Այսօր առավոտյան Երեւան-Սեւան մայրուղու 79-րդ կիլոմետրի վրա ավտովթարի է ենթարկվել Գավառի կրակոնցների ու «Գավառ» ԲԿ վրա տեղի ունեցած հարձակման գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը:
Նրա ավտոմեքենան հայտնաբերվել է ճանապարհից ներքև, որտեղ այն գլորվել էր, իսկ տղայի մարմինը ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները գտել են մեքենայից բավականին հեռու: Ըստ Shamshyan.com կայքի տվյալների, մարմինը մեքենայից մոտ 60 մետր այն կողմ է եղել:
Նարեկ Հովհաննիսյանը 30 տարեկան էր: Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունահեղության և հիվանդանոցի վրա հարձակման գործով մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Առաջադրված մեղադրանքը Նարեկը չէր ընդունում: Նա այն մարդկանցից էր, որոնք տաքացած, վեժով լցված այդ օրը կոտրել էին «Գավառ» ԲԿ պատուհանները և ներծուժել էին հիվանդանոց:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին մարդկանց երկու խումբ օրը ցերեկով կրակոցներ էին արձակել իրար վրա: Սպանվեցին Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը՝ Նորատուսցի արջ մականունով և Գավառի բնակիչ Զոհրաբ Պարոնիկյանը, որը քննիչ էր: Մի քանի անձ էլ հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, որտեղ երեկոյան 21-ի սահմաններում «Գավառ» ԲԿ-ում գտնվող եղբայրներ Արմեն և Խաչիկ Հայթյանները կրկնակի հարձակման ենաթրկվեցին: Հիվանդանոց ներխուժած անձինք նրանց կոկորդն էին վնասել, մի հոգու էլ ծեծի էին ենթարկել:
Նա երկու ամիս կալանքի տակ է եղել, և հունիսի վերջին փաստաբանի միջնորդությամբ ազատվել
էր կալանքից: Նարեկ Հովհաննիսյանին կալանքից ազատելու միջնորդությունը ստորագրել էին
մոտ 300 նորատուսցիներ: Դատարանը չէր երկարաձգել կալանքը, և բաց էր թողել երիտասարդին
դատարանի դահլիճից, կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին:
Նա ընդամենը 23 օր ապրեց ազատության մեջ:
Գավառում և Նորատուսում շշուկներ են տարածվում, թե ավտովթարը պատահական չէր, որ այն հատուկ կազմակերպված հաշվեհարդար է եղել:
Նրա փաստաբան Արթուր Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել այս վարկածը: «Ես Նարեկ Հովհաննիսյանի պաշտպանությունը իրականացրել եմ տվյալ գործի շրջանակներում, մնացածը ինձ չվերաբերող թեմա է»:
Բայց ձեր պաշտպանյալը մահացել է, դուք կասկածելի ոչինչ չե՞ք տեսնում; Մեր արձագանիքն ի պատասխան փաստաբանը նշեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող և հույս ունի, որ քննությունը կպարզի:
«Քննությունը կպարզի: 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս պարզելու՝ եթե ավտովթար է, պատճառը ի՞նչ կարող էր լինել. մեքենայի անսարքություն, արագության գերազանցում, թաց ասֆալտ, ինձ թվում է, այս հարցերին կպատասխանեն, ուղղակի ժամանակ է պետք», — ասաց Արթուր Հարությունյանը:
Ըստ նրա, Նարեկ Հովհաննիսյանին կալանքից ազատել են ոչ այն պատճառով, որ նրա համագյուղացիներն են ստորագրություններ հավաքել:
«Քննիչի միջնորդությունը մերժելու իրական հիմք ստորագրությունները չի դիտարկվել դատարանի կողմից: Պարզապես այդ մարդը գյուղացիների հարգանքն էր վայելում. — ասում է փաստաբանը, — դեռևս նրան կալանքի տանելուց մի քանի օր առաջ իր բարեկամներից ներկայացվեցին այս ստորագրությունները, որոնք իմ կողմից և վերաքննիչ բողոք ներկայացնելիս են կցվել, և այն ժամանակ, երբ քննչական մարմինը երկամսյա ժամկետը կալանավորման ավարտին մոտանալուն, ցանկանում էր այն երկարաձգել: Որպես փաստաբան, ի սկզբանե համաձայն չեմ եղել, թե հիմնավոր կասկածի, թե առավել ևս կալանքի հիմքերի հետ: Իմ կողմից ծավալուն առարկություն է ներկայացվել դատարան, որը կալանավորման մասին որոշումը մերժելու մեջ արծարծվել է: Հավատացնում եմ, որ եթե իրոք կալանքի ծանրակշիռ հիմքեր լինեին, որոնց մասին ներկայացնում էր նախաքննության մարմինը և որոնք այդպես էլ չներկայացվեցին դատարան, 300 համագյուղացի չէ, 15 հազար ներկայացնեին ստորագրություններ, դա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ»:
Նարեկ Հովհաննիսկանը զբաղվում էր հողագործությամբ: Նա իր պաշտպանին ասել էր, որ կալանքից ազատվելուց հետո ուզում է բանկին դիմել, վարկ ստանալ, տրակտորներ վերցնել հարմար գնով: «Այսինքն՝ ինքը ընտանիքի աշխատող տղա էր, էդ ամեն ինչից հետու», — ասում է Արթուր Հարությունյանը:
Հարցին, թե ինչպես նա այդ դեպքում հայտնվեց հիվանդանոցի վրա հարձակվողների մեջ, Հարությունյանը պատասխանեց. «էդ ժամանակ բոլորը խմբված են եղել՝ բա սենց բան ա եղել, համագյուղացիները կռիվ են արել: Հավաքվել, գնացել է բոլորի հետ ԲԿ-ի ուղությամբ, ինքը գնացողներից մեկն է եղել, ինչ էլ որ ասվել է առերեսումների ժամանակ նրա դեմ, գրեթե ամբողջությամբ հերքվեց, և հազիվ թե արժանահավատ համարվի:Օրենքը ասում է՝ զանգվածային անկարգությունների վայրում գտնվելը դեռևս չի ենթադրում հանցակազմ»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: