Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով ազատազրկում․ ի՞նչ պատժաչափեր միջնորդեց մեղադրողը

0
140

«Սասնա ծռեր» խմբի տաան անդամի գործով դատական նիստը մոտեցնում է իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառով:

Գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ սույն գործով, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի երկուսին Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Համբարյանի և Գարեգին Չուգասզյանի կողմից Երևան քաղաքում անցկացրած համատեղ ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։

Նա նշել է, որ ժողովուրդը կարող է զենք վերցնել և ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք այդ ժամանակ ծրագրավորված ձևով  ժողովրդին տանում են ցեղասպանության, հայրենազրկության։

«Դա միջազգային կարգով ժողովրդին տրվող բացառիկ իրավունք է։ Դա կյանքի իրավունք է, բնական իրավունք է»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։

Դատախազի խոսքով, զինված ապստամբություն իրականացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ են հանդես եկել նաև Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը և Արմեն Համբարյանը։

«Նշվածը հիմնավորվում է «Յութուբ» հրապարակային կայքում հրապարակված տեսանյութով  և դրա արձանագրությամբ։ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը և այլք որոշել են զավթել ու պահել Երևան քաղաքի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահակակետային գնդի վարչական շենքերը, շինությունները և ոստիկանական տրանսպորտի միջոցները։ Ինչպես նաև, նրանք պետությանը հարկադրել են ՔԿՀ-ներից ազատել Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց»,- ներկայացրեց դատախազը։

Դատախազները պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:

Դատախազը նշեց, որ կատարված հանցագործությունները հանրային չափազանց մեծ վտանգավորություն են ներկայացնում և ամեն մեղադրանքը առանձին 8-10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Նա նշեց, որ համաներում պիտի լիներ, որը կմեղմացներ պատժաչափը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և դա այս դեպքում չգործեց:

Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով , Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Նշենք, որ նիստի ողջ ընթացքում բավականին ուժեղացված հսկողություն էր իրականացնում Ոստիկանությունը։ Տարբեր ստորաբաժանումները պարբերաբար ավելանում էին և շրջափակում դատարանի տարածքը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here