Տաշիրի և Ստեփանավանի ոստիկանության բաժիններում խոշտանգման ենթարկված քաղաքացին ճանաչվել է տուժող

0
187
Գագիկ Կարապետյան

Ոստիկանության կողմից երկրորդ անգամ խոշտանգված Գագիկ Կարապետյանը ճանաչվել է տուժող։ Այս մասին Forrighst-ի հետ զրույցում ասաց Գագիկի մեկ այլ՝ խոշտանգման գործով փաստաբան ԱՆի Չատինյանը, ով այս պահին իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում վերջինիս։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանն ԱՆի Չատինյանը մանրամասնեց, գործը դեռ նախաքննության փուլում է․

«Այս պահին քննիչը գործողություններ է իրականացնում, Գագիկի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կան, վնասվածքները արձանագրվել է։ Կարծում եմ՝ այս ամգամ քննչական մարմինները գործով արդյունավետքննությունը կիրականացնեն՝ իրենց ձեռքի տակ ունենալով Վճռաբեկ դատարանի, հենց նույն անձի վերաբերյալ կայացրած նախադեպային որոշումը, որով Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ 2017 թվականի քննությունը խոշտանգման մասով արդյունավետ չի իրականացվել»,-հույս հայտնեց ԱՆի Չատինյանը։

Ստեփանավան քաղաքի բնակիչ 32-ամյա Գագիկ Կարապետյանն ահազանգել էր, որ հունիսի 12-ին, ոստիկանության մի քանի աշխատակիցներ իր նկատմամբ բռնություն են գործադրել։

«Ստեփանավանից Տաշիր գնալու ճանապարհին ինձ կանգնացնում ա  գրաժդանսկի հագուստով մեկն ու սկսում հարցեր տալ՝  ո՞վ ես, որտեղից, մեքենան էստեղից չի դրսի ավտո ա երևում, ասում եմ բա դու ով ես՝ էդ հարցերը ինչի ես տալիս,  չէր ներկայանում, որ ոստիկանության աշխատող ա, որից հետո ինքը սկսեց մեքենան նկարել, ես իջա մեքենայից, ոնց որ այդ ընթացքում վիճաբանություն եղավ, հետո ինքը զանգեց ինչ որ մի տեղ, որից հետո ես իմացա, որ ոստիկանության աշխատող ա, ես փորձեցի գնալ՝ շարժվեցի, ինքը հետապնդեց, արդեն պետք ա դուրս գայի կենտրոնական փողոց, դիմացիցս մի մեքենա անմիջապես ճանապարհս փակեց, հետևից ևս փակեցին»,-Forrights—ին պատմեց Գագիկը, մանրամասնելով, որ այդ ընթացքում զենքը վրան են պահել՝ «կանգնի՝ կկրակենք», ապա քաշել են մեքենայից  հանել, գետնին գցել, հայհոյախառը արտահայտություններն ուղեկցվել են հարվածներով, որին հաջորդել են հարվածների տեղատարափը Գագիկի վրա։

Երկրորդ բռնության ալիքը լինում է, այս դեպքից ընդհամենը մի քանի օր անց՝ հունիսի 17-ին․

«Ամսի 17-ին տանից դուրս էի եկել, հետ գամ տեսնեմ մի խումբ ոստիկաններ մեր տունը շրջափակել են։ Մոտ քսան ոստիկան՝ մի յոթ մեքենա։ Տղես էլ չդիմացավ, ասեց՝ դուռը բացի, մեկ ա բան չունեմ արած, թող գնամ տեսնեմ՝ ինչ են ուզում ինձնից»,-պատմել է Գագիկի մայրը՝ Սուսաննա Միրզոյանը։

Գագիկն այս ընթացքում մեզ պարբերաբար ահազանգում էր, որ հունիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկաններն այսպես ասած՝ «դարանակալել» էին իր տան մոտ՝ ցանկանալով վախի մեջ պահել իրեն և ընտանիքին․

«Դուռը բացելուն պես, ջարդելով գազանի պես տուն մտան Ստեփանավանի ոստիկանապետը՝ Գյուրջինյանը, տեղակալը՝ Չատինյանը, օպերխմբից՝ Ախուրյան Խաչիկը, Թաթոյան Արմենը և էլի ուրրիշներ։ Սկսեցին ջարդել երեխուս․ գլխին, փորին, ձեռքերին ուժեղ խփում էին,  հետո անցան ինձ․․․Թևերս բռնեցին ու սկսեցին հարվածել։ Էդ ամբողջ ընթացքը նկարում էի, ուզում էին հեռախոսս ձեռքիցս խլեին, որ չարձանագրեի։ Շոկի մեջ էի ուղղակի»,- Forrights-ին վրդովված պատմել էր Գագիկի մայրը՝ տիկին Սուսաննան, հավելելով, որ բռնությունից հետո, Գագիկին քարշ տալով տարել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ոստիկանապետ Արտակ Գյուրջինյյանը կրկին խոշտանգել է որդուն։

Կատարված բռնություններին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գագիկ Կարապետյանին ոստիկանության Տաշաշիրի, ապա Ստեփանավանի բաժանմունքներում խոշտանգման ենթարկելու միջադեպերի առթիվ ոստիկանությունը որևէ պարզաբանում չեն տալիս։

«Բոլոր գործողությունները կատարվել են քրեական գործի շրջանակներում։ Դա քննչականի տիրույթում է, դիմեք Քննչական ծառայություն»,- Forrights-ի հեռախոսազանգին ի պատասխան նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Կարապետյանը հունիսի 12-ին խոշտանգվել էր Տաշիրի, իսկ օրեր անց՝ հունիսի 17-ին, Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքում։ Վերջին բաժնում Գագիկն արդեն երկրորդ անգամ է խոշտանգվում։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել դեռ 2017 թվականին, որի վերաբերյալ օրեր առաջ հօգուտ Կարապետյանի, Վճռաբեկ դատարանը որոշում  էր կայացրել․

Դատարանը խոշտանգման գործով իրականացված քննությունը ճանաչել էր անարդյունավետ և հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հենց այս որոշումից օրեր անց՝ Գագիկը խոշտանգվում ոստիկանության աշխատակիցների կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here