«Դաժան և անսպասելի լուր էր»․ զոհված զինծառայողը մահացու վնասվածք էր ստացել կոկորդից

360
Աշոտ Միքայելյան

Այս գիշեր հակառակորդի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից: Արդեն մի քանի տարի էր, ինչ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող էր։ Ամուսանացած էր, սակայն դեռ երեխա չուներ։

Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց Վանաձորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը։ Վերջինս անձամբ էր ճանաչում Միքայելյաններին․

«Երկու եղբայր էին, ճանաչում էի, նորմալ ապրող շատ լավ ընտանիք էին։ Ավագ եղբայրն էլ է պայմանագրային զինծառայող։ Շատ դաժան և անսպասելի լուր էր․․․Հայրենասեր տղա էր, բոլորս էլ շատ ենք ցավում կատարվածի համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին` ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ռոզա Վարդանյան