«Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքը նորություն չէ հանրության համար։ Դեռ իր պաշտոնավարման ժամանակ էր իր անվայելուչ և սանձարձակ պահվածքով աչքի ընկնում լրագրողների հանդեպ»,- Forrights-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռ/կ-ի և Վլադիմիր Գասպարյանի միջև առկա միջադեպին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս, «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

Գասպարյանն այս պահին ձերբակալված չէ, սակայն առկա է հարուցված քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին Forrights-ին տեղեկացրեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Հոդվածն իրենից նախատեսում է երեքից յոթ տարի ազատազրկում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

ԽԱՊԿ ղեկավարի դիտարկմամբ՝ բավականին մեղմ հոդված է կիրավել նախկին ոստիկանապետի նկատմամբ․

«Այստեղ ոչ միայն լրագրողական գործի խոչընդոտում էր, այլև բացահայտ խուլիգան վարվելակերպ։ Տեղին կլիներ կիրառել նաև ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ կետը՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»։

Նկատենք, որ նախկին ոստիկանապետը լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով աչքի է ընկել դեռ 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևան»-ի, ապա 2016-ի՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ։ Երկու դեպքերում էլ որևէ մեղադրանքի կամ պատասխանատվության Գասպարյանը չի արժանացել;

Այսօր լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարություն են տարածելու միջադեպի կապակցությամբ՝ իրենց դժգոհությունն ու զորակցությունը հայտնելու կատարվածի առթիվ։ Նրանք մեծ ակնկալիք ունեն, որ իրավապահ մարմինները լուրջ քննության կառնեն այս ամենը և գոնե այս անգամ պատասխանատվության կենթարկեն Վլադիմիր Գասպարյանին․

«Հիշենք, որ իր պաշտոնավարման տարիներին ոստիկանական գործողությունների բաղկացուցիչ մաս էին կազմում լրագրողների նկատմամբ բռնությունները։ Ցավոք, մինչ օրս որևէ դեպքով, անգամ չնչին պատասանատվության Գասպարյանը չի ենթարկվել։ Սա է պատճառը, որ հիմա ինքն իրեն թույլ է տալիս նույն սանձարձակ վարքը լրագրողների հանդեպ»,- նշում է Մելիքյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, վերհիշելով այն տարիները, երբ Ոստիկանությանը գլխավորում էր Վլադիմիր Գասպարյանը, չի կարողանում չնկատել ոստիկանության ակնհայտ «թշնամական վերաբերմունքը» լրագրողների նկատմամբ։ Ալեքսանյանը նկատում է՝ չնայած հեղափոխությունից հետո նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ թիրախավորվել են իրավապահ համակարգի կողմից, սակայն նրանց թվում չկա նախկին ոստիկանապետը․

«Այդ անպատժելի վարքը, որը նա ցուցաբերում էր նախկինում, այսօր էլ շարունակվում է։ Ես համոզմունք ունեմ՝ Վովա Գասպարյանի այս դեմարշը ոչ թե լրագրողների, այլ  հենց Հայաստանի իշխանությունների դեմ է»,- Forrights-ին հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։

Նշենք, որ  ստեղծված միջադեպին անդրադարձել է նաև «Ազատություն ռադիոկայան»-ի նախագահ Դեյզի Սինդելարը։ Նա դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը․

«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից»,- ասել է Սինդելարը:

Հետաքրքիր է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, նշելով, որ Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված: Ըստ նրա՝ խախտվել է ՀՀ քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։

Forrights-ը փորձեց կապ հաստատել փաստաբանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest