Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի

179

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ մեջբերելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները:

Գերատեսչության հաղորդմամբ՝ տուժածների թիվը հասել է 5000-ի: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել նախօրեին: Հետաքննության նախնական տվյալներով՝ պայթյունը սկսվել է նավահանգստի պահեստներում՝ հասնելով նաև ամոնիումի նիտրատի պահեստին, որն էլ պայթել և բռնկվել է:

Կատարվածի հետևանքով տուժել են անգամ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող կառույցները: Վնաս է հասցվել մայրաքաղաքում գործող բիզնեսի բոլոր ճյուղերին:

Երկրի իշխանություններն օգոստոսի 5-ը սգո օր են հայտարարել՝ պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին:

Պայթյունի հետևանքով զոհերի թվում կան նաև հայեր, վերջին տվյալներով՝ նրանք վեցն են: Նրանցից հայտնի են հինգի անունները՝ Նազար Նաջարյան,   Ջեսիկա Բեզջյան,  Տելիա Փափազյան,  Ժակ Բարամաքյան,  Վարուժան  Թոսունյան։