Դատավորների ընդհանուր ժողովից թեև օրեր են անցել, սակայն դրա շուրջ ծավալվող կրքերը դեռ չեն հանդարտվում։ Երեկ հաշվիչ հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով ժողովում ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների թվի անճշտության մասին լուրերը։
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում պարզվել է, որ ընտրության ժամանակ գրանցվել է 194 դատավոր, այնինչ քվեաթերթիկների ընդհանուր թիվը 204-ն է եղել։
Հանձնաժողովն արձանագրել է, որ թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա։ Այս հանգամանքը պարզաբանում են՝ առավելագույն ձայն ստացած թեկնածուի օգտին տրված քվեների տարբերությունը մյուս երկու թեկնածուների համեմատ 10-ից ավել է:
Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97-ն է եղել, Սուրեն Անտոնյանինը՝ 83։ Հանձնաժողովը տեղում որոշել է ավել ձայները հանել հաղթած թեկնածուի օգտից և այսպիսով խնդիրն ավարտված համարել։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը հենց տեղում է քննարկել առաջացած խնդիրը և կոլեգյալ որոշում կայացրել՝ նմանատիպ լուծում տալ․
«Այդպես է նախատեսում նաև Ընտրական օրենսգիրքը, իսկ ավել քվեաթերթիկ լցոնելը Հաշվիչ հանձնաժողովի լուծելու հարցը չի։ Մենք արձանագրել և հրապարակել ենք այդ փաստը, դա գաղտնի չի պահվել, իսկ թե ինչ պատասխանատվություն է նախատեսում արարքը, արդեն այլ պատկան մարմինների գործն է»։
Դատաիրավական համակարգին, այնինչ, վրդովեցրել է այս հանգուցալուծումը։ Երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, ով ինքնամեկուսացման պատճառով ժողովին չի մասնակցել, դժվարացավ պատասխանել, թե քվեաթերթիկներն ում պատվերով կամ նախաձեռնությամբ են հայտնվել քվեատուփի մեջ․
«Զուտ միայն այն փաստը, որ ընտրության ժամանակ ավել քվեաթերթիկներ են եղել, արդեն կասկածի տակ է դնում ամբողջ գործընթացը, և բնավ որևէ կապ չունի, թե ում օգտին է դա արված եղել։ Մեկ, երկու, թե տասը կեղծ քվեն խաթարում է բուն ամբողջ քվեարկությունը։ Սա այն մարմնի ընտրությունն է, որը պահանջում է բացարձակ լեգիտիմություն»,- Forrights-ի հետ զրույցում նշեց դատավոր Անտոնյանը։
Փաստաբան Գևորգ Գոզալյանը, ով առաջինը բարձրաձայնեց կեղծ քվեաթերթիկների մասին, Դատավորների նոր ժողով կազմակերպելու հույս ունի։ Նրա կարծիքով՝ արդարությունը պահանջում է չեղյալ հայտարարել հուլիսի 31-ի ընտրությունը և կրկին ժողով հրավիրել․
«Սա այն խարանն է, որ իրենց ճակատին մնալու է, եթե նոր ընտրություններ չանեն։ Խնդիրն այդ տասը քվեաթերթիկը չէ․եթե այնտեղ լցոնում է եղել, դա կարող է վերաբերել նաև մյուս ընտրություններին։ Մենք որևէ համոզմունք չունենք, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը ևս առանց լցոնումների է անցել։ Ես խիստ կասկածում եմ, որ 194 դատավոր մասնակցել է Խունդկարյանի քվեարկությանը, հնարավոր է նրանցից մի քանիսը տեղում չեն եղել»,- Forrights-ի հետ զրույցում կասկած հայտնեց փաստաբանը՝ խնդրի լուծման համար միայն մեկ տարբերակ առաջարկելով՝ դռնփակ նիստերը թողնել անցյալում և բաց ու թափանցիկ դարձնել ընտրությունները․
«Եթե դատական իշխանությունը գոնե մի փոքր մտահոգ է իր հեղինակությամբ, ապա միակ լուծումը նոր ընտրություններ կազմակերպելն է, որոնք կլինեն հանրության համար հասանելի»։
Հատկանշական է, որ մինչ օրս այդպես էլ պարզաբանում չի տրվել, թե ով կամ ովքեր են մեկից ավելի քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ։ Բացի դրանից, մինչ օրս քրեական գործ չի հարուցվել այս մասով, այնինչ խնդիրը, միանշանակ, քրեաիրավական դաշտում է։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ ընտրվելու համար առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: