ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի դեմ որևէ ցուցմունք չկա, նա բացարձակ կապ չունի մյուս դատավոր Գևորգ Նարինյանի գործի հետ։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում հայտարարեց Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։
Դատավոր Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել։ Ըստ Գրիգորյանի՝ ենթադրյալ խախտումը, տեղի է ունեցել 2019 թվականի վերջից 2020 թվականի սկզբի ընթացքում: Քրեական գործը, սակայն, վերջերս է հարուցվել. պաշտպանական կողմն այդ մասին տեղեկացել է հուլիսի 14-ին, երբ ԱԱԾ-ն դատարանի շենքում խուզարկություն է իրականացրել:
Պաշտպանը չկարողացավ պատասխանել մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ հատկանիշներով է արտահայտվում դատավորի պաշտոնեական լիազորությունը չարաշահելը․
«Մենք էլ դեռ մեղադրանքի որոշումից գլուխ չենք հանում։ Միայն այն կասեմ, որ իմ վստահորդն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա այս մասին հայտնել է նաև քննիչներին, ինչից հետո էլ հարցեր չեն եղել տալու։ ԱԱԾ-ում վստահորդիս վերաբերյալ քննվող գործում արդեն իսկ առկա են նրան առաջադրված մեղադրանքի հակափաստարկները»,- նշում է Գրիգորյանը։
Պաշտպանի պարզաբանմամբ՝ խոսքը սնանկության վարույթում գտնվող մի քաղաքացու բնակարանի վեճն է, որի շրջանակում, նախքան Կուբանյանի կողմից վարույթ ընդունելը, մեկ այլ դատավորի որոշմամբ բնակարանն արդեն աճուրդի հանելու որոշում է կայացվել: Գրիգորյանի խոսքով՝ այն, ինչում մեղադրում են իր պաշտպանյալին, ոչ թե դատավորի, այլ սնանկության կառավարչի գործառույթների մեջ է մտնում.
«Ասում են՝ չի հետևել կառավարչին, որ նա հաշվետվություն ներկայացնի։ Իբր, եթե հաշվետվություններին հետևեր, կիմանար, որ բնակարանի արժեքը նույնն է մնում, չի իջնում, բայց այդ նույն բանը, աճուրդի հայտարարություն տալիս նշվել է։ Հետաքրքիրն այն է, որ սնանկության կառավարիչն էլ իր հերթին ցուցմունք է տվել՝ ասելով, որ զբաղվածության պատճառով չի կարողացել այդ հաշվետվությունը ներկայացնել»։
Օրեր առաջ դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց Արա Կուբանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու ԱԱԾ միջնորդությունը։ Ծառայությունը հիմքում դրել էր վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և անձանց վրա հնարավոր ազդեցության ռիսկերը։ Մինչդեռ, ինչպես նշեց պաշտպանը, դատական նիստին արձանագրվել էր՝ եթե չկա Կուբանյանի դեմ ցուցմունք տված անձ, ու՞մ վրա պետք է ազդի․
«Սպասելի էր դատարանի կողմից մերժման մասին որոշումը, քանի որ նրան կալանավորելու հիմքեր առկա չէին»։
Հավելենք, որ նույն օրը մեղադրանք է առաջադրվել նաև Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանին, սակայն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Նարինյանին, սակայն, միանգամից չորս հոդված էր առաջադրվել։ Նկատենք, որ ի թիվս այլնի, դատավորին է մեղսագրվում նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու հոդվածը, որով այս պահին մեղադրվում է Կուբանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Ժամեր անց ԲԴԽ-ն տվեց իր համաձայնությունը Կուբանյանի և Նարինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Հաջորդ օրը խորհուրդը կասեցրեց դատավորների լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: