Այսօր գիշեր Ամուլսարի պահապանների երկրորդ պահակակետի վագոն տնակները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ցուցումով հանվել են և փոխարենը տեղադրվել են ընկերության տնակները։
Բնապահպանները մտահոգված են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նման գործողություններով։ Ըստ նրան նման քայլն ուղղված է նրան, որ Ամուլսարը որպես հանք շահագործեն։ Ի նշան բողոքի ալիքի՝ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը կոչ է արել մարդկանց հավաքվել Ամուլսարի ծրագրի տարածք տանող պահակակետի մոտ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության:
«Հավաքվում ենք, պետք է այդ հարցին արդեն լուծում տանք։ Այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի, եթե թողենք մարդիկ այսպես քայլ առ քայլ, փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին ու մենք այս երկրում տեղ չունենք։ Ամեն օր Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. կամ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին կամ իրենք մեզ։ Արդեն փաստ է, որ չունենք ուժեղ Կառավարություն, որն ի վիճակի է լուծում տալու այս հարցին։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու Ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացի, որն ըստ պայմանագրի պետք է ընդամենը գույք պահպաներ, եւ Վայոց Ձորի մարզպետն էլ ասում է՝ մենք իրավունք չունենք խանգարել նրանց, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի»,- ասաց Բունիաթյանը։
«Երբ որ մենք հարցնում են մարզի ոստիկանապետին, թե ինչ է կատարվում, ինքն ասում է` մեզ տեղեկացրել են, որ նման գործողություն է արվում, հարուցված քրեական գործ կա տարածքի հետ կապված, ընթացքի մեջ է: Մինչև այս պահը գոյություն ունեցող միակ փաստաթութն այն է, որ սա «Լիդիան»-ի կողմից վարձակալված տարածք է:
Այստեղ խնդիրներ շատ կան: Պահնորդական ընկերությունը, որը պետք է գույքի պահպանություն իրականացներ, իր վրա վերցրել է ոստիկանական գործառույթ ու քաղաքացիների վագոն տնակները հանել են իրենց հայեցողությամբ, դրել են մյուս ճամփեզրին: Հիմա բոլորս պետք է հավաքվենք այստեղ ու այս հարցին լուծում տանք»,- ասաց Շիրակ Բունիաթյանն իր տեսաուղերձում:
Իրավիճակին զուգընթաց «Լիդիան Արմենիա»-ից հաղորդում են, որ հանված շարժական տնակը գտնվել է ընկերության տարածում։ Մեր դիտարկմանը՝ ոստիկանության մայորի տրամադրած փաստաթղթում հակառակն է արձանագրված, ընկերության մամուլի ծառայությունից արձագանքեցին, որ սրա վերաբերյալ առանձին հաղորդագրությամբ հանդես կգան։
Ավելի ուշ «Լիդիանը» տարածեց հաղորդագրություն՝ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը» գլխագրով՝ նշելով, թե «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել, իսկ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Մինչդեռ 2019թ-ին ոստիկանությունը Թեհմինե Ենոքյանին ուղղված իր 17.02.2020 թ. թիվ 25/88 պատասխան նամակում պաշտոնապես հաստատել է, որ Ամուլսարի պահապանների վագոն տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ:
Ընկերությունը չի մասնակցել նշագրումներին՝ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել է մասնակցությունից։ Ոստիկանությունից դեռևս փետրվարին տեղեկացրել են, որ ողջ գույքային միավորումների նշահարումը տեղանքում տեսանկարահանվել է։ Ոստիկանության պատասխանում գրված էր․ «Այսպիսով, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ»:
Բնապահպանները նկատում են, որ այս ամենից հետո, եթե ոստիկանությունը հանդուրժեց Լիդիանի այս գործելաոճը՝ տնակներն ապամոնտաժելը և այս հանցագործությունը, ուրմեն հանցագործ ընկերությունը, փաստորեն, կարողացավ շրջանցել մեր երկրի իրավապահ համակարգին ու թքած ունեցավ բոլոր նորմերի, օրենքների ու իրավունքների վրա, իսկ մեր իրավապահ համակարգը ոչինչ չձեռնարկեց։
«Ջերմուկցիները իրավունքները ոտնահարել է ոչ թե Լիդիանը, այլ նրան լիցենզիա տրամադրող Հայաստանը զավթած կոռումպացված վարչակազմը»,- գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան։
«Ամուլսաը հանք չի դառնալու, առաջին հերթին, որովհետև այդպես է ուզում Ջերմուկցին։ Ժամանակն է, որ ջերմուկցիների իրավունքների համար պայքարը տեղափոխվի Երևան։ Որոշում կայացնողը Երևանում է ու Երևանից են որոշել գնալ այն ճանապարհով, որով հիմա գնում է Լիդիանը։ Մեր երկիրը էդքան ռեսուրս չունի, որ մի քանի ամիս էլ ժողովրդի գործունակ հատվածը իր գործերը թողնի` ընկնի Լիդիան ու պոստեր խաղացնելու հետևից։ Էս հարցին լուծում տալու ժամանակը հասունացել է վաղուց»,-նկատում է Գարեգին Միսկարյանը։
Արձակագիր, մի շարք գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդադարձել է Ամուլսարի շուրջ վերջին իրադարձություններին.
«Պարո՛ն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան,
Դիմում եմ որպես Ձեզ սատարող մարդ և Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։ Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։
Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և
հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու
ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։ Ամուլսարը Դու՛ք եք, պարո՛ն վարչապետ։
Մի՛ թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։ Սար մնացե՛ք, պարոն վարչապետ,
Ամուլսար մնացե՛ք։
Ուժ և խոհեմություն Ձեզ և մեզ»:
Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել
«Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի։
Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը կվերածվի թունավոր անապատի։
Կառավարությունից պահանջում ենք արդյունավետ միջամտությամբ դադարեցնել «Լիդիան»-ի ապօրինի գործունեությունը և մեկընդմիշտ փակել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: