Նոր Հաճնում շմոլ գազից թունավորված 77-ամյա Ժաննա Սիմոնյանի և նրա 4 թոռների մահվան գործով նախաքննությունն ավարտվել է: Օրեր առաջ գործն ուղարկվել է դատարան, այն մակագրվել է դատավոր Վարդան Ստեփանյանին:

Ամբաստանյալի աթոռին գազի գրասենյակի՝«ԷՅ-Ի-ԶԻ ՍԵՐՎԻՍ» ընկերության փականագործ Ռոստոմ Հայրապետյանն է: Դեպքից 5 ամիս առաջ՝ հունիսին, նա այցելել էր տատիկի տուն՝ Իսահակյան փողոց, 2 շենք, ստուգել է նրա գազի համակարգը ու չի արձանագրել ոչ մի խախտում:

Այժմ 60 տարեկան տեսուչին են մեղադրում տատիկի և թոռների մահվան համար: Նրան մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող … աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ:
Համաձայն աշխատանքային պայմանագրի, նա պարտավոր էր «իրականացնել շինությունների և գազասարքերի տեխնիկական վիճակը զննում, ծխաօդատար ուղիների քարշի ստուգում, գազասարքերի կարգաբերում, քսսկանների քսայուղում, փորձարկում, ապահովել և հսկել գործող նորմատիվային֊ տեխնիկական ակտերի պահանջներին, համապատասխան գազասպառիչ համակարգերի սնվտանգ շահագործումը, բնակիչ-բաժանորդների անվտանգության, տեխնիկայի կանոնների հրահանգավորումը և այլն, իրականացնել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ»:

Սակայն, ըստ մեղադրականի, նա մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ։

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյելբերի 16-ին Նոր Հաջնում, Իսահակյան փողոցում շմոլ գազի թունավորումից մահացել էր տատիկը իր 4 թոռներով: Երեխաների հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը, որը նյութապես ապահովում էր տատիկին ու իր եղբոր երեխաներին, սակայն նրանց հետ չէր բնակվում, առավոտյան եկել է մոր տուն և հայտնաբերել է դիակները: Աղջիկները սենյակում են եղել՝ տատիկի հետ գետնին պարկած, իսկ տղաների դիակները լողասենյակում էին:

Գազի գրասենյակի աշխատակցին մեղսագրվում է այն, որ նա մի քանի անգամ այցելել է տատիկի բնակարան, սակայն չի հայտնաբերել, որ նշված բնակարանի խոհանոցում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչի ծխահեռացման անցուղում այրման արգասիքները դուրս չեն մղվում մթնոլորտ, որ քարշ չկա, որ ջրատաքացուցիչի համար շահագործվող ծխաօդատար համակարգը չի համապատասխանում անվտանգության կանոններին:

Դեպքի օրը, ըստ մեղադրականի, գազի այրման արգասիքները լողասենյակից ամբողջովին լցվել են խոհանոց, այնուհետև բնակարանի մյուս հատվածներ՝ արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր թույլատրելի սահմանաքանակը գերազանցող ածխածնի մոնօքսի /շմոլ գազի/ կոնցետրացիա, որի հետևանքով վրա է հասել ժաննա Սիմոնյանի և անչափահասներ՝ էդուարդ, Տիգրան, Սերինե և ժաննա Արմանի Միրոնյուկի մահը։

Փաստորեն, ծխահեռացման ուղիները նախատեսված են եղել լոգարանում, սակայն այլ տեղով էր միացումները տված, և նման պայմաններում մոտ 9-10 տարի այս բնակարանը սպասարկվել է: Ո՞վ է մեղավոր: Հասարակ փականագործ տեսու՞չը:

Ռոստոմ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը գտնում է, որ մեղադրանքը անհիմն է:

Ըստ նրա, Ռոստոմ Հայրապետյանը երբ վերջին անգամ 5 ամիս առաջ այցելել է Իսահակյան 2 շենքի երրորդ հարկում գտնվող բնակարան, մեղադրականում նշված թերությունները չեն եղել:

Լուսինե Զեյնալյանը համոզված է, որ գազից օգտվելու կանոնները խախտվել են բնակչի մեղքով՝ Ժաննա Սիմոնյանի, կամ նրա որդու՝ Աշոտ Մարգարյանի, որը հոգ էր տանում մոր և եղբոր 4 երեխաների համար: Առանց գազի գրասենյակին տեղյակ պահելու, ծխատար խողովակի տեղն է փոխվել։

Լուսինե Զեյնալյանը պնդում է, որ ոչ թե լողասենյակից է գազի արտահոսք եղել, այլ տատիկն ու երեխաները տաքացել են գազով: Նա ասում է, որ նկատել է, որ տատկի բնակարանում գազոջախի վրա թավա է շուռ տված եղել, ինչը նշանակում է, որ ընտանիքը գազով է տաքացել:

«Մեկ օրում 16 խմ գազ է վառվել, ըստ նախաքննության նյութերի: Եթե իրենք չէին տաքանում գազով, ապա ինչպե՞ս կարող էր գազի նման ծախս լիներ մեր օրում: Չի կարող միայն ջրատաքացուցիչով այդքան գազ օգտագործվեր: Ակնհայտ է, որ նրանք գազով են տաքացել, թավան շուռ տալով քազի «աչքի» վրա: Պարզ չ՞ի, թե ինչ կլինի, եթե թավան շուռ տաս գազի աչքի վրա ու գազը վառես: Միանգամից շմոլը կկուտակվի: Խողովակում ծխատարը տախտակով փակ է եղել, վրան տոլ քաշած ու հող լցված: Ակնհայտ է, որ դա նոր է արվել: Ազդանշանի սարքը անջատած է եղել», — ասում է Լուսինե Զեյնալյանը:

Տուժող կողմը համաձայն չի նրա փաստարկների հետ: Երեխաների հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը, ցուցմունք է տվել, որ տատիկը թավան լվացել է և շուռ է տվել գազի վրա ոչ թե տաքանալու, այլ այն չորացնելու համար:

Փաստորեն, կուժն ու կուլան ջարդվեցին տեսուչի գլխին: Նրա տունն ու հողամասը արգելանքի տակ են, իսկ երեխաների հորեղբայրը 7 մլն դրամ է ուզում ՝«ԷՅ-Ի-ԶԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունից:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest