Հունիսի 2-ին ՀՀ Քննչական կոմիտեն արձագանքեց 2019 թվականի հուլիսի 24-ին Հադրութի զորամասում մարտական հերթապահության ժամանակ մահացած շարքային Վոլոդյա Գալոյանի գործով Forrights.am-ի վերջին հրապարակմանը: Այն վերնագրել էինք «Քննիչները կոծկում են շարքային Գալոյանի խոշտանգման փաստերը, նրա մայրը սթրես է տանում»:
ՔԿ-ն հայտնեց, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության ստորաբաժանումը հանձնարարություն է ստացել ՀՀ նախագահի կողմից ստուգելու զինծառայող Վ.Գալոյանի մահվան գործով նախաքննության ընթացքը, արդյունավետությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը:
Այս հայտարությունից հետո անցել է 2 ամիս, և պետք է, որ արդեն շոշափելի լինեին գործի նկատմամբ խոստացված ուշադրության արդյունքները: Սակայն իրավիճակը չի փոխվել: Իրականում զինդատախազությունը չունի ցանկություն ուղղելու սեփական սխալները, պատասխանատվության կանչելու պաշտոնյաներին, որոնք Գալոյանի գործով «հակաքննություն» են իրականացրել:
Ինչպես հայտնի է, Գալոյանի դիակը հայտնաբերելուց հետո ՔԿ-ն տարածեց վարկած, որը նախաքննության մեկ տարում մնացել է նույնը՝ զինծառայողը գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակել է դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի ուղղությամբ, որի հետ վիճել էր բջջայինը պահելու թեմայով, ապա ինքն իր արարքից նեղված՝ հեռացել է նեյտրալ գոտի ու առավոտյան ինքնասպան եղել։ Հարուցվել են քրեական գործեր ինքնասպանության հասցնելու և սպանության փորձի մեղադրանքներով: Վերջինը առաջադրվել էր հենց Գալոյանին:
Մինչդեռ դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ մահացու առնվազն երկու կրակոցները արձակվել են շուրջ 1 կամ 2 մետր հեռավորությունից, որ Վոլոդյան չէր կարող նման հեռավորությունից ինքն իր վրա կրակել, որ նրա մարմնին 22 բռնության հետքեր են եղել, մահից 3-ից 5 օր առաջ հասցված, դեպքի վայրում, որտեղ տղան՝ իբր, ընկած է եղել գլխի վերքերով արյան ոչ մի կաթիլ չի եղել, այլ փաստեր բացահայտվեցին, որոնք պետք է հիմք ծառայեին սպանության հոդված կիրառելու համար: Սակայն քննչական մարմինն անդրդվելի է գործը ինքնասպանություն որակելու հարցում: Սա այն դեպքն է, երբ մածունը սև է ու վերջ:
Ասվածի ևս մի ապացույց է Գալոյանի վերնաշապիկի՝ կիտելի փորձաքննության պատմությունը: Այն կարող էր պահպանած լիներ մահից առաջ տղայի ստացած վնասվածքների հետքերը: Սակայն փորձաքննություն չէր նշանակվում:
Փաստորեն, քննիչները չեն ցանկացել ստանալ ամենակարևոր ապացույցը՝ հենց դեպքի պահին մահացածի վրայի հագուստը, որը շատ բան էր ասելու դեպքի մասին և գուցե՝ սպանության բացահայտման մեխը դառնար: Եւ միայն Գալոյանի հարազատների համառ միջնորդություններից հետո, մեկ տարի անց քննիչները «գտան» զինվորական այդ վերնաշապիկը տղայի ուսապարկից և ուղարկեցին փորձաքննության:
Ըստ քննիչի որոշման, որը նա ուղարկել է տւժող կողմի փաստաբան Խանում Մկրտչյանին, ուսապարկից գտնված կիտելը եղել է «թարմ» վիճակում, դրա վրա ոչ մի վնասվածք չի եղել: Քննիչը Խանում Մկրտչյանին հայտնել է, որ գործում կան վկաների ցուցմունքներ, որոնց համաձայն շոգ եղանակին մարտական դիրքում մարտական հերթապահություն տանելու ժամանակ ժամկետային զինծառայողներին թույլատրել են վերնաշապիկ չհագնել և զրահաբաճկոնը կրել անմիջապես շապիկի վրայից: Ահա ինչու, ըստ քննչական մարմնի, Գալոյանի կիտելը կարող էր նոր լինել:
Forrights.am-ը զրուցեց Վոլոդյա Գալոյանի քրոջ՝ Մարիամ Գալոյանի հետ, որն իր կարծիքն ունի այս ամենի մասին: Նա համոզված է, որ փորձաքննության է հաձնվել իր եղբոր երկրորդ կիտելը, որը նա հագնում էր զորամասում, իսկ իսկական իրեղեն ապացույցը, որը եղբոր վրա է եղել սպանության պահին, պարտակվել է:
Ըստ Մարիամ Գալոյանի, իր եղբայրը երկու համազգեստ է ունեցել: «Ինքը երկու համազգեստ ուներ: Մեկը՝ նոր էր գնել, երբ եկել էր արձակուրդ: Երրորդ մասից էր առել, ինձ ցույց էր տալիս, ես նկար ունեմ նրա հետ, որտեղ նա այդ նոր կիտելով է: Նա ինձ ասում էր, որ նոր համազգեստը կհագնի զորամասում, իսկ հինը՝ պոստերում, հերթապահության ժամանակ, նորը ափսոսում էր: Ես վստահ եմ, որ այդ նոր համազգեստն է եղել նրա ուսապարկում: Իսկ հինը, վնասվածը, նրանք պահել են»:
Հուլիսի 31-ին Մարիամ Գալոյանը այս ամենը կրկնել է քննչական մարմնում, հարցաքննության ժամանակ:
«Մարդ չի կարող ինքնասպան լինի, թիկնոցով իր ինքն իրեն փաթաթի, կուռոկի վրա էլ ցեխ գցի, մեկ էլ ինքն իրեն ծեծի, 22 մարմնական վնասվածք հասցնի», — ասում է Մարիամ Գալոյանը:
Բայց թողած այս հակասությունները, քննիչները տարօրինակ հարցեր են տվել Մարիամ Գալոյանին: «Օրինակ, հարցնում էին՝ եղբայրդ արդյո՞ք խաղամոլ է եղել: Շատ անիմաստ հարցեր կային, որոնք չպետէ լինեին: կամ՝ հարցնում էին՝ բանակ գնալուց ի՞նչ տրամադրություն ուներ: Այդ տասը օրը, որ եղբայրս եկել էր «օտպուսկ», անընհատ ինձ հետ է եղել, շատ ուրախ, ասում էր՝ տղան պետք է ծառայի, ամեն դժվար բան տղու համար է: Իմ եղբայրը կոնֆլիկտային չէր, նա ոչ մեկի հետ չի ունեցել կոնֆլիկտ: Ինքը այդ օրը խոսել է, ասել է, որ դիրքի ավագի հետ է պրոբլեմը: Բայց դրա վրա ոչ ոք չի կենտրոնանում: Ավագն էլ ազատության մեջ է», — ասում է Մարիամը: Նա մտքերով անընդհատ եղբոր հետ է, վերլուծում է, համադդրում է փաստերը, արդեն մեկ տարի, ամեն օր:
«Դեպքից անցել է 11 ամիս: Շատ զարմանալի է, որ քննիչը, ունենալով սպանության գործ, դեպք ունենա մահվան ելքով, մոտ 1 տարի չի զննել մահացածի անձնական իրերը: Երբ նրանք հայտնաբերեցին նոր կիտելն ու շալվարը ու ուղարկեցին փորձաքննության, սկզբում մեզ մոտ տպավորոթյուն էր, որ գտան կիտելը, բաց հետո քրոջ հետ զրույցից հասկացա, որ այդ շորն իր հագին եղած կիտելը չի: Եզրակացության եմ գալիս, որ քննիչները կրկին ոչինչ չեն ուզում անել, ձգտում են քննությունը տանել կեղծ ճանապարհով», — ասում է փաստաբանը:
Այսպիսով, Գալոյանի գործով խստացված հսկողություն իրականացնելու մասին PR բնույթի հայտարարությունից հետո էլ քննիչները փնթի ու անհեթեթ վարվելաձև ունեն ապացույցների հետ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: