«Ասում էր՝ աղջի, բերանդ փակի վափշե․ էս ով ես՝ ռադ եղի։ 6-7 հոգով հարձակվել էին վրես՝ ես ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել։ Շատ կոպիտ ձևով էին հետս խոսում՝ էս լիրբն ո՞վ ա։ Հայապետյանը եկավ ու ձեռնաշղթաներ բերեց, սրան հագցրեք»,-Forrights-ի հետ զրույցում Հասմիկ Սեդրակյանը պատմեց, որ ձեռնաշղթաներով մնացել է ավելի քան 5 ժամ և մինչ օրս ձեռքերի վրա կապտուկներ կան։
Հասմիկին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկել հուլիսի 21-ին, Հանրապետության հրապարակի տարածքում: Նրան են մոտեցել ոստիկանները և պահանջել, որպեսզի դիմակը կրի այնպես, որպեսզի քիթը ևս փակվի։
Հասմիկը պատմում է, որ տարածքում միայնակ է եղել և այդ շոգին՝ առողջական խնդիրների պատճառով հնարավոր չէր դիմակը կրել, բացատրել է, սակայն իրավիճակը այլ հունով է գնացել: Ոստիկանները փորձել են տուգանել, պահանջել են անձնագիր ներկայացնել, սակայն Հասմիկը տուգանքից խուսափելու նպատակով չի ըրամադրել անձնագիրը․
«Չեմ տվել, քանի որ 20 000 դրամ տուգանելու էին, ես առաքիչ եմ աշխատում մի 600 դրամ կմնա ինձ կամ չի մնա, 20․ 000-ը շատ մեծ գումար է ինձ համար։ Ես այդ դիմակը մարդկանց հետ շփվելուց, փակ տարածքում դնում եմ, սակայն բաց տարածքում, մանավանդ երբ թոքերի խնդիր ունեմ ու մենակ եմ քայլում, ինչո՞ւ դնեմ»,-ասում է Հասմիկը։
«Ոստիկաններն ինձ այնպիսի սթրեսի մեջ են գցել, որ իմ անձնագիրը պատռել եմ»,-ապտմեց Հասմիկը։ Կենտրոնի Ոստիկանության բաժնում առաջինը Հասմիկի աչքը ծակում է այն, որ ոստիկանները դիմակ չեն դրել․
«Գնացինք բաժին, տեսնում եմ ոստիկանները առանց դիմակ, փորձեցի նկարել, ոստիկանը այդ պահին քիթը դիմակով փակեց, իմ հեռախոսը վերցրեցին, անջատեցին և հինգ ժամ հետո հոգեբուժարանում նոր տվեցին»,-պատմում է աղջիկը:
Ոստիկանության բաժանմունքում առանձնացել է Հայրապետյան ազգանունով ոստիկանը, ով անընդհատ կոպիտ արտահայտություններով դիմել է Հասմիկին, վերջինիս անբարոյական անվանել սեռական բնույթի վիրավորանքներ հնչեցրել նրա հասցեին։
«Հայրապետյանը անընդհատ ինձ թափթփուկ էր ասում, կարծես թե անունս թափթփուկ լիներ, բոլորն այդպես էին դիմում։ Հայրապետյանն ինձ ասաց՝ կտեսնես, թե այստեղ ով է Աստված, և ես եմ որոշում՝ դու կգնաս կանանց գաղութ, թե կգնաս հոգեբուժարան»,-պատմեց նա։
Հասմիկը պատմեց, որ հոգեբուժարան են դիմել ոստիկանությունից, որպեսզի գան իրեն տանեն, սակայն որոշակի ժամանակ անց հենց ոստիկաններն են իրենց մեքենայով նրան տանում հոգեբուժարան․
«Ճանապարհին ոստիկանը մեքենայի մեջ առանց դիմակի է եղել»,-նկատեց նա։
Հասմիկին առանց համապատասխան փաստաթղթի տեղափոխում են հոգեբուժարան, սակայն բժիշկը հրաժարվում է ընդունել․
«Ոստիկանն էլ, թե բա՝ ստուգեք թուղթը կբերենք»,-պատմեց Հասմիկը։
Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Forrights-ին տեղեկացրին, որ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ մանրամասները պարզվում են։
«Ծառայողական քննություն նշանակելը ծաղր է՝ զուտ ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի բան չի փոխում, ինչպես կարող են նույն համակարգի ներսում իրենք իրար մեջ որոշեն մեղավորության աստիճանը, դա հիմարություն է»,- Forrights-ի հետ զրույցում, նկատեց
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, հավելելով, որ ծառայողական քննության արդյունքում ինքը ոչ մի պատասխանատվության ենթարկված անձ չի տեսել․ Իրավապաշտպանը նկատում է, որ բերման ենթարկված քաղաքացուն հոգեբուժարան տանելը հին ավանդական տարբերակներից է, երբ փորձում են անձին ստորացնել և նվաստացնել․
«Նախկինում այդպես էր, եթե չէին կարողանում ոստիկանության ներգործության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու ինչ-որ բան գտնել տանում էին հոգեբուժարան։ Սա հին, սովետական, պատժողական ներգործության միջոցն է»,-վստահեցրեց Նինա Կարապետյանցը, նշելով, որ սա այն է ինչը պետք էր սպասել այն համակարգից որտեղ իրական փոփոխություն չկա․
«Նախկինում արված տականք, ստահակ քայլերի համար երբ ոչ-ոք չի պատժվել և գնահատականներ չի տրվել այսպես էլ պետք է լիներ,-ասաց նա։
33-ամյա Հասմիկն ապրում է առանձին, ընտանքի անդամները դեպքի մասին չգիտեն,: Նա վստահեցնում է՝ պայքարելու է մինչև վերջ, որպեսզի մեղավորները պատժվեն։
Հասմիկ Սեդրակյանը միջադեպի մասին տեղեկացրել է ՄԻՊ-ին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Forrights-ին հայտնեցին, որ ընթացքի մեջ է և լրացուցիչ կտեղեկացնեն։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: