ՔԿՀ-ներում կորոնավիրուս կա, մեկուսացված կամ ինքնամեկուսացված՝ ոչ

ՀՀ քրեակատարողական 12 հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանցից երեքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրանցից երկուսն այս պահին ապաքինվել և վերադարձել են ՔԿՀ, «Արմավիր»-ում պահվող կալանավորը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Դատապարտյալների և կալանավորների շրջանում ընդհանուր անցկացվել է 157 թեստավորում։

Այս մասին Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Ռուբեն Դարբինյանը։

343 թեստավորում է իրականացվել ՔԿԾ կենտրոնական մարմնի և հիմնարկների աշխատակիցների մոտ, որոնցից 69-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։ Նրանցից 8-ն այս պահին շարունակում են բուժում ստանալ։

Հատկանշական է, որ ինչպես անազատության մեջ գտնվող, այնպես էլ ծառայություն և ոչ մի աշխատակից ինքնամեկուսացված կամ մեկուսացված չէ։ Այս ամենը տարօրինակ է, հաշվի առնելով, որ վարակակիրներ կան կառույցում։

Հենց այս մտավախությունն ունեին իրավապաշտպանները, ովքեր կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից իշխանությանը հորդորում էին «օգտվել առիթից» և օր առաջ քայլեր ձեռնարկել՝ բեռնաթափել քրեակատարողական հինարկները։

Նման շտապողականությունն իրավապաշտպանները բացատրում էին նրանով, որ կալանավայրը, հանդիսանալով լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման համար անհամեմատ ավելի հարմար վայր է և մեկ վարակի դեպքն անգամ կարող է շատ արագ տարածվել ամբողջ փակ համակարգում։

Դեռ ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը դիմել էր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Արդյունքը, սակայն, ոգևորիչ չէ։

Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանց թիվն այս պահին կազմում է 95, որն ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 4.2%-ն է։

Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի կամ 11.3%-ի շրջանակում։

Ազատազրկված 60 տարեկանից բարձր շեմ և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32-ն է կամ ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։

Սրանք լոկ թվեր չեն, այլ ահազանգ, որ պետք է դատաիրավական համակարգը շուտափույթ անդրադառնա անձանց կյանքի և առողջության իրավունքի պահպանմանը։

2 միլիոն դրամ՝ ՔԿՀ-ներում սանիտարահիգիենիկ և ախտահանիչ պարագաներ ձեռք բերելու համար

Քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց շրջանում COVID-19 համավարակի ներթափանցումը կանխելու նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին սանիտարահիգիենիկ և ախտահանիչ պարագաներ ձեռք բերելու համար տրամադրվել է 2.000.000 ՀՀ դրամ, որից 2020 թվականի մարտ-հունիս ամիսներին ծախսվել է 1.626.800 ՀՀ դրամ:

Ինչպես արձանագրել է ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրակակացնող հասարակական դիտորդների խումբը, ամենաշատ գումարը ծախսել են «Երևան-Կենտրոն», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկները՝ յուրաքանչյուրը 50․360 ՀՀ դրամ․

«Ախտահանիչ միջոցների ձեռքբերումները և բաշխումն իրականացնելիս հաշվի է առնվել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, կացարանների և խցերի քանակը: Միևնույն ժամանակ, բացի քրեակատարողական ծառայության և ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված միջոցներից, պետական և միջազգային գործընկերների աջակցությամբ բոլոր հիմնարկները շարունակաբար համալրվում են անհրաժեշտ բժշկական պարագաներով և նյութերով»,- Forrights-ի հետ զրույցում նշեց խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:

Խումբը հայտնաբերել էր, որ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների ընդհանուր մուտքի մոտ և ռեժիմային գոտի մտնելիս ջերմաչափում չի կատարվում, ինչը խախտում է պարետի կողմից սահմանված որոշումը։ Հարությունյանի փոխանցմամբ՝ իրենց բարձրաձայնումից կարճ ժամանակ անց հակահամաճարակային կանոնների պահպանումը վերականգնվել է․

«Առողջապահության և հանրային առողջության թիմերը պետք է ռիսկի գնահատում իրականացնեն բանտ մուտք գործող բոլոր անձանց պարագայում՝ անկախ համայնքում կասկածվող դեպքերի առկայությունից։ Տեղեկություններ պետք է հավաքվեն հազի և շնչակտուր լինելու բոլոր դեպքերի մասին, պացիենտների վերջին շրջանի ճանապարհորդությունների և վերջին 14 օրերում հաստատված դեպքերի հետ հնարավոր կոնտակտների մասին։ Ինչպես նաև վարել բանտ մուտք գործող և բանտից դուրս եկող անձանց տեղաշարժի ամենօրյա գրանցամատյան»,- շեշտում է Հարությունյանը։

Նշենք, որ ըստ ՔԿԾ-ի՝ դեռևս ապրիլից, կանխարգելիչ համալիր միջացառումների շրջանակում, հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով, Արդարադատության նախարարությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել էր վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:

Բացի այդ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում օգտագործվեին բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի:

Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest