Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը: 

Դատական նիստի հետաձգման պատճառը ամբաստանյալ Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն էր: Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:  

Փաստաբան Ամրամ Մակինյանը դիմումով տեղեկացրել է դատարանին, որ չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Մասնավորապես, պաշտպանի  ինքնազգացողությունն այսօր առավոտյան վատացել է, և նա «Նաիրի» բժշկական կենտրոնում թեստ է հանձնել, որի պատասխանը դեռ չի ստացվել: Դիմումում նշվում է նաև, որ դատարան ներկայանալու դեպքում նա կարող էր վտանգել դատավարության մասնակիցների առողջությունը: 

Դատական նիստին Սերժ Սարգսյանի ներկա չգտնվելը, ըստ պաշտպան Ռուբեն Հակոբյանի, պայմանավորված է նրանով, որ դատարանը դեռևս չի կարողացել ապահովել անվտանգության կանոնները: Չներկայանալու պատճառներից մեկն էլ նրան ուղեկցելու հետ կապված տեխնիկական խնդիրներն են:  

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը: 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին: 

Pin It on Pinterest