Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:
Գերատեսչության հաղորդմամբ՝ տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:
Կատարվածի հետևանքով տուժել են անգամ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող կառույցները: Վնաս է հասցվել մայրաքաղաքում գործող բիզնեսի բոլոր ճյուղերին:
Երկրի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:
Պայթյունի հետևանքով զոհերի թվում կան նաև հայեր, վերջին տվյալներով՝ նրանք վեցն են: Նրանցից հայտնի են հինգի անունները՝ Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Տելիա Փափազյան, Ժակ Բարամաքյան, Վարուժան Թոսունյան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: