ԱՆ Քրեակատարողական ծառայության նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանն արդեն հինգ տարի է պայքարում է իր իրավունքների վերականգման համար։
40-ամյա տղամարդը պնդում է, որ ծառայությունն իր հասանելիք մոտ 107 հազար ՀՀ դրամ արձակուրդային գումարը չի վճարել մինչ օրս․
«Ծառայության նախկին պետ Արթուր Օսիկյանն իր երեք տարվա պաշտոնավարման ընթացքում քրեակատարողականի ծառայողներին արձակուրդային գումարները լիարժեք չի վճարել։ Իմ հաշվարկներով մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար է տնտեսվել, ինչը ծախսվել է անհայտ նպատակների համար։ 33 տարեկանից մայոր եմ, այդ պաշտոնում ինձ թողեցին երկու տարի, այդ ընթացքում հասցրել եմ բացահայտել այնպիսի արարքներ, որոնք իրենց մեջ հանցակազմ են պարունակում»,- Forrights-ին է ահազանգում Էդգար Հովհաննիսյանը։
Ըստ քաղաքացու՝ 2015-ին իր ամենամյա արձակուրդը կազմում էր երեսուն օր, որի համար վճարվել էր միջին աշխատավարձի չափով՝ ընդամենը 249 հազար դրամ։ Էդգարի խոսքով՝ ակնհայտ է, որ ծառայությունը, խախտելով օրենսգրքի պահանջները, չի վճարել ինը օրվա համար համապատասխան գումարը՝ 106 հազար 745 դրամ։
Հովհաննիսյանի վկայակոչած նորմը՝ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ 1-ին մասն է, համաձայն որի՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով․
«Սա հանցագործություն է, որը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով՝ նախագահի և վարչապետի։ Ուժային կառույցների մի շարք ստորաբաժանումներ չեն ստանում իրենց հասանելիք արձակուրդային գումարները։ Այդ ինչպե՞ս պետք է ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պայքարի կոռուպցիայի դեմ, երբ հենց իրենք են ենթարկվում կոռուպցիայի։ Ստացվում է, գումարը բյուջեից տրամադրվում է գերատեսչություններին, սակայն չի հասնում հասցեատերերին։ Խնդիրն ավելի գլոբալ և խորն է, քան առաջին հայացքից կարող է թվալ»,- նշում է նախկին գլխավոր մասնագետը։
Խնդրի վերաբերյալ դեռևս 2016 թվականին Էդգարը դիմել էր դատարան, երկու տարի քաշքշուկից հետո, վճիռն իր օգտին է կայացվել։ Քաղաքացիական դատարանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հօգուտ Հովհաննիսյանի բռնագանձել 1.174.239 ՀՀ դրամ և 100.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար:
Պատասխանող կողմը, սակայն, բողոքարկել է վճիռը և գործը շահել։ Վճիռը բեկանվել է և Էդգարը կրկին ձեռնունայն է մնացել։ Տուժողը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն կրկին մերժվել՝ «հանցակազմի հատկանիշները բացակայում են» պատճառաբանությամբ։
Էդգարը խնդրի մասին բարձրաձայնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորներ Արեն Մկրտչյանի և Էդուարդ Աղաջանյանի, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մոտ։ Մինչ հեղափոխությունը բոլորն էլ խոստացել են խնդրին անդրադառնալ և լուծում տալ, սակայն «ընտրություններից հետո դարձան անհասանելի»։
Այսօր Էդգարը շարունակում է իր խախտված իրավունքները վերականգնել։ Նա այս պահին ազատված է ՔԿԾ-ում իր պաշտոնից, ըստ նրա՝ ապօրինի կերպով կրճատվել է․
«Արձակուրդիս ժամանակ ասեցին, որ աշխատանքի գալուս առաջին օրը հենց ազատված եմ աշխատանքից, սակայն ըստ Աշխատանքային օրենսգրքի, ինձ պետք է երկու ամիս առաջ տեղեկացրած լինեին։ Երևի ձեռք չէր տալիս ինձ նման աշխատակից ունենալ իրենց շարքերում»,- կարծիք է հայտնում Էդգարը։
Քրեակատարողական ծառայությունը, այնինչ այլ մանրամասներ է ներկայացնում։ Կառույցը պարզաբանում է, որ Հովհաննիսյանը չի ազատվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, այլ միայն զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՔԿԾ կադրերի ռեզերվում` հետագայում այլ պաշտոնի նշանակվելու համար․
«Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում Հովհաննիսյանին առաջարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների առաջատար խմբի տարբեր պաշտոններ, որոնցից նա հրաժարվել է: Բացի վերոնշյալից, առաջին չորս ամիսների համար վճարվել է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը»:
Անդրադառնալով իրեն հասանելիք արձակուրդային գումարների, ՔԿԾ-ն նշում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի 778 որոշման 15.1 կետի` արձակուրդում գտնված օրերի համար Հովհաննիսյանին վճարվել է ամսական աշխատավարձի չափով` (249085(30*30)դրամ)․
«Ուստի, Էդգար Հովհաննիսյանի պնդումը, որ իրեն պետք է վճարվեր 355830 դրամ, անհիմն է»,- ասվում է ծառայության պարզաբանման մեջ:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: