Անցյալ շաբաթ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը փոքր ինչ նվազել է: Մարտ ամսից առաջին անգամ նոր դեպքերի թվի բնվազման միտում արձանագրվեց: Հուլիսի 24-ին 1850 թեստերից 383-ն է դրական եղել, հուլիսի 26-ին՝ 321 նոր դեպք հաստատվեց, իսկ հուլիսի 28-ին  նոր բացահայտված դեպքերի թիվը արդեն 308 էր: Հուլիսի 30-ին կրկին նվազում եղավ՝ արդեն 259 նոր դեպք, իսկ երեկ՝ հուլսի 31-ին, հայտնաբերումները փոքր ինչ աճեցին, հասնելով 354-ի:

Պարետատունը վարակի նահանջը բացատրում է վերահսկողական գործողությունների արդյունավետությամբ, իսկ վարչապետը խոսեց համավարակի ողնաշարը կոտրելու մասին: Կառավարության հուլիսի 31-ի  նիստի ժամանակ նա հայտարարեց. «6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը»:

Համաճարակաբան, սննդի անվտանգության մեթոդոլոգիայի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը, որն այժմ «Բեկում» հասարակական կազմակերպության նախագահն է, գտնում է, որ կորոնավիրուսի ախտորոշման դեպքերի նվազման իրական պատճառը կառավարության  արյունավետ քայլերը չեն, այլ եղանակային պայմաններն ու իմունային ֆոնը, որը ձևավորվել է վերջին կես տարում: Արմեն Վարդանյանին խնդրեցինք մանրամասնել իր տեսակետը:

«Ամառային շոգը, ողջ հանրապետության տարածքում բարձր ջերմային ֆոնը՝ մինչև 40-45 աստիճան և օդի հարաբերական խիստ ցածր խոնավության ցուցանիշները արտաքին միջավայրում վիրուսների պահպանման համար խիստ անբարենպաստ են: Հենց այս արտաքին բնական գործոններն են, ըստ էության, կատարում արտաքին միջավայրում վիրուսի վնասազերծումը և ոչնչացումը, այսինքն՝ ախտահանությունը, որն այդպես էլ չդարձավ և հետևողականորեն չի դառնում դիմակ կրելու նման քարոզվող և պարտադրվող հակահամաճարակային միջոցառում: Երկրորդ պատճառն էլ 5-6 ամիս շարունակվող ինտենսիվ վարակվածության հետևանքով բնակչության շրջանում ձևավորված իմունիտետի որոշակի ֆոնն է: Այս ֆոնի գնահատականը կարող է տալ վիրուսի նկատմամբ ձևավորված հակամարմինների նկատմամբ զանգվածային թեստավորումը: Այն, կբացահայտի ոչ միայն իմունային ֆոնի տևողությունն ու լարվածությունը, այլև մարդկանց վարակման ժամկետները», — ասում է Արմեն Վարդանյանը:

Forrights.am-ը համաճարակաբան Արմեն Վարդանյանին մի քանի հարց ուղղեց:

— Առողջապահության նախարարը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք համավարակի երկրորդ ալիքին: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

— Ստեղծելով իրավիճակի բարելավման պատրանք, պետք է փաստել, որ 6 ամսից ավելի է, որ երկիրը գտնվում է համավարակի հետևողական և կայուն զարգացման փուլում: Առողջապահության նախարարը կամ կոմպետենտ այլ պաշտոնյա պետք է իմանա և վարչապետին ու հանրությանը պարտավոր է տեղեկացնել, որ այս պահի դրությամբ Հայաստանում խոսք կարող է լինել ընդամենը համաճարակի զարգացման փուլի որոշակի ստադիայի մասին: Այս պահի դրությամբ Հայաստանը վարակի զարգացման փուլի ո՞ր ստադիայում է, եթե գիտեն, թող հայտնեն:  Ցանկացած տեսակի վարակի, այդ թվում՝ կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ համաճարակային շրջափուլն ավարտվի, համաճարակն սկսվում է զարգացման փուլով, որին հաջորդում է կայունացման փուլը, այնուհետև նվազման փուլը, որին հաջորդում է միջհամաճարակային փուլը, որից հետո միայն կարող է խոսք գնալ վարակի 2-րդ ալիքի մասին:

— Այսինքն, գտնում եք, որ վարչապետը ևս սխալվու՞մ է, ասելով, որ կոտրել ենք համավարակի ողնաշարը:

— Հայաստանում կորոնավիրուսի համավարակի սանձման կամ ողնաշարը կոտրելու մասին կարելի է խոսել, եթե վարակի աղբյուրները, այսինքն՝ հիվանդ մարդիկ հայտնաբերվեն և լոկալիզացվեն, իսկ մեր մոտ վաղուց են հայտարարել, որ այլևս հնարավոր չէ հայտնաբերել բոլոր վարակվածներին և վարակի փոխանցման մեխանիզմներն ու միջոցները: Նման գործելաոճով մենք դեռևս հեռու ենք միջհամաճարակային փուլից, որին կհասնենք բնական ճանապարհով վարակվածությամբ բնակչության առնվազն 50 տոկոսի վարակվելու դեպքում, իսկ նախարարը և ոլորտի պատկան մարմինները, պարտավոր էին ամենօրյա ռեժիմով թեստավորում-հիվանդ-մահ ցուցանիշներից զատ, հասարակությանն ու սեփական ժողովրդին որոշակի ժամանակային ընդգրկմամբ կատարված հետազոտություններով և վերլուծություններով ներկայացնել Հայաստանում համաճարակային գործընթացի ինտենսիվությունը, որը կախված է վարակի փոխանցման ինտենսիվությունից, այլ գորոծոններից, ինչի մասին լռում են:

— Ըստ Ձեզ, վերջին ժամանակահատվածում, նոր դեպքերի նվազման պարագայում ի՞նչ ինտենսիվությամբ է վարակը փոխանցվում, արդյո՞ք այն նվազել է, թե՞ մնացել է նույնը:

— Մայիսից սահմանափակումները հանելու պարագայում  փոխանցման ինտենսիվության էական նվազման մասին խոսելը լուրջ չէ, իսկ դիմակ կրելու իրական պատկերը գիտի ոչ միայն ողջ ժողովուրդը, այլև իշխանությունն ու վարչապետը: Առողջապահության նախարարը պետք է ներկայացնի վարակի էքստենսիվությունը, այսինքն, թե վարակվածների թիվը հետազոտվածների որ տոկոսն է կազմում: Այս վիճակագրությունը շաբաթը մեկ, ամիսը և եռամսյակը մեկ պետք է ներկայացվի, ու պետք է նշվի նաև թե տվյալ պահի դրությամբ հետազոտվածները բնակչության ո՞ր տոկոսն են կազմում, մինչ օրս երկրի բնակչության քանի՞ տոկոսն է հետազոտված կորոնավիրոսի նկատմամբ և քանի՞ մարդ է հետազոտվել ձևավորված իմունիտետի լարվածությունը և տևողությունը գնահատելու նպատակով: 

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest