Կառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ «Վարդաշեն»-ՔԿՀ-ում

0
66
Գագիկ Խաչատրյան

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմն ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո, Խաչատրյանին անհապաղ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց․

«Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը պետք է պետությունը նախաձեռնի՝ ի դեմս այն մարմինների, որոնք դրա պատասխանատվությունն ունեն։ Նման պահանջ սահմանել է ՄԻԵԴ-ը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԻԵԴ-ը բավարարել էր Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։

Պաշտպանը հստակեցնում է՝ ընդ որում խոսքը ոչ միայն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, այլև համարժեք բուժում ապահովելու մասին է․

«Մայիսի 22-ին Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից անօրինական կարգով տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ և դրանից հետո մինչ օրս նա որևէ բուժում չի ստացել։ ՄԻԵԴ բողոքում նշել էինք, որ նա ունի վիրահատական և ֆիզիոթերապևտիկ բուժումների կարիք, ինչը հաստատվել էր հենց Առողջապահության նախարարի հրամանով իրականացված կոնսուլիումով»։

Ըստ պաշտպանի՝ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

Հունիսի 11-ին ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց ընդամենը 40 օր անց պատասխանը ստացվեց, ինչը Եվրոդատարանի համար ապշեցնող երևույթ է։ Պաշտպանական խումբն այս ամենը բացատրում է նրանով, որ Խաչատրյանի առողջական վիճակը ծանր է, ուստի նրա նկատմամբ շտապ միջակյալ միջոց է կիրառվել։

Ի հակասություն այս ամենի, Գագիկ Խաչատրյանը դեռ շարունակում է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Նրան տեղափոխելու մասին որոշում հիմնարկը չի ստացել։ Այս մասին Forrights-ին հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Մտավախություն կա՞, որ Հայաստանը չի կատարի ՄԻԵԴ որոշումը, պաշտպան Սարգսյանը վստահություն հայտնեց, որ գործը դրան չի հասնի․

«Խիստ կասկածում եմ, որ չեն կատարի ՄԻԵԴ-ի պահանջը։ Եթե չկատարեն, դա ավելի լուրջ բաների մասին կխոսի, քան հիմա ինչ-որ կատարվում է Գագիկ Խաչատրյանի գործի շուրջ»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանական խմբի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ակնարկելով, որ վերջինս էլ իր հերթին պատշաճ ուշադրություն չի հրավիրել խնդրին։

ՄԻՊ գրասենյակից Forrights-ին փոխանցեցին, որ Խաչատրյանի փաստաբանների բողոքների հիման վրա՝ աշխատակազմում քննարկման վարույթ է ընթանում, կատարվում են օրենքով նախատեսված գործողություններ։ Թե խոսքն ինչ գործողությունների մասին է, չասացին, նշելով, որ այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա կալանքի տակ է գտնվում շուրջ 11 ամիս։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here