«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը:
«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», — ասել է Դեյզի Սինդելարը:
«Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց ջնջել կադրերը», — հավելել է ռադիոկայանի նախագահը:
«Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի լրագրողներին վտանգելու համար, ովքեր պարզապես կատարում էին իրենց աշխատանքը», — նշել է Սինդելարը:
Հիշեցնենք, որ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Գասպարյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը:
Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: