ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում գործով որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովը դատարանից խնդրեց երկու օրով Հայաստանը լքելու թույլտվություն տալ։
«Բոլորից հայստնի է, որ պարոն Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Թեթրի Ծղարո համանքում եւ վերջինիս ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ․ նոյեմբերից չի եղել այնտեղ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերը ամեն երեքշաբթի են նշանակվում, դատարանից թույլտվություն ենք խնդրում դատական նիստերի միջակայքում երկու օրով լքելու Հայաստանի սահմանը։ Եթե այս ընթացքում հրատապ անհրաժեշտություն կլինի Հայաստանում գտնվելու վերաբերյալ, ժամերի ընթացքում կարող ենք ապահովել նրա ներկայությունը»,- միջնորդությունը ներկայացրեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից Վրաստանը բացում է սահմանները եւ իրենք նախապես կճշտեն՝ եթե երկշաբաթյա ինքնամեկուսացման կանոն գործի, ապա Խաչատուրովը չի մեկնի։
Մեղադրող կողմը կտրականապես չառարկեց՝ նշելով, որ տեսնում է վերադարձի խոչընդոտի ռիսկեր եւ նպատակահարմար է տեսնում հարցը քննարկել այն ժամանակ, երբ սահմաններում շարժը վերականգնելուց հետո հայտնի կլինի սահմանահատման ռեժիմը։
Դատարանը ի վերջո մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ռիսկ է տեսնում, որ Խաչատուրովը կարող է դրանից հետո չկարողանալ ժամանակին վերադառնալ Հայաստան եւ նիստը հետաձգելու խնդիր առաջանա։
Մասնավորապես, դատավորը հիշատակեց այս պահին Հայաստանում գործող ինքնամեկուսացման վերաբերյալ պարտադիր պահանջը եւ նշեց, որ չի բացառում՝ Վրաստանում նույնպես նման պահանջ գործի։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: