Օգոստոսի 6-ին ձերբակալվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ  Ռոբերտ Նազարյանը, որը ղեկավարել էր այս կառույցը 2003 թվականից: 

Առաջին ժամերին համացանցով լուր թևածեց, թե ՀԾԿՀ նախկին  նախագահին ստիպել են ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Իրավապահները, սակայն չէին պարզաբանում, թե ինչում է կասկածվում ՀԾԿՀ նախկին նախագահը:

Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսի 7-ին, Հատուկ քննչական ծառայությունը  պաշտոնապես հայտարարեց, որ Ռոբերտ Նազարյանը մեղադրվում է «Ձորահէկի» գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար /Ք.Օ. 308-րդ հոդված/: Նույն մեղադրանքով ձերբակալված են հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը, հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, որը կասկածյալի կարգավիճակ ունի:

«ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանի գործը քննվում է 2019 թվականի մայիսից

«Ձորագետի ՀԷԿ-ը Դեբեդի կասկադի առաջնեկն է, որը շահագործման է հանձնվել դեռև 30-ականներին մոտ 25.2 ՄՎտ հզորությամբ և 90 մլն. կՎտ.ժամ տարեկան նախագծային արտադրանքով: Այն ցածր ինքնարժեք ունեցող հոսանք արտադրող օբյեկտ է: 2010-ին վաճառվել է  Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող  «Ձորագետ Հիդրո»  ընկերությանը:

«Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններում կազմակերպության գտնվելու վայր նշվում էր ք. Երեւան, Գարեգին Նժդեհ 56/2 հասցեն, որտեղ գրանցված էր Վատիկանում նախկին դեսպանի հիմնադրած <<Ջազվե>> ՍՊԸ-ն:

Մինչև 2010 թվականը այն ՀՀ ՊՆ ենթակայության 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ցանկում էր: Հետո ՀԷԿ-ի լուծարման գործընթաց սկսվեց: Պաշտպանության նախարարության պատճառաբանությունը աբսուրդի ժանրից էր: Գործարքը պաշտոնապես պայմանավորեցին նրանով, որ կայանի ողջ գույքն արդեն իսկ վաճառված է «Ձորագետ Հիդրո» մասնավոր ընկերությանը:

Վաճառքին նախորդել են մի շարք ապօրինի գործողություններ

Դեռևս անցյալ տարի դատախազությունը հայտնել էր, որ 2006-2010 թվականներին ընկերության շահույթից ՊՆ-ն ստացել է  1 մլրդ 252 մլն դրամ:

Շահութաբեր ընկերությունը հանդիսացող ՀԷԿ-ը 2009 թվականին ներկայացվել է որպես ոչ շահութաբեր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ձորահէկի» արտադրած էլեկտրաէներգիայի համար սահմանվել է ակնհայտ էժան՝ 2.745 դրամ սակագին, իրական սակագնի՝  13.92 դրամի փոխարեն: Սա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի միավորի ինքնարժեքը այդ պահին կազմել է 4.383 դրամ:  

«Մեկ տարի ընկերությունը զրկվել է շահույթ ստանալու հնարավորությունից», — ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սկզբում Գարեգին Բաղրամյանի, այնուհետև՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, շահութաբեր ընկերությանը միտումնավոր զրկել են եմակուտից, իսկ հետագայում, երբ «Ձորահէկ» ՓԲ բաժնետոմսերն օտարվել էին, 2011թ. հունվարի 20-ին կրկին բարձրացրեց սակագինը, սահմանվելով արդեն 10.5 դրամ առանց ԱԱՀ-ի, իսկ 2012թ. հունվարից՝ 19.551 դրամ: Այսպես ապահովվեց նոր տերերի բարձր եկամուտը:

Ըստ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանի, այս դրվագը մեղադրանքում չկա: Հավանաբար, դատախազությունը նախաքննության ընթացքում հրաժարվել է դրանից: Մեղադրանքում այս դրվագը բացակայում է:

Ի՞նչ է այսօր մեղսագրվում Նազարյանին և նրա ղեկավարած հանձնաժողովին:

Ըստ ՀՔԾ-ի, Նազարյանի կողմից մշակվել է կառավարության որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանվել է եռակի բարձր՝ մինչև 30 ՄՎտ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակված խոշոր՝ 26,4 մեգավատտ հզորությամբ «Ձորահէկը»առանց հիմնավորման ընդգրկվել է փոքր ՀԷԿ-էրի ցանկում։ Կառավարության այս որոշումից հետո  Ձորագետի ՀԷԿ-ը ավտոմատ կերպով դառնալով փոքր ՀԷԿ, սկսեց օգտվել փոքր ՀԷԿ-երի համար սահմանված իրավունքից՝ էլեկտրաէներգիան վաճառել սահմանվածից բարձր գնով: Այսպիսով, հանձնաժողովը ի օգուտ տնտեսվարողի գործողություններ է կատարել՝ հնարավորություն է տրվել «Ձորագետ Հիդրոյին» հավելյալ ավելի քան 7 մլրդ դրամ եկամուտ ստանալ: 

Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը վստահեցնում է, որ նպատակը ոչ թե տնտեսվարողին արտոնություն տալն է եղել, այլ փոքր ՀԷԿ-երի զարգացումը:  «Մեղադրանքը կապված է նրա հետ, որ եղել են 10 մեգավատ հզորության ՀԷԿ-եր, և թույլատրվել է որոշմամբ, որ նաև կառուցվեն մինչև 30 մեգավատ հզորության ՀԷԿ-եր և դրանք ներառվեն փոքր ՀԷԿ-երի ցուցակում: Այսինքն, մինչև 30 մեգավատ հզորության ՀԷԿ-երը համարվեն փոքր ՀԷԿ: Սա արվում էր, որպեսզի գրավիչ լինի այդ ոլորտը, ներդրումներ անեն, երկիրը էլեկտրականության առումով ավելի ապահովված լինի, ինքն իր հոսանք ունենա երկրի ներսում», — ասում է Ռաֆայելյանը:

«Ձորահէկը» ներառվել է փոքր Հէկերի ցանկում Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ

Հարցին , թե ում նախաձեռնությունն էր փոքր ՀԷԿ-երի համար չափանիշ փոխելը, փաստաբանը պատասխանեց. «Կառավարությանը» Սերժ Սարգսյանը դրա հետ կապ չունե՞ր: «Ոչ: Կառավարությունը համապատասխան փաթեթը ներկայացրել է հանձնաժողով, հանձնաժողովն էլ իր դրական եզրակացությունն է տվել, որոշում է կայացրել»: Նազարյանին ստիպե՞լ են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք գրել: «Նման ինֆորմացիա մենք չունենք», — պատասխանեց փաստաբանը:

«Էկոլուր » ՀԿ-ն այն ժամանակ ուսումնասիրել էր էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քավորությամբ արված այս «բարեփոխումը», դրա բնապահպանական ազդեցությունները և առաջարկել էր չեղյալ հայտարարել Ձորագետը փոքր ՀԷԿ-երի շարքը դասելու որոշումը: Կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնել է.

«Այդ որոշումը շատ աննկատ ընդունվեց միայն Ձորագետի ՀԷԿ-ի համար, որովհետև Հայաստանի բոլոր փոքր ՀԷԿ-երի հզորությունը մինչև 10 մեգավատտ էր, մինչև 30 մեգավատ, այսինքն՝ 28 մեգավատտ հզորություն, ունի միայն  Ձորագետը: Այն, որպես խորհրդային ժամանակներում կառուցված օբյեկտ, իհարկե, փորձաքննություն չէր անցել, գնահատված չէր դրա ազդեցությունը բնության վրա, հանրային քննարկում չէր արվել, և մենք դեմ էինք, որ այն փոքր ՀԷԿ համարվի, փոքր ՀԷԿ-երի համար միջազգայնորեն ընդունված ստանդարտներն այս դեպքում խախտվում էին: Մենք առաջարկեցինք, որ որոշումը չեղարկվի, ինչը, իհարկե, չարվեց» :

«Ձորահէկի» գործով մեղադրանք է առաջադրված նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2010 թվականին ՊՆ-ն առանց գույքի գնահատման առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին հավանություն տալ «Ձորահէկը»3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Սեյրան Օհանյանը սակայն ժխտում է իր մասնակցությունը գործարքի մեջ, ասելով որ չի էլ լսել, թե դրա հետ կապված է Միքայել Մինասյանի անունը, որ անգամ գնող կողմի հետ է բանակցությունները վարել Էներգետիկայի նախարարությունը, իսկ կառավարությունը տվել է այդ ամենին իր հ-ինամաձայնությունը:

Շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին,Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը` կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Հ.Գ. Միքայել Մինասյանը գործով որպես մեղադրյալ չի անցնում: Հասկանալի է, որ   նախկին պաշտոնյաները, որոնք առնչվել են այս գործին, ինչպես Ռոբերտ Նազարյանը, փոքր ֆիգուրներ են է եղել մեծ խաղում: Եթե նրանք պատմեն, թե ով ինչ որոշում է իրենց պարտադրել մեր ռազմավարական օբյեկտը ամենայն հայոց փեսային հանձնելու հարցում, ապա «Ձորահէկի» գործում անհամեմատ ավելի խոշոր ֆիգուրներ կհայտնվեն:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest