«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից բերման ենթարկված երեք անձիք ազատ են արձակվել

234

ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչների, այդ թվում նաև քանդակագործ Վիգեն ավետիսին բերման էին ենթարկել։ Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացանք, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել։

 Ոստիկանությունից մանրամասնեցին, որ «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի մոտից երեք անձ բերվել է ոստիկանության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ավելի վաղ, քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, այդ թվում ինքը, բերման են թնթարկվել՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:

Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Կրթահամալիրի և հարակից տարածքում գտնվող Երևանի թիվ 93 մանկապարտեզի միջև խնդիր է ծագել։ Խնդիրն այն է, որ մանկապարտեզը տարածքը ցանկապատելու համար` Երևանի քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել և ցանկանում է սկսել շինարական աշխատանքները:

Մանկապարտեզի անձնակազմի պնդմամբ՝ երեխաները պետք է առանձնացված և պաշտպանված լինեն, իսկ այդ տարածք մուտք են գործում օտար մարդիկ և շներ: Կրթահամալիրի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչներն այս որոշմանը դեմ են, քանի որ իրենք ամեն օր այդ ճանապարհով մի մասնաշենքից մյուսն են անցնում:

Մանկապարտեզը տարածքը ցանկապատելու Երևանի քաղաքապետարանի շինթույլտվությունը Աշոտ Բլեյանը անօրինական  է անվանում, քանի որ, ըստ նրա՝ գաղտնի են դիմել՝ թույլտվություն ստանալու, իրենց պետք է տեղեկացնեին, քննարկումներ կազմակերպեին, այս հարցով կրթահամալիրը նույնպես շահակիր է:

Աշոտ Բլեյանը ընդգծեց, որ  ճանապարհը չի կարող չանցնել մանկապարտեզի կողքով, քանի որ ընդհանուր տարածք է, նախնական այդպես է կառուցված եղել: Երկու հաստատությունների անձնակազմերի մեջ սկզբում կարծես թե համաձայնություն եղել է, բայց դա կարճ է տեւել:

Կրթահամալիրի տնօրենը մանրամասնում է, որ ճաղավանդակներ լինելու դեպքում՝ թաղամասը զրկվում է կենդանի, ամենօրյա հաղորդակցությունից: Մարդիկ կարիք ունեն՝ զբոսնելու, մի փողոցից մյուսն անցնելու, իսկ օրինակ՝ ոտքով հնարավոր չի լինի Առնո Բաբաջանյան պողոտայից անցում կատարել դեպի Րաֆֆու փողոց: Նրա խոսքով՝ այդպես այդ տարածքի առանց այդ էլ անհարմարավետ թաղամասերը դառնում են անտանելի:

  Կրթահամալիրի տնօրենը խնդրի լուծման համար 3 առաջարկ  է ներկայացրել՝

  1. Կասեցնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 նախադպրոցական ուսումնական հաստատության եւ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի սահմանով շինարարության թույլտվության գործադրումը:
  2. Սարալանջով ստեղծված անցուղին բարեկարգել մինչեւ Րաֆֆու փողոց և Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ դարձնելով անցումն անվտանգ:
  3. Վերացնել ինքնաշեն ճաղավանդակները համայնքային ենթակայության թիվ 93, թիվ 76 մանկապարտեզների եւ կրթահամալիրի Հյուսաիսային-դպրոց պարտեզի միջեւ:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ մանկապարտեզին շինթույլտվություն տրվել է, քանի որ հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, որոնք ներկայացրել է մանկապարտեզի անձնակազմը, սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենի կողմից ներկայացված փաստարկները ևս լսելի են: