանք չկա: Ես ուզում եմ իմանալ, ինչու թույլ չեն տալիս, որ նա զանգահարի, ինչու նոր փաստաբան չեն նշանակում, կամ նշանակում են, քննիչը չի ներգրավում», — հարցնում է Վոլոդյայի մայրը:

Այսօր Վոլոդյա Սուքիասյանի հացադուլի 26-րդ օրն է:

Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը փոխանցեց Forrights.am-ին. «ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձ Վոլոդյա Սուքիասյանը հացադուլ է հայտարարել հուլիսի 22-ից, իսկ օգոստոսի 11-ից հրաժարվել է նաև ջրից։ Չնայած գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց հրաժարվում է ցանկացած բժշկական օգնությունից։  Հացադուլը կապված է իր քրեական գործի հետ։ Զանգերի համար երբևէ չի դիմել վարչակազմին։ Նշեմ նաև, որ ՄԻՊ-ից Վ․ Սուքիասյանին ոչ ոք դեռևս չի այցելել»: Իսկ ոստիկանությունից խորհուրդ տվեցին դիմել քննչական կոմիտե, որը զբաղվում է գողության գործի նախաքննությամբ: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest