Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Գոռ Գևորգյանը:
«Հաղթանակ. Դատարանն ազատ արձակեց Դավիթ Մովսիսյանին»,-ասվում է գրառման մեջ։
Մովսիսյանը ձերբակալվել էր ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին երիտասարդի դին փորձել էին բերել Արմավիրից Երևան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ որևէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է: Փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցը, այդ թվում՝ Դավիթ Մովսիսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: