Մեղադրյալը ազատվելուց 23 օր հետո վթարի ենթարկվեց. վենդետտա, թ՞ե պատահականություն

0
103
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այսօր առավոտյան Երեւան-Սեւան մայրուղու 79-րդ կիլոմետրի վրա ավտովթարի է ենթարկվել Գավառի կրակոնցների ու «Գավառ» ԲԿ վրա տեղի ունեցած հարձակման գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը:

Նրա ավտոմեքենան հայտնաբերվել է ճանապարհից ներքև, որտեղ այն գլորվել էր, իսկ տղայի մարմինը ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները գտել են մեքենայից բավականին հեռու: Ըստ Shamshyan.com կայքի տվյալների, մարմինը մեքենայից մոտ 60 մետր այն կողմ  է եղել:

Նարեկ Հովհաննիսյանը 30 տարեկան էր: Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունահեղության և հիվանդանոցի վրա հարձակման գործով մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ կամ ոչնչացմամբ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:  Առաջադրված մեղադրանքը Նարեկը չէր ընդունում: Նա այն մարդկանցից էր, որոնք տաքացած, վեժով լցված այդ օրը կոտրել էին «Գավառ» ԲԿ պատուհանները և ներծուժել էին հիվանդանոց:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին մարդկանց երկու խումբ օրը ցերեկով կրակոցներ էին արձակել իրար վրա: Սպանվեցին Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը՝ Նորատուսցի արջ մականունով և Գավառի բնակիչ Զոհրաբ Պարոնիկյանը, որը քննիչ էր: Մի քանի անձ էլ հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, որտեղ երեկոյան 21-ի սահմաններում «Գավառ» ԲԿ-ում գտնվող եղբայրներ Արմեն և Խաչիկ Հայթյանները կրկնակի հարձակման ենաթրկվեցին: Հիվանդանոց ներխուժած անձինք նրանց կոկորդն էին վնասել, մի հոգու էլ ծեծի էին ենթարկել:


Նա երկու ամիս կալանքի տակ է եղել, և հունիսի վերջին փաստաբանի միջնորդությամբ ազատվել էր կալանքից: Նարեկ Հովհաննիսյանին կալանքից ազատելու միջնորդությունը ստորագրել էին մոտ 300 նորատուսցիներ: Դատարանը չէր երկարաձգել կալանքը, և բաց էր թողել երիտասարդին դատարանի դահլիճից, կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին:

Նա ընդամենը 23 օր ապրեց ազատության մեջ:

Գավառում և Նորատուսում  շշուկներ  են տարածվում, թե ավտովթարը պատահական չէր, որ այն հատուկ կազմակերպված հաշվեհարդար  է եղել:

Նրա փաստաբան Արթուր Հարությունյանը Forrights.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել այս վարկածը: «Ես Նարեկ Հովհաննիսյանի պաշտպանությունը իրականացրել եմ տվյալ գործի շրջանակներում, մնացածը ինձ չվերաբերող թեմա է»:

Բայց ձեր պաշտպանյալը մահացել է, դուք կասկածելի ոչինչ չե՞ք տեսնում; Մեր արձագանիքն ի պատասխան փաստաբանը նշեց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող և հույս ունի, որ քննությունը կպարզի:

«Քննությունը կպարզի: 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս պարզելու՝ եթե ավտովթար է, պատճառը ի՞նչ կարող էր լինել. մեքենայի անսարքություն, արագության գերազանցում, թաց ասֆալտ, ինձ թվում է, այս հարցերին  կպատասխանեն, ուղղակի ժամանակ է պետք», — ասաց Արթուր Հարությունյանը:

Ըստ նրա, Նարեկ Հովհաննիսյանին կալանքից ազատել են ոչ այն պատճառով, որ նրա համագյուղացիներն են ստորագրություններ հավաքել:

«Քննիչի միջնորդությունը մերժելու իրական հիմք ստորագրությունները չի դիտարկվել դատարանի կողմից: Պարզապես այդ մարդը գյուղացիների հարգանքն էր վայելում. — ասում է փաստաբանը, — դեռևս  նրան կալանքի տանելուց մի քանի օր առաջ իր բարեկամներից ներկայացվեցին այս ստորագրությունները, որոնք իմ կողմից և վերաքննիչ բողոք ներկայացնելիս են կցվել, և այն ժամանակ, երբ քննչական մարմինը երկամսյա ժամկետը կալանավորման ավարտին մոտանալուն, ցանկանում էր այն երկարաձգել: Որպես փաստաբան, ի սկզբանե համաձայն չեմ եղել, թե հիմնավոր կասկածի, թե առավել ևս կալանքի հիմքերի հետ: Իմ կողմից ծավալուն առարկություն է ներկայացվել դատարան, որը կալանավորման մասին որոշումը մերժելու մեջ արծարծվել է: Հավատացնում եմ, որ եթե  իրոք կալանքի ծանրակշիռ հիմքեր լինեին, որոնց մասին ներկայացնում էր նախաքննության մարմինը և որոնք այդպես էլ չներկայացվեցին դատարան, 300 համագյուղացի չէ, 15 հազար ներկայացնեին ստորագրություններ, դա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ»:

Նարեկ Հովհաննիսկանը զբաղվում էր հողագործությամբ: Նա իր պաշտպանին ասել էր, որ կալանքից ազատվելուց հետո  ուզում է բանկին դիմել, վարկ ստանալ, տրակտորներ վերցնել հարմար գնով: «Այսինքն՝ ինքը ընտանիքի աշխատող տղա էր, էդ ամեն ինչից հետու», — ասում է Արթուր Հարությունյանը:

Հարցին, թե ինչպես նա այդ դեպքում հայտնվեց հիվանդանոցի վրա հարձակվողների մեջ, Հարությունյանը պատասխանեց. «էդ ժամանակ բոլորը խմբված են եղել՝ բա սենց բան ա եղել, համագյուղացիները կռիվ են արել: Հավաքվել, գնացել է բոլորի հետ ԲԿ-ի ուղությամբ, ինքը գնացողներից մեկն է եղել, ինչ էլ որ ասվել է առերեսումների ժամանակ նրա դեմ, գրեթե ամբողջությամբ հերքվեց, և հազիվ թե արժանահավատ համարվի:Օրենքը ասում է՝ զանգվածային անկարգությունների վայրում գտնվելը դեռևս չի ենթադրում հանցակազմ»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here