Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրակարգով ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է գումարել։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։

Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։

Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղվում են։

«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով  ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։

«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Pin It on Pinterest